ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում. առանց իդեալների երիտասարդություն
ՀՀ-ն ըստ պաշտոնական քաղաքականության շարժվում է ժողովրդավարության ճանապարհով:
Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է ընթանում, պետությունը ստանձնել է մի շարք
պարտավորություններ ԵԽ (ինչու՞ ոչ իր քաղաքացիների) առջեւ: Փոփոխություններ են
մտցվել ՀՀ հիմնական օրենքում և օրենսդիրը լծվել է օրենսդրական ստեղծագործ
աշխատանքի:
Ժողովրդավարության գաղափարն, իր հերթին սերտորեն փոխկապակցված է քաղաքացիական
հասարակության գաղափարին: Միայն ծույլը հիմա չի շահարկում քաղաքացիական
հասարակություն «ստեղծելու» կոչը:
Սոցիալական ազատության իդեալն իր կոնկրետ հասարակական մարմնավուրումը գտնում է
քաղաքացիական հասարակության` որպես ազատ անձերի, պետությունից և իր ինստիտուտներից
անկախ գործող միավորումների գաղափարում: Քաղաքացիական հասարակության նախապայմանն է
անձի «սուվերենիտետի», մարդու իրավունքների և ազատությունների գաղափարը: Ակնհայտ է,
որ այս գաղափարը չի տեղավորվում «պետություն-հասարակություն» հակադրման շրջանակների
մեջ: Ըստ իս, հենց այս կետը քաղաքացիական հասարակության մասին մեր ունեցած
պատկերացումների աքիլեսյան գարշապարն է:
Ինձ համար միշտ մնում է զարմանալի, որքան լայն ճանապարհ է հարթել իր համար
հասարակության, պետության և քաղաքացիական հասարակության հիմնահարցերի վերաբերյալ
անիմաստ պոլեմիկան: Այն պարզ միտքը, որ հասարակությունը պետք է ընտրի իր համար
նախընտրելի իշխանություն, որ նա է պետություն ձեւավորողը, հաճախ մոռացության է
մատնվում:
Հասարակության ներկայացուցիչներից հաճախ կարելի է լսել` եկեք ավելի շատ շփվենք
պետական պաշտոնյանների հետ: Դա ինձ թվում է անհեթեթ: Եկեք այլ կերպ ձեւակերպենք
հարցը. ամեն մեկս թե’ հասարակության ներկայացուցիչ է, թե պետության:
Հասարակությունը գոյություն ունի այն դեպքում, եթե նա ունակ է ձեւավորել իր համար
պետական ինստիտուտների նորմալ համակարգ: Եվ հասարակության շահերը պետք է լինեն ամեն
մի օրինական իշխանության ծրագրում, և ոչ թե քաղաքական ուժերը օգտագործեն
հասարակությանը իրենց ծրագրերի իրագործման համար:
Եթե մեկ նախադասությամբ ասենք. քաղաքացիական հասարակությունը գոյություն ունի այն
դեպքում, եթե նա կորող է ստիպել իշխանությանը իրագործել հասարակության շահերը,
հասարակության ծրագրերը և ոչ թե ենթարկվի քաղաքական ուժերին:
Քաղաքական էլիտայի գայթակղվելը «քաղաքական» պայքարով, գործադիրի թուլությունը,
կոռուպցիան և օրենքի պայմանական լինելը ուժեղացնում են հասարակության մեջ տարերային
տրանսֆորմացիայի գործընթացները, որոնք ոչ մի վերահսկողության չեն ենթարկվում: Այս
ամենը հանգեցնում է հասարակության «ատոմիզացիայի», և որպես վերջնական հանգրվան`
ազգային-սոցիալական ինքնության և ընդհանրության զգացման անվերադարձ կորստի:
Հասարակությունը, որը հնարավութություն չունի ձեւավորել իր շահերին ծառայուղ
իշխանություններ, հետզհետե կորցնում է «պետություն-հասարակություն-ազգ» շղթայի
տրամաբանությունը, և ամեն անձ սկսում է իրեն և իր ներուժն իրագործել միայն
«անձ-ընտանիք-նպատակահարմարություն» շղթայի մեջ:
Դժվար չէ նկատել այն հետեւանքները, որ այս ճանապարհին սպասում են ամ են մի ազգի:
Իսկ եթե ազգը փոքրաքանակ է, ապա հետեւանքներն ուղղակի ողբերգական են: Մենք չենք
ասում, թե «կլինեն ողբերգական», քանի որ դա կանխատեսում չէ, այլ արդեն իրողություն:
Իհարկե, կա մի եզրագիծ, մի սահման, որին դեռ երեւի չենք հասել, երբ հասարակության
մեջ եղած մենտալ փոփոխությունները դառնում են պետության և ազգի կոլլափսի
պատճառներից մեկը: Սակայն մենք այդքան ել հեռու չենք գտնվում այդ սահմանից. արդեն
վաղուց են հուշում մեզ սոցիոլոգները, որ երիտասարդության ապաքաղաքական լինելն այն
բնորոշ գոծոններից է, որը պետք է որ անհանգստացներ քաղաքական գործիչներին: Սակայն
վերջիններս մեծավմասամբ շատ գոհ են թե’ իրենց կողմից վարած «երիտասարդական»
քաղաքականությունից, թե’ իրենց կուսակցությունների շարքերում ինչ-որ քանակությամբ
տեղ գտած երիտասարդ մարդկանց գաղափարական մակարդակից: Ես դեռ չեմ լսել, որ երբեւէ
կուսակցություն իր անհանգստությունը հայտնի այն միտման համար, որ մեր
երիտասարդությունը իր հույսերը կապում է միայն սեփական ակտիվության հետ և որեւէ
հույսեր չի կապում պետության կամ որեւէ քաղաքական ուժի հետ:
Երկրորդ վտանգը ես տեսնում եմ այն իրողության մեջ, որ որոշ
քաղաքականապես ակտիվ երիտասարդներն, առավել ազգայնական գաղափարներ հնչեցնող
կուսակցություններին են համարում ազգային կուսակցություններ: Դա եւս մի փաստ է, որը
տագնապ է առաջացնում: Այսինքն, ազգային ինքնության զգացմունքը չի բացառում առողջ
ազգային մտալածելակերպը, բայց ազգայնականությունը պոպուլիզմի հետ` «դվա վ օդնոմ»,
այն էլ մեզ համար և մեր պայմաններում ընդունում է ոչ այնքան առողջ բնույթ: Առաջ են
գալիս արխայիկ պատկերացումների ամրապնդումը եւ վերակենդանացումը` հասարակական
զարգացումների ցանկալի ուղիների վերաբերյալ, ինչը հեշտությամբ օգտագործվում է
քաղաքական ավանտյուրիստների կողմից. Այդպիսի երիտասարդությունը հեշտությամբ
քաղաքական զանազան մանիպուլյացիաների առարկա է դառնում:
Կարելի է, իհարկե, հանդիմանել, թե քաղաքական զ մանիպուլյացիաների առարկա է դառնում
նախ և առաջ քաղաքականապես խակ կամ լիբերալ ծայրահեղության մեջ ընկած
երիտասարդությունը, ինչը ակնհայտ կերպով երեւաց Վրաստանում և Ուկրաինայում տեղ գտած
«հեղափոխական» շարժումների ընթացքում: Կարծում եմ, որ այդ գործընթացների
հեղաշրջումներ էին միայն, այն էլ տնտեսական և ռազմաքաղաքական բնույթի: Այդ
պետությունների երիտասարդությունը մեծ ոգեւորությամբ կատարեց նոր էլիտայի պատվերը,
իսկ այդ վերջինը լիովին բխում էր այդ երկրներում և տարածաշրջաններում իրենց սեփական
ազգային շահերն ունեցող և իրագործող որոշ գերտերությունների շահերից:
Միտքս այն է, որ ապաքաղաքական և անտարբեր, կամ քաղաքանապես անկիրթ
երիտասարդությունը պետք որ լինի մեր մտահոգության առարկան. որպեսզի նա ոչ թե
քաղաքականության առարկա` այսինքն օբյեկտ լինի, այլ սուբյեկտ: Մեր անհոգությունն այս
հարցում աններելի է: Մտածելով, որ գործը «գլուխի կգա» ինքնաբերաբար, «բնականոն»
կերպով, մենք ընկնում ենք քաղաքական միամտության գիրկը, որը ապագայում մեր վրա շատ
թանկ կնստի:
Ծագում է «ի՞նչ անել» հարցը, իսկ ավելի ճիշտ` հարցադրումը: Մեկ անձի կողմից տրված
բաղադրատոմսով հնարավոր չէ առաջնորդվել, որ այս հարցի կարգավորման համար գտնվի գործողությունների մի ոչ դեկլարատիվ, այլ ռեալ, իրատեսական ծրագիր:
Ուստի հետաքրքիր կլիներ իմանալ այս մտահոգություններս կիսող գործընկերների
կարծիքները: Կարծում եմ, որ հարցի լայն քննարկման անհրաժեշտությունը վաղուց է
հասունացել:
