Զեկույց ՀՀ Մարդու Իրավունքների Առաջին Պաշտպանի Գործունեության և Երկրում Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Խախտման Մասին

Հակիրճ Բնութագիր

Ներածություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ նախագահին, օրենսդիր,
գործադիր և դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում
իր գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
խախտման մասին զեկույց
, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա
ներկայացնում է Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև
զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան
հասարակական կազմակերպություններին»:

Այս հոդվածից ուղղակիորեն հետևում է, որ հաշվետու 2005թ. իր գործունեության և
երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը
միասնական մի փաստաթուղթ է, որն ամփոփում է նշված տարում գործող Պաշտպանի
գործունեությունը երկրում մարդու խախտված իրավունքների և ազատությունների վերհանման
և վերականգնման ուղղությամբ։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված
գործունեությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն
իր մեջ
ներառում է.
քաղաքացիների դիմում-բողոքների քննարկումը, հանրային մարմինների կողմից
մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների բացահայտումը, թույլ
տրված խախտումը վերացնելու վերաբերյալ համապատասխան հանրային մարմիններին և
պաշտոնատար անձանց առաջարկներ ներկայացնելը, իր միջնորդությանը չպատասխանած կամ
միջնորդության պահանջները չկատարած հանրային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի
վերաբերյալ հատուկ տեղեկության հրապարակումը, «Մարդու իրավունքների
պաշտպանի մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացումը, երկրում մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին գնահատական տալը և օրենքով
նախատեսված այլ գործողությունների իրականացումը:

Զեկույցը նաև երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի
գնահատականն է, ինչպես նաև այդ իրավունքների և ազատությունների խախտումներ ծնող
պատճառների ու պայմանների վերհանումն է։

Այն հիմնված է ստացված գրավոր և բանավոր բողոքների, մարզեր ու առանձին բնակավայրեր
այցելությունների, սեփական նախաձեռնությամբ և առանձին հասարակական
կազմակերպությունների (ՀԿ) անցկացրած ուսումնասիրությունների, զանգվածային
լրատվության միջոցների (ԶԼՄ) հրապարակած նյութերի, մարդու իրավունքներին վերաբերող
միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովներին երկրի
կողմից ներկայացվող զեկույցների և դրանց վերաբերյալ համապատասխան անդրադարձների
վերլուծության վրա:

2005թ. զեկույցում անդրադարձ է կատարվում նաև այն գործողություններին, որոնք 2004թ.
տարեկան զեկույցով նախանշված են եղել որպես մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում անհրաժեշտ հետագա անելիքներ:

Սույն զեկույցի նախապատրաստական աշխատանքները խոչընդոտվել են, քանի որ
Հանրապետության Նախագահի 04.01.2006թ. թիվ ՀՆ-1-Ա հրամանագրով հունվարի 5-ից, առանց
նոր Պաշտպան ընտրելու, առաջին Պաշտպանի լիազորությունները համարվել են դադարած և
Պաշտպանի պաշտոնը՝ թափուր, իսկ Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը ՀՀ
կառավարության 12.01.2006թ. որոշմամբ կասեցվել է:

Սակայն նկատի ունենալով, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե
hանրապետության առաջին Պաշտպանն անցած տարվա ընթացքում ինչպիսի գործունեություն է
իրականացրել, ինչպես է նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պահպանությանն ու պաշտպանությանը, որքանով է կարող այսօր մեր երկրում մարդն իրեն
պաշտպանված զգալ հանրային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց
կամայականություններից, այս կամ այն բնույթի չարաշահումներից, որքանով է պետական
քաղաքականությունը մարդու իրավունքների ոլորտում համապատասխանում Սահմանադրությանը
և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, հանրության դատին է
ներկայացվում 2005թ. Պաշտպանի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Զեկույցի Բովանդակության Հակիրճ Բնութագիրը

2005թ. տարեկան զեկույցը 2004թ. զեկույցի համեմատությամբ ունի որոշակի
առանձնահատկություններ՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումներով:

  1. Կառուցվածքային առանձնահատկությունն այն է, որ եթե 2004թ. զեկույցում մարդու
    իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված
    իրավունքների, ապա 2005թ. զեկույցում դրանք ներկայացվել են ըստ հանրային
    մարմինների
    ՝ ելնելով այդ մարմինների դեմ ներկայացված բողոքների բնույթից և
    բողոքների քննարկման արդյունքներից: Այնուհետև, մարդու իրավունքների խախտումներին
    անդրադարձ է կատարվել ըստ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները
    ամրագրող հիմնական միջազգային դաշնագրերի:
  2. Փորձելով վեր հանել մարդու իրավունքների խախտման պայմաններն ու պատճառները,
    ավելի շատ անդրադարձ է կատարվել բնագավառը կարգավորող օրենքներում և այլ իրավական
    ակտերում
    տեղ գտած բացթողումներին, հակասություններին, մարդու իրավունքների առումով
    անընդունելի ձևակերպումներին:
  3. Զեկույցում նշված դրական օրինակները կապված են հիմնականում իշխանության միջին
    օղակների, որոշ դեպքերում բարձրաստիճան պաշտոնյաների
    ՝ Պաշտպանի հետ համագործակցելու
    պատշաճ դրսևորումների հետ և դրա արդյունքն են հանդիսանում:
  4. Զեկույցում հիշատակված են գործունեության այն ոլորտները, որոնք բերել են
    Պաշտպանի հաստատության միջազգային ճանաչմանը:

    4.1. Հնչեղություն է ստացել «Հանուն հանդուրժողականության և ընդդեմ խտրականության և
    քսենոֆոբիայի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել և անցկացվել է 2005թ. մայիսին
    Երևանում
    Յունեսկոյի և ՀՀ կառավարության հովանավորությամբ։

    4.2. ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից
    մշակված ձեռնարկը պարունակում է
    Օմբուդսմաններին ուղղված հանձնարարականներ խտրականության հարցերին վերաբերող
    բողոքների հետ աշխատելու վերաբերյալ: Ձեռնարկում բերված 12 օրինակներից 9-ը վերցվել
    են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2004թ. տարեկան զեկույցից
    ` որպես խտրականության
    դեպքերը բացահայտելու և նման բողոքների հետ աշխատելու մեթոդների ընտրության դրական
    օրինակներ:

    4.3. 2005թ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտ է ներկայացրել Մարդու
    իրավունքների խթանման և պաշտպանության ազգային հաստատությունների ՄԱԿ-ի Միջազգային
    Կոորդինացիոն Կոմիտեին
    անդամակցելու համար: Փաստաթղթերը կոմիտեի կողմից ընդունվել
    են, և Պաշտպանի հաստատության անդամակցության հարցը հավատարմագրման ենթակոմիտեի
    կողմից պետք է քննարկվի սույն թվականի ապրիլին:

    4.4. Այդ է վկայում նաև վերջերս ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչի հայտարարությունն
    այն մասին, որ կարճ ժամանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը
    միջազգային ճանաչում է ձեռքբերել։

     

  5. Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացմանը
    խոչընդոտելու իշխանությունների գործողություններին և օրենսդրական
    նախաձեռնություններին
    , որոնք վտանգում էին Պաշտպանի անկախության երաշխիքները։

    5.1. Դեռ 2004թ. վերջից սկսվել էին Պաշտպանի աշխատակազմը քաղաքացիական ծառայության
    համակարգ ներառելու և դրանով Պաշտպանի անկախությունը սահմանափակելու գործընթացները:

    5.2. 2004թ. տարեկան զեկույցի վերաբերյալ իշխանությունների որոշ ներկայացուցիչների
    ոչ համարժեք, նրանց կողմից Սահմանադրության և օրենքների սխալ ընկալման և կամայական
    մեկնաբանության արդյունք հանդիսացող, երբեմն էլ էթիկայի նորմերից դուրս
    արձագանքները, դրանց հետևած ակնհայտորեն պատվիրված և երկրի համար ոչ պատվաբեր
    հեռուստատեսային արշավը (առաջին հերթին հանրային հեռուստատեսությամբ), ինչպես նաև
    դրանց զուգորդող այլ ոչ օրինաչափ միջամտությունները, մասնավորապես, Ազգային
    անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որոնք ուղղված էին ընդդեմ
    Պաշտպանի՝ օրենքով սահմանված անկախության երաշխիքների և պատկան մարմինների կողմից
    այդպես էլ համարժեք գնահատականի չեն արժանացել։

    5.3. Ազգային ժողովի անհամաձայնության պայմաններում և առանց որևէ աշխատանքային
    քննարկումների Արդարարդատության նախարարի նախաձեռնությամբ և Վճռաբեկ դատարանի
    նախկին նախագահի միջոցով ՀՀ նախագահի դիմումով Սահմանադրական դատարանը որոշում է
    կայացրել
    «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի վերաբերյալ,
    որով Պաշտպանը զրկվել է յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի և իրավական
    պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի ապահովմանն ուղղված գործողություններ
    իրականացնելու հնարավորությունից
    , այն դեպքում, երբ միջազգային պրակտիկան ընթանում
    է օմբուդսման-դատական իշխանություն համագործակցության ընդունելի ձևերի ներդրման և
    զարգացման ճանապարհով, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է համարվում հետխորհրդային
    պետությունների, այդ թվում և Հայաստանի համար, ուր մարդու իրավունքներն ու հիմնարար
    ազատությունները դատական գործընթացներում այնքան հաճախ են խախտվում, որ դա
    հանգեցրել է դատական համակարգի նկատմամբ հասարակության չափազանց մեծ անվստահության
    (ըստ Պաշտպանին ուղղված գրավոր և բանավոր դիմումների և այլ կազմակերպությունների
    կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների):

    5.4. ՀՀ կառավարության նիստերից մեկում Պաշտպանին ելույթ ունենալու լիազորությունից
    զրկել են
    այն դեպքում, երբ Պաշտպանի մասին օրենքի հոդված 7 մաս 3-ը միանշանակ ասում
    է, որ Պաշտպանը իրավունք ունի ներկա լինել ՀՀ կառավարության նիստերին և ելույթ
    ունենալ
    , եթե քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Այդ առումով
    բնութագրական է, որ կառավարության նիստում, այն էլ ՀՀ նախագահի կողմից Պաշտպանին
    զրկել են օրենքով նախատեսված ելույթ ունենալու իրավունքից
    , նույնիսկ այն դեպքում,
    երբ քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին
    մասով փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

    5.5. Կարևորվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ծավալված
    գործընթացները, որոնք հանգեցրին Մարդու իրավունքների պաշտպանի և նրա հաստատության
    գործունեության կասեցմանը
    : Այս ամենը վկայում է ոչ միայն Պաշտպանի, նրա դերի ու
    նշանակության, երկրի միջազգային հեղինակության անտեսման,
    այլև իրավաբանական և
    իրավակիրառական պրակտիկայի այնպիսի դրսևորումների մասին, որոնք կասկածի տակ են
    դնում բարձաստիճան իշխանությունների մոտ իրավական պատություն կայացնելու քաղաքական
    կամքի առկայությունը:

     

  6. Սույն տարեկան զեկույցում փորձ է արվում վեր հանել մարդու իրավունքների
    զանգվածային, սուր, համակարգային բնույթ ունեցող
    , ինչպես նաև պատշաճ հնչեղություն
    չստացած, սակայն խորքային պատճառներ ունեցող ոտնահարումները։ Զեկույցում տրված
    գնահատականներն ու հետևությունները հիմնավորվել են գործերի առավել բնորոշ
    օրինակներով:

    Մասնավորապես՝

    - Բանակում սպանություն կատարելու մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի գործը, որը
    երկարատև հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընդդեմ անարդարացի մեղադրանքի և ոչ
    արդարացի ու կանխակալ դատաքննության։

    - «Ռայթ իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Գրիգորյանի դեմ հարուցված
    քրեական գործը, ինչը հետևել է ԱԱ ծառայության աշխատակիցների ոչ օրինաչափ
    գործողություններին, մասնավորապես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի
    աշխատակիցներ ներկայանալը,
    կոպիտ վերաբերմունքը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ
    Վ. Գրիգորյանին ԱԱ ծառայություն բերման փորձ կատարելը: Փաստաբանը պետական և դատական
    համակարգի բացահայտ կամայականություններից
    պաշտպանել է Երևանի Բյուզանդի փողոցի
    բնակիչներին նրանց սեփականության հարկադիր օտարման գործերով: Նշված գործերից
    երկուսով սպառելով ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները, Վ.
    Գրիգորյանը կազմել և իր վստահորդների գանգատները ներկայացրել է Մարդու իրավուքների
    եվրոպական դատարան:

    - Հրազդան գետի վարարման հետևանքով Հրազդան փողոցի թիվ 29/1, 29/2, 29/3
    տնատիրություններին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հարցը, որով զբաղվել
    են Երևանի քաղաքապետը, Տարածքային կառավարման նախարարը և կառավարության
    ներկայացուցիչները,
    այդպես էլ լուծում չտալով այդ հասցեներով բնակվող ընտանիքների
    օրհասական խնդրին։

    - Արցախյան ազատամարտում զոհված կամ հաշմանդամ դարձած 28
    անձանց ընտանիքներին
    վարձակալության իրավունքով տրամադրված հողատարածքների վերաբերյալ գործը, որը
    բնութագրվում է օրենքով սահմանված կարգի խախտումով և ճիշտ այն սխեմաներով աճուրդով,
    որոնց կիրառման փաստը հաստատեց ՀՀ նախագահը՝ դրանց օգտագործման համար
    հրապարակայնորեն կշտամբելով Երևանի քաղաքապետին
    տարեկան հաշվետվությունը քննարկելու
    ժամանակ։

    - Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերի հետ կապված քաղաքացիների
    սեփականության
    հարկադիր օտարման վերաբերյալ
    շերունակվող բողոքներով գործերը։

    - Սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչների
    տարաբնույթ իրավունքների
    խախտումների վերաբերյալ գործերը։

    - Խոցելի և հատուկ խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության դրսևորումների
    վերաբերյալ գործերը։

    - Արդար դատավարության իրավունքի խախտման մասին վկայող և դատարանին այդ խախտումը
    վերացնելու վերաբերյալ առաջարկները, որոնք Պաշտպանը ներկայացրել է՝ օգտվելով
    լիազորությունից, որը հետագայում վերացվել է Սահմանադրական դատարանի կողմից:

  7. Վերլուծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման դեպքերը,
    ինչպես նաև օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի համապատասխանությունը
    միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին, վեր են հանվել հաճախակի
    հանդիպող հիմնական պատճառները։

    - Չնայած սահմանադրական որոշ բարեփոփումների, դատական համակարգի կախվածությունը
    գործադիր իշխանությունից փաստորեն մնացել է անփոփոխ, քանի որ դատավորների նշանակման
    և դատավորների լիազորությունների դադարեցման մասին վերջնական որոշում կայացնողը ՀՀ
    նախագահն է։
    Դրա հետ միասին, արդեն իսկ ձևավորված պրակտիկան և դատական
    իշխանություն-գործադիր իշխանություն հարաբերությունները կասկածի տակ են դնում
    դատական համակարգում բազմաթիվ բարեփոխումների արդունավետությունը։

    - Բազմաթիվ օրինակներ վկայում են, որ հանրային մամինների անբարեխիղճ
    ներկայացուցիչների կողմից սիստեմատիկ բնույթ կրող վատ վարչարարության դրսևորումները, վերադաս մարմինների կողմից այդպիսի գործողությունների նկատմամբ
    հանդուրժողականությունը հանգեցնում են մարդու իրավունքների նույնատիպ շարունակական
    խախտումների
    և տանում են այդ երևույթի խորացման։

    - Կոռուպցիան գնալով ավելի ու ավելի մեծ գործոն է դառնում անհատ-պետություն
    հարաբերություններում
    , հանգացնելով լայն հասարակության մեջ օրենքի և իրավունքի
    հարդեպ մերժողական վերաբերմունքի ամրապնդման։

    - Հանրային ծառայողների ցածր իրավագիտակցությունը, մարդու իրավունքների ոլորտի և
    պետության կողմից այդ որլորտը կարգավորող օրենքների և հանրաճանաչ միջազգային
    նորմերի չիմացությունը, իսկ երբեմն էլ դրանց նկատմամբ արհամարանքը, համակարգային
    բնույթ են կրում և ուղղակի խոչընդոտում են թե՛ քաղաքացիական և քաղաքական և թե՛
    սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանությանը։

    - Օրենքների և այլ իրավական ակտերի
    անկատարությունը և մարդու իրավունքներին դրանց
    համապատասխանության փորձագիտության անտեսումը
    բերում են հասարակության այս կամ այն
    չափորոշիչներով միավորված խմբերի մարդու իրավունքների ոտնահարումներին։

    - Մարդու իրավունքներին վերաբերող
    միջազգային կոնվենցիայներով ՀՀ ստանձնած
    պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը, այն է՝ օրենսդրության և, հատկապես,
    իրավակիրառական պրակտիկայի չներդաշնակեցումը
    վերոհիշյալ փաստաթղթերով ամրագրված
    սկզբունքներին և միջազգային հանրաճանաչ նորմերի ոչ բավարար տարածումը վկայում են
    այն մասին, որ մարդու իրավունքների ոտնահարումը հաճախակի հանդիսանում է չիմացության
    հետևանք։

    - Մարդու իրավունքների բազմապիսի խախտումներ թույլ տվող պետական մարմինների
    ներկայացուցիչների հանդեպ չի կիրառվում պատժելիության սկզբունքը
    , հաճախ էլ այդ
    խախտումները քողարկվում են վերադասի հովանավորչության ներքո։

     

  8. Զեկույցում ասվածն առավել ակնառու դարձնելու նպատակով որպես հավելվածներ
    զեկույցում ներկայացվել են հանրային մարմիններին ուղարկված նամակների,
    միջնորդությունների, մարդու իրավունքների խախտումների մասին որոշումների օրինակներ,
    մասնավորապես Սահմանադրական դատարան և Արաբկիրի առաջին ատյանի դատարան ուղարկված
    դիմումները
    , ինչպես նաև Արդարադատության նախարարի և Գլխավոր դատախազի 2004թ. ոչ
    համարժեք նամակ-քննադատությունների պատասխանները:

    Մասնավորապես, նկատի ունենալով, որ 2004թ. զեկույցում անդրադարձ է եղել
    Երևանի
    կառուցապատման ծրագրերով
    քաղաքացիների գույքի հարկադիր օտարման ընթացքում թույլ
    տրվող իրավունքի խախտումներին, որ այդ խնդիրը վերջնականապես չի լուծված և մնում է
    օրակարգում, որ դրան առավել մանրամասն անդրադարձ կատարվել է 2005թ. արտահերթ
    հրապարակային զեկույցում, սույն զեկույցում կրկին այդ հարցին չանդրադառնալու
    նպատակով բավարար է համարվել Արտահերթ հրապարակային զեկույցը որպես հավելված
    ներկայացնելը:

     

  9. Զեկույցը գալիս է ապացուցելու, որ չնայած մարդու իրավունքների ազգային
    հաստատության կայացման ճանապարհին տեղ գտանծ խոչընդոտներին, այնուամենայնիվ, այն
    կայացել է, և հաստատության գործունեությունը կարող էր լինել առավել արդյունավետ
    իշխանությունների կողմից հաստատության դերն ու նշանակությունը ճիշտ ընկալելու և դրա
    գործունեությանն ամենայն աջակցություն ցուցաբերելու դեպքում։ Կարևոր էր
    իշխանությունների կողմից առաջին հերթին գիտակցելը, որ ազգային նման հաստատության
    երաշխավորված գործունեությունը իրավական պետության և ժողովրդավարության հաստատման
    լավագույն երաշխիքներից է։

    Այն, որ իշխանությունների համար թույլատրելի և ընդունելի է համարվել և Մարդու
    իրավունքների պաշտպանի ու նրա հաստատության գործունեությունը կասեցվել է թեկուզ մեկ
    ամսով, վկայում է, որ այդ ճշմարտության ըմբռնումը նրանց չի հաջողվել. իշխանության
    բարձրագույն մարմինների համար «Մարդու իրավունքների պաշտպան» հասկացությունը մնացել
    է խորթ և համարժեքորեն չընկալված:

/Շարունակելի է/