Հայտարարություն «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների «Գործընկերություն հանուն բաց
հասարակության» նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության
կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Լոբբիստական
գործունեություն մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:


«Լոբբիստական գործունեության մասին» օրենքը ներկայացված խմբագրությամբ Ազգային
ժողովի կողմից ընդունվելու դեպքում լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական
հասարակության համար` օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների
մասնակցային գործընթացի ապահովման համար:

«Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը անընդունելի է հետյալ մի շարք
նկատառումներից ելնելով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով`

  1. Հայաստանում լոբբիզմի ինստիտուտը գոյությոուն չունի և օրենքի նախագծով
    առաջարկվող կարգավորումը ոչ մի կերպ չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը:
  2. Հայաստանի Հանրապետությունն, ընտրելով եվրաինտեգրման ճանապարհը,
    համապատասխանեցնում է իր օրենսդրական դաշտը եվրոպական օրենսդրության հետ:
    Եվրամիության ընդհանուր օրենսդրությունը չի պարունակում լոբբիստական գործունեության
    վերաբերյալ իրավական ակտ, իսկ Եվրամիության անդամ երկրների ազգային
    օրենսդրությունները` բացառությամբ մեկ երկրի, նույնպես չեն պարունակում նմանատիպ
    օրենքներ: Ավելին, եվրոպական երկները, ունենալով լոբբիստական գործունեության
    զարգացած փորձ, չեն նախատեսում լոբբիստների գրանցման և հավատարմագրման այնպիսի
    սահմանափակող համակարգ, որն առաջարկվում է «Լոբբիստական գործունեության մասին»
    օրենքի նախագծով:
  3. Օրենքի նախագիծը հստակորեն չի սահմանում կարգավորման ոլորտը և առարկան:
    Օրենսդրական կարգավորման առումով, լոբբիստական գործունեությունը պետք է
    սահմանափակվի լոբբիստների կողմից իրականացվող մասնագիտական ձեռնարկատիրական
    գործունեությամբ` վճարովի հիմունքներով ներկայացնելով և պաշտպանելով երրորդ անձանց`
    իրենց պատվիրատուների շահերը: Սակայն օրենքի նախագծի համաձայն` յուրաքանչյուր անձ
    կամ կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է իրավական ակտերի ընդունմանը,
    փոփոխմանը կամ դրանց գործողության դադարեցմանը, հանդիսանում է «Լոբբիստական
    գործունեության մասին» օրենքի կարգավորման սուբյեկտ:
  4. Օրենքի նախագիծը առաջարկում է լոբբիստների գործունեության սահմանափակող
    պայմաններ, որոնք ներառում են երկյակի գրանցման, հաշվետվությունների, ծանուցումների,
    վարվելակերպի և մի շարք այլ պահանջներ:
  5. Օրենքի նախագիծի պարունակում է մի շարք իրարամերժ դրույթներ, որոնք անհնար են
    դարձնում օրենքի գործնական կիրառումը:

Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման առաջին և
ամենակարևոր պայմաններից մեկն է իշխանությունների կողմից որոշումների կայացման
նկատմամբ ազդեցության հնարավորությունը: «Լոբբիստական գործունեության մասին»
օրինագծով նախատեսված կարգավորման մոդելը հանդիսանում է այդ հնարավորության անտեղի
և չհիմնավորված սահմանափակում: Օրենքի նախագիծը պարունակում է բազմաթիվ դրույթներ,
որոնք սահմանափակում են հասարակական միավորումների և լայն հասարակության կողմից
շահերի պաշտպանության հնարավորությունները և դրանց մասնակցությունը` գործադիր և
օրենսդիր իշխանությունների կողմից որոշումների կայացմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության»
նախաձեռնությունը կոչ է անում`

  • ՀՀ կառավարությանը ետ կանչել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի
    նախագիծը Ազգային ժողովից հետագա քննարկման և վերանայման նպատակով,
  • վերանայել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի
    անհրաժեշտությունը,
  • բացառել օրենքի կիրառումը հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

11 նոյեմբերի, 2005թ.