ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի ընդօրինակում Հայաստանում
Վերջին օրերին Հայաստանի իշխանությունները ուժեղացրել են ճնշումը հասարակության վրա։
Ուշադրություն չդարձնելով հնարավոր քննադատություններին, Գլխավոր դատախազությունը
եւ ոստիկանությունը անցել են ակտիվ գործողությունների, որոնց օրինականությունը խիստ
կասկածելի է։ Իշխանություններին անցանկալի տարրերի ձերբակալությունների շարքը
գնալով երկարում է։

Հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանը` Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության կողմից ներկայացված
շինծու մեղադրանքի հիման վրա որոշում է կայացրել փաստաբան Վահե Գրիգորյանին
կալանավորելու մասին:
Փաստաբան Վահե Գրիգորյանը պաշտպանում էր այն քաղաքացիների իրավունքները, որոնց
չնչին փոխհատուցումներով վտարել են իրենց տներից` Երևան քաղաքի կենտրոնական մասի
իրացման պետական ծրագրի իրականացման շրջանակներում: Փաստաբանը ներկայացրել էր մի
քանի բողոք Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: Իսկ այժմ ինքը իր իրավունքների
պաշտպանության կարիքն ունի։
Կալանավորվել է նաեւ Բուզանդի փողոցի բնակիչ Հովիկ Հովհաննիսյանը, որը մեղադրվում է
իբր ԴԱՀԿ աշխատակիցներին խանգարելու համար։ Սակայն, ըստ փաստաբան Արթուր Գրիգորյանի,
ԴԱՀԿ-ի աշխատակիցները այդ ժամանակ դեպքի վայրում չեն եղել: Փաստաբանի խոսքերով,
նրանց գործն իրենց վրա են վերցրել ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատողները և
կարմիր բերետավորները, որոնք հայհոյանքներով և բռնի կերպով փորձել են Հ.
Հավհաննիսյանին վտարել տնից: ,Վտարումն էլ ոչ թե վտարում է, այլ ասպատակում, գալիս
են մարդկանց միանգամից հանում դուրս ու տրակտորով քանդում տունըե,- հայտնել է
Արթուր Գրիգորյանը Panorama գործակալությանը։
Բռնի գործողությունների է վերածվել Մաքսային պետական կոմիտեի եւ ,Ռոյալ-Արմենիաե
ընկերության արդեն ինն ամիս տեւող առճակատումը։ Վերջիվերջո կալանավորվեցին
ընկերության նախագահ և համասեփականատեր Գագիկ Հակոբյանը և փոխտնօրեն Արամ
Ղազարյանը։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին ,Ռոյալ-Արմենիաե-ի դիմումի հիման
վրա հարուցվել էր քաղաքացիական գործ, որը քննում էր ՀՀ տնտեսական դատարանը։
Ընկերությունը պահանջում էր իր ներմուծած 14 խմբաքանակ ապրանքների համար ՄՊԿ-ի
սահմանած մաքսային արժեքները ճանաչել անվավեր:
Վերոհիշյալ քաղգործով ՀՀ տնտեսական դատարանը 26.09.2005թ. նիստում լսելով ՍՊԸ-ի
փաստարկները, դատական նիստը հետաձգել է մինչև 10.10.2005թ. , հնարավորություն տալով
ՄՊԿ-ին ներկայացնելու իրենց սահմանած մաքսային արժեքների համար հիմնավորումներ և
համապատասխան հաշվարկներ: ՄՊԿ-ի կողմից դատարանի պահանջները չբավարարելու դեպքում
ակնհայտ կդառնար այդ մաքսային արժեքների անհիմն լինելը, հետևապես նաև կբացահայտվեր
ՄՊԿ-ի 1 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամի մաքսանենգության փաստ հայտնաբերելու մասին
առասպելը:
Նշված քաղ.գործով 10.10.2005թ. նշանակված նիստը դատարանի նախաձեռնությամբ հետաձգվել
է մեկ շաբաթով և նշանակվել 17.10.2005թ. ժամը 15.00-ին: Դրանից մեկ օր անց,
11.10.2005թ. տեղի ունեցան վերոհիշյալ ձերբակալությունները, որոնց նպատակն է
խանգարել քաղգործի բնականոն ընթացքը և հնարավորություն տալ ՄՊԿ-ին խուսափելու
դատարանում, լիակատար հրապարակայնության պայմաններում պատասխան տալու անհիմն
մաքսային արժեքներ սահմանելու և պաշտոնական ատյաններին ու հասարակայնությանը
մոլորեցնելու համար, նշում է Panorama գործակալությանը: Քաղգործի ընթացքին հետևում
են ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Բռնությունների եւ անպատասխանատվության գագաթնակետն է Էջմիածնի քաղաքապետի
ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ շուրջ
մեկ տասնյակ մարդկանց առեւանգումը։ Ըստ քաղաքապետի թեկնածու Երվանդ Աղվանյանի
քարոզչական շտաբի հայտարարությունների, այս հանցագործության ղեկավարը եղել է
պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը նույնպես անձամբ ծեծել է
պատանդներին։ Առ այսօր տվյալ հանցագործությունը իշխանությունների կողմից չի ստացել
արժանի գնահատական:
Ինչո՞վ է պայմանավորված բռնության սաստկացումը։ Ադրբեջանում սպասվող պառլամենտական
ընտրությունները եւ ,գունավոր հեղափոխություններիե սինդրոմը դրդում են Իլհամ Ալիեւի
վարչակազմին դիմել ամենաբիրտ գործողություների։ Ձերբակալվում են ոչ միայն ընդիմադիր
գործիչները, այլեւ նրանց ազգականները, ոտնահարվում է խոսքի ազատությունը եւ այլն։
Ստեղծված իրավիճակում միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ադրբեջանի
վրա։ Բնականաբար Հայաստանը տեսադաշտից դուրս է մնացել։ Եւ իշխանությունների համար
ստեղծվել է լավագույն իրավիճակը, երբ հնարավորություն կա ճնշելու անցանկալի
տարրերին, ոտնահարելով մարդու իրավունքները, միաժամանակ խուսափելով միջազգային
կառույցների քննադատությունից։ Քանի որ Ադրբեջանում խառնաշփոթը ամենայն
հավանականությամբ շատ երկար չի տեւի, ապա Հայաստանի իշխանությունները կփորձեն
իրավիճակից առավելագույն օգուտ քաղել, ինչից ավելի շատ կտուժի քաղաքացիական
հասարակությունը։
