ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գովազդային շուկան
Երկարաձիգ ցուրտ ու մութ տարիներից հետո հայաստանցի գործարարները խանութների դատարկ
դարակները լցրեցին «Ֆիրմային» ապրանքներով:Խորհրդային սպառողի երազանքները սկսեցին
իրականություն դառնալ: Սպառողները թեթեւացած շունչ քաշեցին, իսկ գործարարները
սկսեցին միմյանց հետ մրցել, թե ով կկարողանա ավելի ճարպկորեն «Ֆռացնել» գումարները,
ավելի արագ տեղափոխել ապրանքները, անպատիժ եղանակով «քցել» մրցակացին: Հաջողակները
սկսեցին համալրել նոր բուրժուազիայի «ոսկե» շարքերը:

Ոչ ոք չէր շտապում իր աշխատանքը կազմակերպել գործարարության դասական եղանակներով:
Այդ ժամանակ հայկական շուկան անգամ «շուկա» չէր կարելի կոչել:
Այսօր խաղի կանոնները կարծես թե պետք է փոխված լինեին` շուկան հագեցած է, եւ մի
գործարքից այլեւս հնարավոր չպետք է կրկնակի կամ ավելի շահույթ կորզել: Կարծես թե
շուկան կայանում է: Սպառողը պետք է պաշտվանված լինի, իսկ դաժան մրցակցության
ընթացքում պետք է հաղթի քաղաքակիրթ կանոններով շարժվողը:Սակայն դա միայն թվում է…
Հայաստանում «շուկան», ինչպես եւ մնացած ամեն ինչ գործում են միայն քաղաքական ու
կրիմինալ հակումներ ունեցող մարդկանց նեղ շերտի համար: Սակայն դա այլ թեմա է:
Այսպես թե այնպես, արեւմտյան տնտեսական «մենթալիտետը» սկսում է ազդել նաեւ մեզ վրա:
Փող աշխատում են ոչ թե ձեռքերի օգնությամբ, այլ ուղեղի: Նոր արժեքների պայմաններում
ամեն ինչ արագորեն փոփոխվում է: Սպառողներին պետք է դասակարգել ու հետազոտել:
Պայքարը գնում է յուրաքանչյուր սպառողի համար, այսինքն կատարվում է մարքետինգ:
Հայկական գործարարների շրջանում մարքետինգը մոտ է զրոյական մակարդակին:
Հայաստանյան գործարարների մեծ մասը խորհրդային մտածողության կրողներն են:
Արտադրություն կազմակերպելու համար պետք է գնել սարքավորումներ, վարձել աշխատողների
եւ սկսել արտադրել ապրանքներ, իսկ «մարքետինգն» ու «մենեջմենթը» դատարկ խոսքեր են:
Ովքե՞ր եւ ինչպե՞ս են որոշում գովազդային քաղաքականությունը:
- Քիչ թե շատ տանելի տարբերակը` երբ գովազդային քաղաքականությունը մշակում է
շուկայում գործող որեւէ գովազդային գործակալություն: - Միջին տարբերակը` երբ գովազդային քաղաքականությունը մշակում է ձեռնարկության
մարքետինգի բաժինը: Ինչու՞ «միջին» տարբերակ, որովհետեւ որպես կանոն այդ
բաժիններում աշխատում են ոչ պրոՖեսիոնալները: Ադ բաժինների աշխատակիցները հաճախ
զբաղված են փող «լվանալով», եւ նրանց անձնական ու ձեռնարկության շահերը հաճախ չեն
համընկնում: Ղեկավարությունը, որպես կանոն, այդ երեւույթի վրա «աչքերը փակում» է, քանի որ այդ բաժինների աշխանանքներին լուրջ չիվերաբերվում: - Վատագույն եւ ամենատարածված տարբերակն այն է, երբ ձեռնարկության ղեկավարը ինքն է
որոշում գովազդային քաղաքականությունը եւ ինքն էլ հաստատում կատարված աշխատանքը:
Ավելորդ է ասել, որ նման ղեկավարը գովազդները պատվիրում է ընկերոջը, կամ ընկերոջ
ընկերոջը, իսկ գովազդները տեղադրվում են այն հաղորդումների ժամանան, որոնց դիտում
են իրենց զոքանչները:
Գովազդային կոմպանիաների արդյունավետության մասին դատում են` ելնելով իրենց բնազդից,
կամ հաջորդ մի քանի որվա ընթացքում գնված ապրանքների քանակից: Շուկայի
ուսումնասիրությամբ ոչ ոք չի զբազվում կամ անգամ չգիտեն էլ, թե դա ինչպես պետք է
անել: Շուկայում գոյություն չունի որեւէ կազմակերպություն, որը կարողանա դա անել
պրոՖեսիոնալ կերպով: Գովազդների պատվիրատուն պետք է կարողանա գնահատել գովազդների
արդյունավետությունը: Արեւմուտքում, որտեղ սպառողները գնողունակ են, նրանց սիրտը «նվաճելու»
համար պայքարում են ինչպես գովազդատուները, այնպես էլ գովազդային
գործակալությունները: Մեր պայմաններում կյանքի որակը ցածր է, եւ բնականաբար սպառման
հնարավորությունները սահմանափակ են: Այս պայմաններում Հայաստանում եկամուտներ
ակնկալելու համար պետք է լուրջ ուսումնասիրել շուկան եւ գովազդային շուկայի վրա
ծախսել մի քանի անգամ ավելի մեծ գումար, քան այսօր ծախսվում է: Չի կարելի
համաձայնել այն պնդումների հետ, որ Հայաստանում գովազդները չեն կարող ավելի
արդյունավետ լինել, քան Արեւմուտքում: Հայաստանցի սպառողները հակված են ավելի շատ
վստահել արտասահմանյան գովազդներին, քան տեղականին: Ինչու՞: Պատասխանը պարզ է`
գիտակցաբար, թե բնազդաբար կերպով տեղացի սպառողները ավելի շատ վստահում են որակյալ
արտասահմանյան գովազդներին, քան անճաշակ ու անորակ տեղական արտադրողներին, որոնք
հեղինակազրկված են ոչնչով չարդարացված գներով ցածրորակ ապրանքներ արտադրելով:
Եթերում հայկական գովազդային տեսահոլովակների հայտնվելուց հեռուստադիտողները
փոխում են ալիքը: Գաղտնիք չէ, որ հեռուստադիտողներին գրգռում է ոչ միայն հաճախ
կրկնվող ցածրորոկ, այլեւ ոչ վճարունակ սպառողների զանգվածին առաջարկվող անհասանելի
գներով ապրանքների գովազդները: Իդեալական տարբերակում գովազդները կարող են
սոցիալական, մշակութային եւ հոգեբանական առումներով հեռուստադիտողի վրա ունենալ
դրական ազդեցություն: Մի կողմից գովազդները կարող են խթանել սպառման մշակույթի
զարգացմանը: Օրինակ, կարող են սովորեցնել հիգիենայի կանոնները, խթանել առողջ կյանք
վարելու ցանկությունը, բարձրացնել ճաշակը այս կամ այն հարցերում: Մյուս կողմից
գովազդները, որպես զանգվածային քարոզչության մեխանիզմներ, կարող են ապառնալ մարդու
հոգեբանական անվտանգությանը: Գովազդը հատկապես կարող է ազդել երեխայի անպաշտպան
հոգեբանության վրա: Այստեղ պետք է նաեւ նշել հայկական հեռուստաընկերությունների
կողմից գովազդի մասին օրենքի ամենօրյա խախտումները: Գովազդվում են ոգելիչ խմիչքները,
կասկածելի ժամանցի վայրերը եւ այլն: Երեխաները չափահասների նման չեն կարող սեփական
բարոյական չափանիշներից ու հայացքներից ելնելով վերլուծել եւ պաշտպանվել եթերից
ծորող նման գովազդներից: հաճախ գովազդը այնպես է պատրաստված, որ հավանական
սպառողների մեջ արթնացնում է սոցիալական անլիարժեքության, ագրեսիայի զգացողություն:
Այս դեպքում դա արդեն ոչ թե գովազդ է, այլ գաղափարական դիվերսիա: Գովազդային
շուկայի երակը ելնում է տնտեսության զարգացման աստիճանից, որով էլ պայմանավորված են
գովազդատուի պահանջները, ինչպես նաեւ մարդկանց կյանքի որակը: Տնտեսության
զարգացումը իր հերթին կարող է պայմանավորված լինել քաղաքական վիճակով եւ իրավական
բազայով: Այս ամենին հասնելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, եւ
այդ օրը մոտեցնելն ու քաղաքակիրթ երկիր դառնալը բոլորն են ցանկանում, սակայն քչերն
են դրա համար ճիգեր գործադրում:
