Ինչու՞ է անդեմ հայկական հեռուստաեթերը

Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ հեռուստաընկերություններ, որոնց քանակը չի
համապատասխանում հեռուստադիտողների իրական պահանջմունքներին: Նրանք հիմնականում
շահավետ չեն եւ չեն կարողանում լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Չնայած նրանց
առջեւ որպես այդպիսին որեւէ հասարակական խնդիր դրված էլ չէ:

Հեռուստաընկերությունները կոչված են լուծելու տնտեսական եւ քաղաքական խնդիրներ:
Այսինքն պետք է ապահովեն եկամուտներ եւ ձեւավորեն ակնկալվող հասարակական կարծիք:
ԶԼՄ-ները ոչ միայն տեղեկատվության միջոցներ են, այլեւ ձեւավորում են հասարակական
կարծիք, դրանով իսկ հանդիսանալով քաղաքական գործիք: Իսկ հայկական
հեռուստաընկերությունները ի՞նչ են առաջարկում հեռուստադիտողին:

Ինչու՞ հեռուստաընկերությունները չունեն գաղափարական հենք:

  • Առաջինը` հեռուստաընկերությունների քաղաքական, հասարակական, մշակութային
    անդեմությունը ձեռնտու է դրանց սեփականատերերին, քանի որ նրանք կամ ուղղակի պետական
    չինովնիկներն են, կամ էլ նրանց կողմից վերահսկվող ‎Ֆինանսական շրջանակները: Իսկ
    Հայաստանում իշխանությունները չեն ձեւավորել որեւէ գաղափարական հենք:
  • Երկրորդը` հայկական հեռուստաընկերությունները կառավարվումը են ոչ կոմպետենտ
    եղանակներով: Գոյություն չունի հեռուստատեսային մենեջմենթ:
  • Երրորդ պատճառը` հեռուստատեսային ստուդիաների եւ ծրագրերի ունեն չնչին Ֆ‎ինանսական
    միջոցներ: Հեռուստաընկերությունների սեփականատերերը իրենց հիմնարկները չեն
    դիտարկում որպես շահույթ ստանալու միջոցներ: Այդ ընկերությունները նրանց տերերի կամ
    հավանավորների համար քաղաքական կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական
    նպատակների հասնելու միջոցներ են:

Դիտարկենք հայկական հեռուստաընկերությունների անդեմության երեք պատճառները:

1. Քաղաքական

Իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի որեւէ հեռուստահաճախականություն
չհայտնվի ոչ միայն քաղաքական ընդդիմության, այլեւ «պատահական» ուժի ազդեցության տակ:
Չինովնիկները մրցույթների միջոցով հասցեագրված եղանակով վերաբաշխեցին
հաճախականությունները: Հեռուստաընկերությունները իրենց հերթին քրտնաջան աշխատում են
արդարացնել իրենց նկատմամբ ցուցաբերված «բարձր» վստահությունը: Նրանք տեղեկատվական
հոսքից ծաղկաքաղ են անում «պիտանի» լուրերը: Տեղեկատվության մասնակի ներկայացումը,
ինքնանպատակ ծաղկաքաղը խոչընդոտում են հասարակության համար քաղաքական եւ
հասարակական գործընթացների իրական պատկերը ստանալու գործին: Սեղծվում է
տեղեկատվության բազմազանության ու հրատապության արհեստական պատկեր: Դա ունի նաեւ
օբյեկտիվ պատճառներ: Այսօր աշխարհում տեղեկատվական հոսքը այնքան հագեցած ու
բազմազան է, որ սովորական սպառողը ինքնուրույն չի կարող կողմնորոշվել: Իսկ դա
հոռուստատեսության աշխատակցին տալիս է լրացուցիչ հնարավորություններ` կողմից
ուշադրություն հրավիրելու այս կամ այն նորության վրա, լռելու այլոց մասին: Նման
մոտեցումը ապակողմնորոշում է սպառողին, երբեմն մարելով նրա հետաքրքրությունը, իսկ
երբեմն էլ նրա մոտ առաջացնելով ուղղակի ընկճվածության զգացողություն: Այսպիսով,
հայկական հեռուստաընկերությունները լուծում են իրենց առջեւ դրված միակ քաղաքական
խնդիրը:

2. Հեռուստաընկերությունների Ֆինանսական քաղաքականությունը

Հայաստանում հեռուստաընկերությունների մենեջերները եւ սեփականատերերը հաճախ
համարում են, որ իրենց հնարավորություները խիստ սահմանափակ են: Նման կարծիքը
փաստում է, որ նրանք չեն կարողանում իրապես գնահատել իրենց իրական
հնարավորությունները եւ իրենց առջեւ ռազմավարական խնդիրներ դնել: Իրականում նրանք
ունեն հնարավորություններ: Այնպիսի հեռուստաընկերությունները, ինչպիսիք են «Արմենիան»,
«Երկիր Մեդիան», «Ար»-ը եւ մյուսները, թերագնահատում են շուկայի
հնարավորությունները: Դա արտացոլվում է անտրամաբանական մենեջմենթի, ֆինանսական
քաղաքականության եւ արտադրանքի ցածր որակի մեջ: Պահի տակ որոշ գումար թռցնելու եւ
նմանատիպ հոգեբանության դրսեւորումները բնորոշիչ են հեռուստաընկերություների ճնշող
մեծամասնության չվող տնօրեններին: Մյուս կողմից, ընկերությունների սեփականատերերը
մի անգամ «քցվելով» տեխնիկայի տեսակետից, այլեւս չեն ցանկանում լրացուցիչ ծախսեր
անել հաղորդումներ պատրաստելու համար: Չեն ուզում հասկանալ, որ նման պահվածքի
դեպքում նրանք չեն կարող ունենալ որոկյալ եթեր, եւ հետեւավաբար անհրաժեշտ քաղաքական
ու ֆինանսական ակնկալիքներ: Այս դեպքում անգամ սարքավորումների վրա ծախսված
գումարները կարելի է համարել քամում շպրտված:

3. Հեռուստատեսային մենեջմենթ

Հայաստանի հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը իրենց ռեսուրսները
սպառել են: Ռազմավարակական կառավարման բացակայությունը շուկայում առնվազն մոտակա մի
քանի տարվա մարտավարական ծրագրերի բացակայությունը հանգեցնում է ակնհայտ
արդյունքների` հեռեւստահաղորդումների միապաղաղության, ինտելեկտուալ եւ մշակութային
առումներով ցածր որակ: Ինչպես հաղորդումները, այնպես էլ դրանց վարողները փորձում են
նմանակել ռուսական հաղորդումներին եւ ռուսական հեռուստաաստղերին: Եկատերինա
Անդրեեւայի կամ Միխայիլ Լեոնտեւի շարժումները, առոգանությունը կամ անգամ հայացքը ու
դեմքի շարժումներն ընդօրինակելով դժվար թե հնարավոր լինի ունենալ սեփական դեմք: Իսկ
եթե խոսենք ստեղծագործական ուղղակի «գողության» մասին, ապա հարց է առաջանում.
ռուսական հեռուստաընկերությունները իրենց հերթին ընդորինակում են արեւմտյան
կոլեգաներին: Ինչու՞ է անհրաժեշտ այդ միջնորդավորված կապը:

Եթերի գոյության առաջին իսկ օրվանից անպատասխան է մնացել հետեւյալ հռետորական հարցը.
հեռուստատեսությունը արվե՞ստ է, թե՞ նորություններ ապահովող միջոց:Այսօր այդ հարցը
այլ կերպ է հնչում. արդյո՞ք պետք է ստեղծել այն, ինչի պահանջը ունի սպառողը, թե այն,
ինչն անհրաժեշտ է հիմնարկի սեփականատիրոջ: Միանշանակ պատասխանը մեզ տանելու է դեպի
փակուղի: «Հ1»-ը 100% կատարում է իշխանության պատվերը,արդյունքում ունենք այն, ինչ
ունենք: «ԱԼՄ»-ն նույնպես այնպիսին է, ինչպիսին ուզում է սեփականատերը: Մյուսները
նույնն են: Ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել:

Աշխարհը փոխվում է, եւ գլոբալացումը իր հետ բերում է նոր հարցեր: Հայաստանը,
հայկական հասարակությունը, այդ թվում նաեւ հեռուստաընկերությունները ստիպված են
որոնել բազմաթիվ հարցերի պատասխաններ` ինչպես քաղաքական, այնպես էլ
հասարակական-սոցիալական ոլորտներում: Կամ մենք ընտրում ենք այսպես կոչված
քաղաքակիրթ աշխարհի արժեքները եւ խաղի կանոնները, կամ շարունակում է մեր երկրի
գահավիժումը:

Ընդհանրացնելով կարելի է եզրակացնել, որ հայաստանյան հեռուստաընկերությունները
օբյեկտիվ եւ սուբյելտիվ պատճառներով հայտնվել են սահմանափակումների մեջ, որի
արդյունքում տուժում են ինչպես պետությունը, այնպես էլ հասարակությունն ամբողջապես,
այդ թվում նաեւ յուրաքանչյուր քաղաքացին, կամ ավելի պարզ ասած` սպառողները: Ինչպես
ասում են, ապառողը Մոզամբիկում անգամ շարունակում է սպառող մնալ: