ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտահրավեր Եվրոպային
Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը թուրքական շրջաններին դրդել է
այս տարի հանդես գալ հակազդման աննախադեպ և խիստ արտառոց միջոցներով, որոնք իրենցից
այլ բան չեն ներկայացնում, քան մարտահրավեր եվրոպական հասարակայնությանը։

Թուրքիայի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախկին նախագահներ
Դեմիրելի և Դենկտասի հովանավորությամբ վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ մի
համաժողով «Հայոց ցեղասպանության կեղծիքի վերաբերյալ»։ Այդ համաժողովում որոշում
ընդունվեց սկսել սկսել մի մեծ քարոզարշավ «2006 թ. մեծ ծրագիր – Հայոց
ցեղասպանության կեղծիքը» խորագրով։ Նախաձեռնությունը ցուցաբերեց այսպես կոչված՝ «Կարմիր խնձորների կոալիցիան», որին անդամակցում են թուրքական Աշխատավորական
կուսակցությունը, քեմալականները և պահպանողական ու ազգայնամոլական մի շարք
խմբավորումներ։
Այդ քարոզարշավի նպատակն է եվրոպական մայրաքաղաքներում, հիմնականում Բեռլինում
գտնվող՝ թուրքական ծագում ունեցող ներգաղթածներին և նրանց ընկերություններին
կազմակերպել՝ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ հակաշարժում ստեղծելու
և այդ կերպ եվրոպական պետությունների և հասարակայնության վրա ճնշում գործադրելու
համար, որոնք, ըստ քարոզարշավի կազմակերպիչների հայտարարության, պետք է հրաժարվեն
հայոց ցեղասպանության՝ պնդումներից և ընդունված բանաձևերից՝ ընդունելով թուրքական
պետության պաշտոնական տեսակետները։
Չնայած Թուրքիայի կառավարության ներկայիս ղեկավարը և արտգործնախարարը հայտարարել
են, որ իրենք չեն հարում այդ ծրագրին, այնուհանդերձ ակներև է, որ նախաձեռնությունը
ի հայտ է եկել պաշտոնական Թուրքիայի դրդմամբ և հովանավորությամբ։ «Կարմիր խնձորների
կոալիցիայի» կոչը, ի թիվս այլոց, ստորագրել են նաև կառավարությանը մոտ կանգնած
DITIB կրոնական կազմակերպությունը, ինչպես և թուրք սոցիալ-դեմոկրատները և թուրք
ծնողների մի ընկերություն։ Քարոզարշավը ղեկավարելու համար Թուրքիայում և տարբեր
եվրոպական պետություններում ստեղծվել են «Կազմակերպական կոմիտեներ»։ Եվրոպայում այդ
քարոզարշավի ներկայացուցիչ է ընտրվել Աշխատավորական կուսակցության նախագահի
տեղակալը՝ Մեհմեդ Բեդրի Գյուլտեկինը։
Գերմանիայում, որտեղ պլանավորվել են ամենակարևոր միջոցառումները,
«գործողությունների կոմիտեի» անդամներ են ընտրվել Թահսին Բայարը (Գերմանիայում
թուրքական ընկերությունների կազմակերպական միության նախագահ), դր. Յավուզ Դեդեգիլը
(Քեմալ Աթաթուրքի գաղափարների պաշտպանության ընկերությունների միության նախագահ),
Թակետին Յատկինը (Բեռլինում թուրքական համայնքների նախագահ) և Ալի Մերկանը (Ազգային
հեռուստատեսության ծրագրի՝ եվրոպայի ներկայացուցիչը)։
Բեռլինում պլանավորված գործողությունները պետք է կազմակերպվեն և իրականացվեն
«Բեռլին – Թալեաթ փաշայի շարժում» կարգախոսի ներքո։ Ինչպես տեղեկացվել է նրանց
կոչերում և ինտերնետային էջերում, Բեռլինում ծրագրվել են հետևյալ միջոցառումները.
- 2006 թ. մարտի 15-ին, չորեքշաբթի օրը Թալեաթ փաշայի սպանության վայրում
հանրահավաք, նրա հիշատակի մեծարում և ծաղկեպսակի տեղադրում անմիջական մերձակայքում,
Հարդենբերգի փողոցի վրա գտնվող՝ նացիոնալ-սոցիալիզմի զոհերին նվիրված հուշարձանի
մոտ։ - 2006 թ. մարտի 18-ին, շաբաթ օրը, մի զանգվածային ցույց և հանրահավաք «Վերջ տալ
հայոց ցեղասպանության կեղծիքին» կարգախոսով։ Հավաքատեղին է Էռնստ Ռոյթերի
հրապարակը/Հունիսի 17-ի փողոցը, իսկ ցույցի վայրը՝ քարե հրապարակին հարող հատվածը։ - 2006 թ. մարտի 19-ին, կիրակի օրը Բեռլինում «Թալեաթ փաշային նվիրված գիտաժողով»։
Վերոնշյալ միջոցառումներին, ըստ կազմակերպիչների, պետք է մասնակցեն ոչ միայն բոլոր
եվրոպական պետություններում բնակվող թուրք միգրանտները, այլև Թուրքիայից եկած
թուրքեր։ Այդ միջոցառումների իրականացման, «զանգվածներին» Բեռլին տեղափոխելու համար
պետք է հատկացվեն ավտոբուսներ, գնացքներ և այլ փոխադրամիջոցներ։ Ըստ
կազմակերպիչների հայտարարության, նրանք մտադրվել են Բեռլին տեղափոխել մոտավորապես 4
միլիոն «թուրքերի»։
Կազմակերպիչները եվրոպական քաղաքական գործիչներից և հասարակայնությունից պահանջում
են հրաժարվել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունից։ Այդ առնչությամբ նրանք
իրենց կոչում հետևյալ սպառնալիքն են հայտնում. «Եթե եվրոպական մայրաքաղաքները չեն
ուզում այնպիսի պայմաններում հայտնվել, ինչպես Փարիզն է, պետք է վերջ տրվի
Թուրքիայի հանդեպ անարդարացի և նվաստացուցիչ վարքագծին»։ Սա եվրոպական
պետությունների պառլամենտներին ուղղված բացահայտ սպառնալիք է։ Եթե նրանք շարունակեն
ճանաչել հայոց ցեղասպանությունը, ապա ըստ քարոզարշավի կազմակերպիչների, «թուրքերը»
այդ պետությունների մայրաքաղաքներում նույնը կանեն, ինչ վերջերս արվել էր Փարիզում։
ԻԻնչ, մասնավորապես, «Վերցրու քո դրոշը և արի Բեռլին» կարգախոսի ներքո իրականացվող
Բեռլինյան միջոցառումներին է վերաբերում, ապա «Կարմիր խնձորների կոալիցիան»
գերմանական կառավարությունից պահանջելու է
- Հրաժարվել հայոց ցեղասպանության վերաբերյալ անցյալ տարվա հունիսի 16-ին
ընդունված բանաձևից. - Գերմանիայում վերջ տալ թուրքերի հանդեպ թշնամանքին,
- Դասագրքերում տեղ չհատկացնել հայոց ցեղասպանության լուսաբանմանը, որոնք նրանք
համարում են «կեղծիքներ»։
Դեռ փետրվարի վերջին և մարտի առաջին օրերին Բեռլինի ներքին գործերի սենատոր Էրհարթ
Կյորտինգին (սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ) ուղվեցին մի շարք
ողջախոհ կոչեր՝ այդ միջոցառումները, որոնք իրականում ժոողվրդավարական բացախոսության
հետ ոչ մի կապ չունեն և հղի են անկարգությունների անկանխատեսելի վտանգներով,
արգելելու համար։ Բեռլինի երկրամասային պառլամենտի՝ Ժողովրդավարական սոցիալիզմի
կուսակցության ֆրակցիայի՝ միգրացիայի քաղաքականության հարցերով խոսնակ Գյուասետին
Սայանը, օրինակ, իր՝ փետրվարի 25-ի մամլո ասուլիսում Բեռլինի ներքին գործերի
սենատորին ոչ միայն կոչ է արել արգելել թուրք նացիոնալիստների՝ մարտի 18-ին
ծրագրված ցույցը, այլև պահանջել է արգելման ենթարկել թուրքական Աշխատավորական
կուսակցության գործունեությունը Բեռլինում։ Ինչպես տեղեկացվում է «Berliner
Morgenpost»-ի ս. թ. փետրվարի 24-ի համարում, դրանից մեկ օր առաջ, փետրվարի 24-ին,
Բրյուսելում Եվրոպական պառլամենտի գերմանացի պատգամավոր Մարկուս Ֆեբերը
(Քրիստոնեական սոցիալական միությունից) նույնպես կոչ էր արել արգելել թուրքական
երթը Բեռլինում։
Ներքին գործերի սենատորը սկզբում տեղեկացրել էր, որ կշռադատում է ցույցի արգելման
խնդիրը՝ չբացառելով, որ այն կարող էր թույլատրվել՝ ոստիկանության կողմից ցույցի
կազմակերպիչներին գործողությունների որոշակի սահմանափակումներ առաջադրելու
պայմանով։ Ինչպես, սակայն, երեկ տեղեկացնում էր բեռլինյան մամուլը, սենատորը հակված
է ցույցը թույլատրելու, քանի որ դրա արգելման ծանրակշիռ դրդապատճառներ չի տեսնում։
Գերմանիայում, անշուշտ, ազգայնականների ցույցերը չեն արգելվում, սակայն, պետք է
նկատի առնել, միանշանակորեն արգելվում են այն ցույցերը և հանրահավաքները, որոնց
նպատակն է հարգանքի տուրք մատուցել կամ մեծարել հրեական ցեղասպանությունը
կազմակերպած կամ իրագործած անձանց։ Արժե, թերևս, սենատորին կամ Երևանի գերմանական
դեսպանությանը հարցում ուղղել, թե այդ դեպքում ինչպե՞ս է թույլատրվում Բեռլինում
հրապարակայնորեն մեծարել մեկին, որը հենց իր հայրենիքում որպես ոճրագործ և
մարդասպան մահվան է դատապարտվել։
Ինչևէ, եթե հիշենք անցյալ տարվա, դեպքը, երբ նացիստների զոհերին նվիրված մի
հուշարձանի մոտ Թալեաթի մահվան օրը ծաղկեպսակ էր դրվել, ապա պարզ կդառնա, որ
ներկայումս դժվարին իրավիճակում հայտնված Բեռլինի իշխանությունները քաղում են
սեփական սխալի պտուղները։ Այդ դեպքի առնչությամբ ականավոր հայագետ, «Ճանաչում»
աշխատանքային հանձնախմբի նախագահ, դր. Թեսսա Հոֆմանը, միանգամայն ծանրակշիռ և
ստույգ հիմնավորումներով դատավարություն էր բացել Բեռլինի թուրքական համայնքի
նախագահի դեմ, որին պատկանում էր վերոնշյալ նախաձեռնությունը, սակայն դատարանը
մեղադրանքը անհիմն համարեց։ Եթե այդ արարքը դեռ նախորդ տարի պատժվեր, ապա
իրադարձություններն այսօր նման ընթացք չէին ստանա։
Երեկ հայտնի դարձավ, որ շվեյցարական պառլամենտի Շվեյցարիա-Հայաստան պառլամենտական
խմբակցությունն իր հերթին Բեռլինի ներքին գործերի սենատորին Շվեյցարիայի գերմանական
դեսպանի միջոցով մի տեղեկագիր է փոխանցել, որտեղ պարզաբանել է, թե ցույցի
կազմակերպիչները մինչ այդ ինչպիսի գործունեություն են վարել Շվեյցարիայում և կոչ է
արել արգելել նրանց ցույցը Բեռլինում՝ որոշակիորեն հիմնավորելով, թե ինչու դա պետք
է արգելվի։
Մնում են հաշվված օրեր մինչև Թալեաթի՝ իբրև «թուրք ազգի հերոսի և նահատակի» «մաքրագործումը», և զանգվածային ցույցի իրականացումը։ Դեռևս պարզ չէ, այդ
միջոցառումներն արդյոք կարգելվեն, թե ոչ։ Թուրք նացիոնալիստների գործողությունների
դեմ, սակայն, արդեն որոշակի նախաձեռնություններով հանդես են եկել նաև մարդու
իրավունքներով և հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով զբաղվող
կազմակերպություններն ու անհատները։ Հասարակայնությանն ուղղված համապատասխան
պարզաբանումներով և կոչերով են հանդես եկել Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող՝
Ցեղասպանության հակառակորդների միությունը և Մարդու իրավունքների քրդական
միջազգային կենտրոնը։ Իսկ դր. Թեսսա Հոֆմանի կողմից ղեկավարվող՝ Բեռլինի ճանաչում
աշխատանքային հանձնախումբը նախատեսել է «Գերմանիայում ժողովրդասպաններին չմեծարե՛լ»
կարգախոսի ներքո մարտի 15-ին, ժամը 10։00-ից 14։00 ընկած ժամանակահատվածում
կազմակերպել ցույց Հարդենբերգի փողոցին հարող քարե հրապարակի մոտ, որտեղ գտնվում է
նացիոնալ սոցիալիզմի զոհերին նվիրված վերոնշյալ հուշարձանը, և բացի այդ, մարտի
18-ին՝ թուրք նացիոնալիստների կողմից նախատեսված զանգվածային ցույցի օրը, ծրագրել է
«Հիշելու դժվարությունները – Հայոց ցեղասպանությունը» նշանաբանի ներքո իրականացնել
հետևյալ տեղեկատվական միջոցառումները. Ժամը 11-ին մամլո ասուլիս, որի ժամանակ
ելույթ են ունենալու դր. Թեսսա Հոֆմանը, թուրք գրող Դոգան Ակհանլին, Քրդական
հետազոտությունների եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Սիամենդ Հայոն և «Ապաշխարում,
խաղաղաբեր ծառայությունների ակցիա» կազմակերպության ներկայացուցիչ Ուլլա Քուկսը։
Ժամը 14։00-ին շրջագայություն հայ-գերմանա-թուրքական փոխառնչությունների
պատմությանը վերաբերող՝ պատմամշակութային նշանակություն ունեցող վայրերում,
մասնավորապես Բեռլին-Շառլոտենբուրգ թաղամասում, որտեղ Սողոմոն Թեհլերյանի կողմից
գնդակահարվել է Թալեաթը։ Երեկոյան նախատեսված է թուրք գրող Դոգան Ակհանլիի «Ճամփորդություններ և մղձավանջներ» անվանումը կրող ընթերցումը, որի ժամանակ
կներկայացվեն հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղվածքներ թուրքական
գրականությունից։ Այնուհետև կլսվի պատմաբան Հանս Լուկաս Կիզերի (Բազելից)
զեկուցումը Մեհմեդ Ալի Թալեաթի անձի և գործունեության վերաբերյալ։ Դերասաններ Բեա
Էհլերսը և Գրիգոր Մելիքյանը կներկայացնեն Սողոմոն Թեհլերյանի դատավարության
արձանագրություններից առանձին բնութագրական հատվածներ, իսկ երաժշտական ընդմիջումից
հետո «Ինչու՞ են դժվարանում ընդունել հայոց ցեղասպանությունը» թեմայով
դասախոսություններով հանդես կգան պրոֆ. դր. Միխա Բրումլիկը, քահանա Մանֆրեդ Ռիխտերը
և թուրք հրապարակախոս Ռեկեպ Մարաշլին։ Դասախոսություններին հաջորդելու են հարցին
վերաբերող լայն քննարկումներ և առանձին ելույթներ։
Դր. Թեսսա Հոֆմանին և «Ճանաչում» աշխատանքային հանձնախմբին այս միջոցառումների
կազմակերպման և իրականացման հարցում աջակցում են և իրենց գործուն մասնակցությունն
են ցուցաբերելու «Ապաշխարում, խաղաղաբեր ծառայությունների ակցիա» կազմակերպությունը
(Բեռլին), Բեռլինի հայ համայնքը, քրդական հետազոտությունների եվրոպական կենտրոնը
(Բեռլին), մարդու իրավունքներով զբաղվող՝ թուրքական Թուդեյ ընկերությունը (Քյոլն),
Քրդագիտության աջակցության բեռլինյան կենտրոնը, Քաղաքական, ռասիստական կամ կրոնական
հետապնդումների ենթարկվողների ընկերությունների աշխատանքային միությունը (Բեռլին),
Գերմանա-հայկական ընկերությունը (Մայնի Ֆրանկֆուրտ), Վտանգված ժողովուրդների
ընկերությունը (Գյոթինգեն), Միջազգային համագործակցության աշխատանքային միությունը
(Մայնի Ֆրանկֆուրտ), «Հայաստան» տեղեկատվական և փաստագրական կենտրոնը (Բեռլին),
Մարդու իրավունքների՝ քրդական միջազգային կենտրոնը (Բոնն), Մյունխենում Պոնտոսի
հույների միությունը (Մյունխեն), Ցեղասպանության հակառակորդների միությունը (Մայնի
Ֆրանկֆուրտ), Քրդական գիտահետազոտական ինստիտուտը (Բեռլին) և բազում այլ
կազմակերպություններ, ինչպես և անհատներ։
«Կարմիր խնձորների կոալիցիայի» գործողությունների միջոցով հայոց ցեղասպանության
ճանաչման գործընթացի կասեցման՝ թուրքական ջանքերը, բնականաբար, փաստում են, թե այդ
պետությունը, ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը, որքան հեռու է վերջինիս
կողմից որդեգրված ժողովրդավարական արժեքներից, նաև որքան անպատրաստ է իր սեփական
պատմությունը անաչառ քննելու և պատմական իրականությունն ընդունելու համար։ Դրանք
միաժամանակ վկայում են նաև, թե Թուրքիան որքան մտահոգված է հայոց ցեղասպանության
ճանաչման գործընթացով, որում, ինչպես փաստում է թուրքական վերոնշյալ համաժողովի՝
այդ գործողությունների ձեռնարկման առթիվ հեռարձակված կոչը, թուրք նացիոնալիստները
տեսնում են Թուրքիայի պետական ամբողջության փաստացի վտանգումը։ Ըստ կոչի
հեղինակների, հայերը և Արևմուտքը հայոց ցեղասպանության ճանաչման «պնդումներով»
ձգտում են Թուրքիային պահել «քաղաքական և տնտեսական ճնշման ներքո», «թուրքական
ազգային պետությունը մասնատել և վերացնել», հասնել նախ այդ «պնդումների
ընդունմանը», այնուհետև «փոխհատուցմանը» և «ի վերջո պահանջել տարածք», թուրքական
պետությունը «մասնատել և ոչնչացնել»։
Ինչևէ, կարելի է կանխատեսել, որ թուրքական կողմի գործողությունները ոչ միայն չեն
կարող կասեցնել, այլև նոր աշխուժություն կհաղորդեն հայոց ցեղասպանության ճանաչման
միջազգային գործընթացին և կարագացնեն այն։ Պատմության կեղծման թուրքական
քաղաքականությունը ներկայումս, երբ հրապարակվել է հայոց ցեղասպանությանը վերաբերող
գերմանական դիվանագիտական սկզբնաղբյուրների մեծագույն մասը, այլևս չի կարող
միջազգային հանրության վրա որևէ ներգործություն ունենալ, քանի որ առաջին
աշխարհամարտի տարիներին կատարված ոճրագործությունները այդ փաստաթղթերի միջոցով
բավականաչափ փաստարկված են ցեղասպանությունն՝ իբրև պատմական իրողություն անհերքելի
և անառարկելի դարձնելու համար։ Այդ փաստաթղթերի կարևորությունը ակնառու դարձնելու
համար, արժե նշել, որ Գերմանիան առաջին աշխարհամարտի տարիներին միակ պետությունն
էր, որը գաղտնագրված, ասել է թե՝ թուրքական կառավարության կողմից անվերահսկելի
տեղեկատվություն ուղարկելու և ստանալու բացառիկ մենաշնորհ ուներ։ Բացի այդ,
Գերմանիան ի տարբերություն Ավստրո-Հունգարիայի և ԱՄՆ-ի, Թուրքիայում ուներ
դիվանագիտական ներկայացուցչությունների լայն ցանց, և բազմաթիվ հյուպատոսությունների
միջոցով իր անմիջական ներկայությունն ապահովել էր Թուրքիայի գրեթե բոլոր
գավառներում։ Այդ հյուպատոսությունների բազմաքանակ տեղեկագրերը, հանգամանալից
կերպով ներկայացնելով հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը, դրա իրագործման
մեթոդներն ու հետևանքները, այն աստիճան անառարկելիորեն են փաստում հայոց
ցեղասպանությունը, որ թուրքական պետության և պատմագրության «վիճարկումները» և «հերքումները» այլևս զավեշտական են դառնում։ Առավել ևս, որ ի տարբերություն,
օրինակ, ամերիկյան տեղեկագրերի, որոնց հեղինակներին ցեղասպանության ճանաչման
հակառակորդների կողմից կարող են որոշակի միտումներ վերագրվել, Թուրքիայի դաշնակցի
տեղեկությունները մեծագույն իսկ ցանկության դեպքում ոչ ոք վիճարկելի համարել չի
կարող։ Հայոց ցեղասպանության հերքման թուրքական քաղաքականության համար ստեղծված այս
փակուղային իրավիճակն, անկասկած, նույնպես էապես նպաստել է այն բանին, որ Թուրքիան
հանդես գա Եվրոպային ուղղված՝ նման արտառոց մարտահրավերով։ Կարելի է, սակայն, նշել,
որ դա այլ ազդեցություն, քան ցեղասպանության ճանաչման գործընթացի արագացումն է, չի
կարող ունենալ։
