ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ակամա քաղաքականացում. Հասարակական կազմակերպությունները իշխանությունների բուռն ճնշման տակ
ԱՊՀ տարածքում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխությունների ժամանակ
ՀԿ–ների ունեցած զգալի դերի մասին խոսակցությունները հասարակական սեկտորի
քաղաքականացման խնդիրը հրատապ դարձրեցին։ Ռուսաստանում սկսված տենդենցը արեւմուտքից
ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության սաստկացումը օրվա
խնդիր դարձրեց։ Քանի որ Հայաստանում եւս նման զարգացումներ են նշմարվում, այդ հարցի
համապարփակ քնարկուման պահանջ է առաջանում։

Մինչ վերջերս հասարակական կազմակերպությունները, որպես քաղաքական գործոններ
քննարկման առարկա չէին ոչ թե այն պատճառով, որ նման դերը գոյություն չուներ, այլ
որովհետեւ իրենք՝ հասարակական կազմակերպությունները նման խնդիր իրենց առջեւ
չունեին։ Ետխորհրդային երկրներում ստեղծված իրավիճակները չէին խթանում նման գործոնի
ի հայտ գալուն։ Գոյություն չունեին այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտային այդ
կազմակերպություններին ազդել քաղաքական գործընթացների վրա։
Սակայն այն իրողությունը, որ հասարակական կազմակերպությունների եւ իշխանության
միջեւ սկսում է առճակատում հասունանալ, վկայում է, որ իրավիճակը արմատապես փոխվում
է։ Դա մի շարք շատ ուշագրավ գործոնների հետեւանք է, որոնցից մենք կառանձնացնենք
միայն մեկը։ Բանն այն է, որ հետխորհրդային երկրներում իշխանությունների ձեւավորման
ու գործունեության ավանդական եղանակները իրենց արդեն սպառում են։ Առկա միջոցները
կորցնում են իրենց արդյունավետությունը։ Իշխող խմբավորումները իրենց իշխանությունը
պահպանելու եւ այն կայուն դարձնելու համար ստիպված են նոր մեթոդներ որոնել։
Այդ որոնումները մեծ ռիսկերի հետ են կապված։ Ուշադիր դիտելու դեպքում կարելի է նկատել, որ ռեժիմների կլանային–օլիգարխիկ խմբավորումները ավելի են ընկղմվում
անլուծելի հակասությունների պատճառով առաջացած որագայթներում ու գնալով ավելի են
կազմալուծվում։ Այդ իշխանությունների կենսունակությունը կտրուկ անկում է ապրում,
ինչը եւ անխուսափելի է դարձնում հեղաշրջումների վտանգը։ Իշխանության կազմավորման
գործող իրական մեխանիզմները հանգեցրել են այդ պարադոքսալ իրավիճակին։
Ավելին, տնտեսության զարգացումը եւ հասարակական գիտակցության մակարդակը նոր որակի
հարցեր են առաջ քաշել, որոնց պատասխանները իշխանությունը չունի։ Այսինքն
իշխանության կենսունակությունը նվազում է։ Կտրուկ նվազում է նաեւ
հասարակական–քաղաքական զարգացումների վրա ռեժիմների կողմից վերահսկելու
կարողությունը։ Նման իրավիճակներում իշխանություններն անօգնական են դառնում ոչ
միայն հասարակության, այլեւ՝ ներիշխանական մարտահրավերների առջեւ, ։
Ռեպրեսիոն տենդենցների ուժեղացումը իշխանությունների կենսունակության նվազման վառ
ապացույցներից է։ Սակայն ռեպրեսիաները իշխանությանըավելի են թուլացնում, քանի որ
դրդում են, որ հասարակական կառույցները եւ ընդդիմությունը միավորվեն։
Այս ամենի մեջ կարելի է նկատել միայն մեկ անփոփոխ պատճառ՝ դա կլանային–օլիգախիկ
իշխանության կազմավորման միջոցներն ու մեթոդներն են։
Երկար ու ձիգ տարիների ընթացքում հիշյալ վարչախմբերը հռչակել են իրենց երկրների
դեմոկրատական հիմքերի մասին, իրականում չեն ցանկանուն կյանքում կիրառել այդ
սկզբունքները։ Այդ պատճառով նպատակաուղղված կերպով ձեւավորել են ստվերային
մեխանիզմներ, որոնք արգելակում են դեմոկրատական ինստիտուտների եւ ազատ
գործարարության կայացումը։ Ֆինանսական միջոցների կենտրոնացման ու դրանց վրա
վերահսկողություն տարածելուց զատ ստեղծվում են գրպանային կուսակցություններ, որոնց
միակ քաղաքական հատկանիշները հնազանդությունն ու նվիրվածությունն են։
Այդ «թանկարժեք» միջոցառումների միակ նպատակը ընտրությունների միջոցով իշխանության
ձեւավորման մեխանիզմի տապալումն է։ Արդյունքում, երկար տարիներ հենվելով հնազանդ
«կոճակ սեղմողների» վրա, իշխանություններն իրենց երաշխավորեն են հանգիստ քաղաքական
ընդդիմության ցանկացած տիպի պահանջներից։
Այդ նպատակին հեշտությամբ հասնելիս քիչ էին մտահոգվում այն բանով, որ «կոճակ
սեղմողները», բացի հնազանդությունից, նաեւ պետք է ապահովեն իշխանության
կենսունակությունը։ Իշխանությունների քաղաքական խնդիրները չեն ավարտվում միայն
իշխանությունը պահելու խնդրով։ Նրանք նաեւ ստիպված են լուծել իրենց երկրների ներքին
ու արտաքին բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ են ընդունակ եւ
արհեստավարժ կադրեր։
«Գրպանային հենարանները» ժամանակի ընթացքում բացահայտեցին իրենց խախուտ լինելը։ Այդ
միավորումների կադրերը միշտ պատրաստ են կատարել հրահանգները, սակայն արդյունավետ
հրահանգներ իջեցնելը ժամանակի ընթացքում գնալով բարդանում է։ Արդյունավետ
հրահանգներ մշակելու համար անհրաժեշտ են պատրաստված ու ստեղծագործական ձիրք ունեցող
մասնագետներ։ Սակայն նման ձիրքերը չեն մտնում հլու–հնազանդ կադրերի
պարտականությունների մեջ։ Անսահմանափակ կոռուպցիայի մթնոլորտը իշխանական կադրերի
մտավոր զարգացմանը չի նպաստում։
Գործող ռեժիմների աշխատաոճերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ
իշխանությունների կադրային բազան գնալով ավելի է կտրվում իրականությունից։ Նրանց
հայացքները սեւեռված են առաջնորդների վրա, իսկ ազատ ժամերին զբաղված են անձնական
բարեկեցության խնդիրները լուծելով։ Միշտ հասունանում է այն պահը, երբ առաջնային են
դառնում ոչ միայն երկրների, այլեւ հենց իշխանությունների առջեւ ծառացած կենսական
խնդիրները։ Ինչպես հայտնի գովազդում է ասվում, հենց այդ ժամանակ էլ «սկսվում է
կարիեսը»։
Հենց այդ ժամանակ էլ առաջանում է ռեպրեսիաների տրամաբանությունը։ Իշխանությունները
ամենուր սկսում են թշնամիներ տեսնել, եւ փորձում են հասարակությանը համոզել, որ
դրանք նաեւ իրենց թշնամիներն են։ Պարզ ասած, իշխանություններն անուղղակի կերպով
սկսում են ընդունել իրենց թուլությունը։
Նման դեպքերում հասարակությանը արհեստականորեն քաղաքականացնում են։
Գոյություն ունի մի կարեւոր հանգամանք եւս։ Կենսունակ եւ գործունյա կադրերը, դուրս
մնալով պետական կառույցներից, ինքնուրույն կերպով են որոնում այն ոլորտները, որտեղ
իրագործում են իրենց կարողությունները։ Հասարակական կազմակերպությունները հենց այն
տեղն են, որտեղ նման հնարավորություններ գոյություն ունեն։ Այդ
կազմակերպություններն արդեն այնքան են կայացել, որ կարողունում են իրենց երկրների
առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերներն ավելի իրատեսական եւ արհեստավարժ
կերպով գնահատել, քան պետական–քաղաքական ռեժիմները։ Ավելին, այդ կառույցներում
կայացած կադրերը ավելի արդյունավետ կերպով են ընկալում նոր տեխնոլոգիաները, քան
նախաձեռնություններից զուրկ պետական կադրերը։ Արդյունքում հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչները իշխանությունների մասին ավելի իրական
պատկերացումներ ունեն, քան իշխանություններն իրենք իրենց ու հասարակության մասին։
Ավելին, նրանք նաեւ իշխանությունների առջեւ դնում են օրինական եւ արդարացի
պահանջներ։
Ժամանակի ընթացքում իշխանությունների համար գնալով դժվարանում է այդ պահանջներին
պատասխաննել տալ։ Հենց այստեղ էլ ծնվում է «թշնամու կերպար» ձեւավորելու
քաղաքականությունը։ Հկ–ների արտասահմանյան հիմնադրամներից ֆինանսավորվելը
վյայակոչելն էլ այն պատրվակն է, որի հիման վրա պետք է վերածնվեն խորհրդային
ավանդույթները։ Արդյունքում, հենց նման քաղաքականությունը նպաստում է հասարակական
կառույցների քաղաքականացվելուն։ Հկ–ները, հանուն ինքնապաշտպանության, ստիպված են
քաղաքական դաշտ մտնել։ Հասկանալի է, որ ՀԿ–ները անխուսափելիորեն կսկսեն համախմբվել։
Եթե հաշվի առնենք այն, որ անառարկելի հեղինակությունների վրա հիմնված ավտորիտար
ընդդիմադիր կուսակցությունների ժամանակները նույնպես հաշվված են, ապա կարելի է
պնդել, որ գործունյա ու կենսունակ քաղաքական միավորումների համար դաշտը ազատվում է։
Իշխանությունները, սեփական նախաձեռնությամբ կենսունակ կադրերին դրդում են
քաղաքականությամբ զբաղվել, ապագայում իրենց գլխին պատուհաս սարքելով։
Ինչպես ասվում է, երբ Աստված որոշում է որեւէ մեկին ռազմի դաշտից հեռացնել, ապա այդ
մեկին ոչինչ արդեն չի փրկի։ Ժամանակը պահանջում է, որ ետխորհրդային երկրների
իշխանությունների ձեւավորման ու գործունեության սկզբունքները փոխվեն։ Այնտեղ, որտեղ
դա չեն հասկանում, ցնցումներ են հրահրում։
