ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական արշավ ընդդեմ ՀԿ-ների
Հանրահայտ փաստ է, որ սառը հոսանքները Ռուսաստանից են գալիս Հայաստան։ Սակայն մեր
երկրները միմյանց հետ կապված են ոչ միայն մթնոլորտային հոսանքներով, այլեւ
ճակատագրով, գազամուղով եւ ռազմական գործընկերությունով։ Պարզվում է, որ Հայաստան
հասարակական եղանակն էլ որոշվում ՌԴ-ում։

Հունվար եւ փետրվար ամիսներին Ռուսաստանում սկսվեց իսկական վհուկների որս, որոնց
թիրախը դարձան ոչ միայն արտասահմանյան լրտեսները, այլեւ իրավապաշտպան
կազմակերպությունները։ Ռուսական անվտանգության ծառայությանը հաջողվեց վնասազեռծել
խիստ վտանգավոր լրտեսական մի սարք, որը բրիտանացի գործակալները թաքցրել էին հասարակ
մի քարի մեջ։ Դրանից հետո հանկարծակի պարզվեց, որ բրիտանացի լրտեսը ոչ միայն
արհեստական քարերով փորձում էր խոչընդոտել Ռուսաստանի լուսավոր ապագան, այլեւ
ՀԿ-ներին դրամաշնորհներ էր մատակարարում, որոնց գործունեություը ներկայացվեց իբրեւ
խիստ կասկածելի։ Ռուսական ազատ եւ անկախ մամուլում հանկարծակիորեն հուժկու ամպրոպ
ամպրոպ հոխորտաց ընդդեմ իրավապաշտպանների, որոնք հանուն մի քանի հազար դոլարի
պատրաստ են ոչ միայն մարդկանց իրավունքները պաշտպանել, այլեւ, որպես դրա հետեւանք,
ծախել Հայրենիքը։
Մի քանի օր անց «Իրավունք» թերթը տեղեկացրեց , որ ըստ ազգային անվտանգության
ծառայությանը մոտ կանգնած աղբյուրի, ռուսական հատուկ ծառայությունները ՀՀ ԱԱԾ-ին են
փոխանցել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների ցուցակը, որոնք
փաստացի կառավարվում են ամերիկյան կամ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից,
ինչպես նաեւ ուշագրավ օպերատիվ տվյալներ նրանց գործունեության մասին:
Մի քանի օր անց տեղական հեռուստատեսություններով ցուցադրվեց ՀԿ-ների «իրական
դեմքին» նվիրված հաղորդում։ «Արմենիա», «Արմնյուս» եւ «ԹՎ 5» հեռուստաալիքների
եթերում մենք վերջապես տեսանք մեր տեղական լրտեսների դեմքերը։ Երեւանի մամուլի
ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հստակ մատնանշեց ազգի դավաճաններին, որոնց
այնուհետ ցուցադրեցին զայրացած եւ ազգային տեսլականներով ներծծված
հեռուստադիտողներին։
Իհարկե, սյուժեն անխնա եւ միտումնավոր մոնտաժի էր ենթարկվել։ Բորիս Նավասարդյանի եւ
մնացած «գրանտակերների» խոսքերը կտրտվել էին՝ ելնելով առաջադրանքից, եւ արդյունքում
ձեռք բերել հակառակ,եւ ամենաքիչը՝ կասկածելի իմաստ։ Հարցազրույցները պատրաստած
լրագրողը ներկայացել էր որպես «Արմենիա» հեռուստաընկերության օպերատիվ թղթակից, իսկ
սյուժեն ցուցադրվել էր եւս երկու եղբայրական ալիքներով: Նպատակն էր այնպես
ներկայացնել «իրականությունը», որպեսզի հասարակությունը գիտակցի վտանգի ողջ չափը եւ
պահի պատմականության աստիճանը։ «Մեր թշվառ եւ անտեր Հայրենիքին» սպառնում են
ուրացող ՀԿ-ները եւ դրանց թիկունքին կանգնած մութ ուժերը։
Վրաստանայն դավադիր Վարդե հեղափոխությունից հետո մեր մամուլը արդեն իրականացրել էր
կանխարգելիչ քարոզարշավի առաջին փուլը, ուր ՀԿ-ները եւ դրանց ղեկավարները
ներկայացվում էին որպես «գրանտակերներեր»։ Իսկ այժմ մեղադրանքները ավելի են
ծանրանում։
Այն, որ հեռուստասյուժեն պատահականություն չէր, ապացուցում է ոչ միայն այն փաստը,
որ եթերում դա անընդմեջ կրկնվում էր երեք օր շարունակ։ Մի քանի օր անց
անսպասելիորեն նման ինքնատիպ մտքեր հայտնվեցին անկախ «Նովոյե Վրեմյա» եւ «Հայոց
Աշխարհ» օրաթերթերում։
Իհարկե, լրագրողները մոռացան այն փաստը, որ Հայաստանում պետական չինովնիկները,
անգամ ռազմական գործիչները արեւմտյան կազմակերպություններից եւ հիմնադրամներից
նույնպես ստանում են տասնապատիկ ավել գումարներ։ Բնականաբար, նրանք ուտում են
հանուն Հայրենիքի։
Ընդդեմ ՀԿ-ների նման քարոզարշավների քանակը, ամենայն հավանականությամբ,
երկրաչափական պրոգրեսիայով կզարգանան։ Հայաստանում նախընտրական տարին արդեն սկսվել
է եւ իշխանությունները արդեն ձեռնամուխ են եղել կասեցնելու բոլոր հնարավոր
հասարակական ընդվզումները։ Ինչպես ասում են, վարակի բացիլները պետք է սաղմնային
վիճակում ոչնչացվեն։ Նույն գործընթացի զուգահեռ զարգացումներից մեկն էլ ԲՈՒՀերում
կատարվող ձեւափոխումներն են։ Իշխանությունները ձգտում են վերահսկել նաեւ
ուսանողությանը, որն իրենից ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել, քան վիրտուալ
իրականություն հիշեցնող քաղաքական ընդդիմությունը։
Այս տենդենցի հաջորդ տրամաբանակ քայլը պետք է լինի ինտերնետի վրա վերահսկողություն
հաստատելը։ Բոլորս ենք հասկանում, որ ինտերնետի ազատական ու անվերահսկելի կեցվածքը
չի համապատասխանում մեր ազգային նկարագրին եւ ութ հազար տարիների ընթացքում
ձեւավորված ավանդույթներին։
