Չճանաչված պետության Սահմանադրությունը քաղաքական –իրավական իրողությու՞ն է, թե՞ դիվանագիտական պատրանք

Լեռնային Ղարաբաղը նույնպես մտածում է սեփական Սահմանադրության մասին

Կարող է չափազանց կատեգորիկ թվալ,եթե ասենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական
հիմնահարցը Հայաստանի ներքաղաքական կյանքում ձեռք է բերել ավելի մեծ նշանակություն,

քան հենց իր՝ Լեռնային Ղարաբաղի իրողությունը։ Սակայն դժվար է ժխտել այն
հանգամանքը,որ դրան ոչ համարժեք մեծ իմաստը, ինչպիսին ձեռք է բերել Ղարաբաղի
գաղափարը Հայաստանի ներքին քաղաքականության բնագավառում, հրատապ քաղաքականությունից
մի կողմ է թողել հետաքրքրությունը ղարաբաղյան պետության նկատմամբ։ Չնայած դրան, ԼՂՀ–ում
ընթացող մի շարք իրադարձություններ անկեղծ հետաքրքրություն են առաջացնում հայ
հասարակության շրջանում։ Առաջին հերթին նման ուշադրության են արժանանում այնպիսի
ներքաղաքական հիմնահարցեր, որոնք չեն առնչվում Հայաստանի քաղաքական շահերի հետ։
Նման հիմնահարցերից մեկը վերաբերում է ԼՂՀ–ում սկսված սեփական Սահմանադրություն
ընդունելու գործընթացին։ Վերջին մեկ տարում, երբ հայ հասարակայնության
ուշադրությունը կտրուկ սևեռվել է գործող Սահմանադրության մեջ փոփոխություն
կատարելու առաջիկա հանրաքվեի վրա, ավանդական ներքաղաքական հետաքրքրությունը
ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նկատմամբ զգալիորեն նվազել է։ Բայց նաև ԼՂՀ–ում
նկատելի է հետաքրքրությունը այդ հիմնահարցի նկատմամբ։ Այդպիսի հոգեբանական
մթնոլորտում հետաքրքիր է դառնում նաև ուշադրությամբ հետևել ԼՂՀ–ում ընթացող
սահմանադրական բանավեճերին։ Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է, ինչ ԼՂՀ–ում սեփական
Սահմանդրություն ընդունելու մտադրության մասին լուրերը հետաքրքրություն են
առաջացնում ոչ միայն Ղարաբաղի ներսում, այլև նրա սահմաններից դուրս դրանով
շահագրգիռ ինստանցիաներում։ Մեզ համար այդ թեման հետաքրքիր է նաև նրա համար,որ
հնարավորություն կտա ավելի բազմակողմանի իմաստավորել Սահմանադրության
նշանակությունը պետության կառուցման գործում։ Չէ որ հենց ԼՂՀ–ի դեպքում մենք
հնարավորություն ունենք պատասխանելու այս հարցին. արդյո՞ք հնարավոր է ձևավորել
սահմանադրական պետություն միջազգայնորեն չճանաչված լինելու պայմաններում։ Կամ,ավելի
ճիշտ, կարո՞ղ է սահմանադրությունը դառնալ պետության կառուցման իրական միջոց, եթե
այդ պետությունը չի ճանաչված։ Ինչպես տեսնում ենք, այս հարցը դուրս է գալիս
ներղարաբաղյան թեմատիկայի շրջանակներից։

Պետք է ասել, որ չնայած Հայաստանում ծավալված սահմանադրական գործընթացի լայն թափին,
երկրի հասարակությունը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ դիտարկումները, դեռևս հեռու
է սահմանադրական պետության կուլտուրայի մասին բավարար գիտելիքների տիրապետումից։
Այդ հանգամանքը ոչ միայն խեղաթյուրում է Սահմանադրության շուրջ կառուցողական
բանավեճերի ընթացքը, այլև ավելորդ քաղաքականացնում է ներքաղաքական իրադրությունը։

Երկրի պետական կյանքում Սահմանադրության նշանակությունը ավելի խորը հասկանալու
պահանջը ոչ միայն ունի իրավիճակային պրակտիկ նշանակություն, այլև շաղկապված է
պետական շինարարության ամբողջ գործընթացի վերաիմաստավորման անհրաժեշտության հետ։
Ինչպես թվում է, Հայաստանի քաղաքացիների կյանքի անբավարարվածության հիմնական
պատճառները թաքնված են հենց Սահմանադրության դերի ռազմավարական նշանակությունը
չհասկանալու մեջ։ Միայն պետության ճանաչումը դեռևս նրա հաջող գործունեության պայման
չէ։ Այստեղ էլ բացվում է սահմանադրական կուլտուրայի հետաքրքրության տարածքը, անկախ
նրանից, թե մարդկանց առջև որտեղ է ծառանում Սահմանադրության ընդունման հիմնահարցը։

Սահմանադրության դերի նշանակությունը Լեռնային Ղարաբաղի պայմաններում կարող է
բացահայտել շատ հետաքրքրություններ նաև ճանաչված պետությունների համար։ Եվ իրոք,
եթե հաշվի առնենք, որ Սահմանադրությունը որոշակի տարածքի քաղաքացիների փոխադարձ
համաձայնությունն է տվյալ տարածքի պետական կառուցվածքի սկզբունքների մասին, և եթե
քաղաքացիները իրենց գործողություններում իրականում ելնում են այդ փոխհամաձայնության
սկզբունքներից (ոչ թե, ասենք, երկրից դուրս գտնվող որևէ հեղինակավոր ինստանցիայի
թելադրանքով), այդ դեպքում ի՞նչ դեր կարող է խաղալ այդ երկրի չճանաչված լինելը։

Առաջին հայացքից թվում է, թե այդ Սահմանադրության նակատմամբ արտաքին ցանկացած
ինստանցիաների վերաբերմունքը ոչինչ չի կարող փոխել այդ Սահմանադրությունն ընդունած
քաղաքացիների կյանքում։ Թվում է, թէ իրենց ներքին կյանքում այդ օրինականացման ակտը
ամեն ինչ է։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Չճանաչված պետության քաղաքացիների
համար այդպիսի Սահմանադրությունը օբյեկտիվորեն ձեռք է բերում ռազմավարական
նշանակություն, անմիջականորեն ազդելով իրենց քաղաքական հիմնահարցերի նկատմամբ
միջազգային կարծիքի վրա։ Այդ տեսակետից պետք է խոստովանել, որ ԼՂՀ–ի
Սահմանադրության ընդունումը պետք է դառնա նշանակալի իրողություն ընդհանուր առմամբ
ղարաբաղյան հիմնահարցում։ Այդ տարածքի բնակչությունը հերթական անգամ կարտահայտի իր
կոլեկտիվ համաձայնությունը անկախ պետականության կառուցման գործում, դրանով իսկ
օրենքի տեսք կտա իր մտադրություններին, այսինքն դրանք պարտադիր կդարձնի բոլորի
համար։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության առաջին կոլեկտիվ համաձայնությունը
տեղի է ունեցել Հայաստանի կազմում ապրելու իրենց հանրագրի (պետիցիա) ընդունման
ժամանակ։ 1987թ. կազմված այդ փաստաթուղթը ստորագրել է ԼՂԻՄ–ի ողջ բնակչությունը,
դրանով իսկ հիմնավորելով իր ազատ քաղաքացիական շարժումը՝ հանուն իր Կոլեկտիվ
Համաձայնության պաշտպանության։ Շարժումը ձեռք է բերել ընդհանուր բնույթ և որպես
համընդհանուր խնդիր ընդունվել Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կողմից։
Ստորագրված փաստաթղթի ռազմավարությունը օրենք է դարձել բոլորի համար։ Պատահական չէ,
որ ԼՂԻՄ–ի ներկայացուցչական մարմինը հնազանդորեն ընդունել է իր որոշումները,
ելնելով մարզի բնակչության կոլեկտիվ կամքից։ Այդ փաստաթուղթը ուժի մեջ է միչև հիմա։
Չնայած նրան,որ 1991թ. դեկտեմբերին ԼՂՀ–ում անց է կացվել անկախության հանրաքվե, որը
փաստորեն դարձել է այդ տարածքի բնակչության նոր կոլեկտիվ համաձայնություն,այսօր
հաճախ կարելի է հանդիպել ԼՂՀ շատ քաղաքացիների համաձայնությանը Հայաստանի հետ
միավորվելու գաղափարին։

Կոլեկտիվ համաձայնությունները հեշտությամբ չեն տրվում։ Իսկ երբ ծառանում է կյանքի
գնով այդ համաձայնության պաշտպանությունը, նման համաձայնությունը ձեռք է բերում
ռազմավարական նշանակություն այն ընդունողների համար, դառնալով ազգային
քաղաքականության հիմք։ Այստեղ կողմնակի կարծիքները քիչ նշանակություն ունեն։
Ղարաբաղյան շարժման ողջ պատմությունը դրա հաստատումն է։ Ելնելով վերը ասվածից,
հրատապ է դառնում ԼՂՀ քննարկվող Սահմանադրության խորը դիտարկման նշանակությունը։ Չէ
որ պետք է հասկանալի լինի, որ ԼՂՀ ժողովուրդը մոտենում է այն բնագծին, երբ անկախ
պետականության գաղափարը կարող է հասնել ազգային Օրենքի աստիճանի, համապատասխանաբար
դառնալով պարտադիր բոլորի համար։ Այսինքն, ընդունելով անկախ պետության
Սահմանադրությունը, ԼՂՀ ժողովուրդը մի կողմ է թողնում մյուս բոլոր կարծիքները ԼՂՀ
հետագա կարգավիճակի մասին։ Ինչպե՞ս դա կարող է համատեղել միջազգային
դիվանագիտության կողմից կիրառվող կարգավորման հետ, երբ ԼՂՀ կարգավիճակը դասվում է
այնպիսի հիմնահարցերի շարքում, որոնց դեպքում պետք է տեղի ունենա բոլոր հակամարտող
կողմերի համաձայնությունը։ Չէ որ միջազգային հասարակայնությունը հակված է ԼՂՀ
կարգավիճակը որոշել ոչ թե ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտության, այլ ավել լայն
ինստանցիաների համաձայնության հիման վրա։ Այստեղ հետաքրքիր կլիներ ԼՂՀ ներկայիս
ղեկավարների կարծիքը։ Սովորաբար Սահմանադրության ընդունումը կամ նորացումը
ներկայումս ավելի շատ շաղկապվում է ոչ թե երկրում սահմանադրական կարգերի ամրապնդման
անհրաժեշտության հետ, այլ ավելի շատ պահի այս կամ այն քաղաքական պահանջարկի հետ։
Թվում է, թե ԼՂՀ–ի դեպքում առկա է նաև վառ արտահայտված արտաքին քաղաքական պահը։ Եթե
ԼՂՀ անկախությունը դառնա ազգային Օրենք, ապա ԼՂՀ–ում անկախության դեմ ուղղված ցանկացած
գործողություն պետք է դիտվի որպես պետական հանցագործություն։ Արդյո՞ք դրան պատրաստ
են իշխանությունը և հասարակությունը։

Բնականաբար, առաջ քաշելով Սահմանադրության ընդունման գաղափարը, ԼՂՀ
իշխանությունները ունեցել են իրենց քաղաքական ըմբռնումը։ Սխալ կլիներ ենթադրել, թե
ներքաղաքական նման հանգամանքները չեն գիտակցել։Այդ դեպքում պետք է խոստովանել, որ
ԼՂՀ–ում կամ ներկայացվում է ներքաղաքական լուրջ հայտ, կամ այդ գործողությունների
շարժիչ ուժը ունեցել է այլ դրդապատճառներ։ Բոլոր դեպքերում եթե Սահմանադրության
ընդունման դրդապատճառները միայն երկրում օրինական կարգուկանոնի ամրապնդման նպատակն
է, բնականաբար դեռ սկզբում դա պետք է վերաբերեր Հայաստանի և ԼՂՀ–ի միջև
իրավականորեն չկարգավորված հարաբերություններին, որտեղ ավելի շատ խոցելի կողմեր կան։
Այդ հարաբերությունների կարգավորումը ներքաղաքական մեծ արդյունք կտար։ Եվ ապա
հնարավոր կլիներ մտածել ներքին կարգավորման մասին։ Իսկ երբ գերակշռում են արտաքին
քաղաքական շահերը, այդ ժամանակ նպատակահարմար կլիներ երկրում լայնորեն քննարկել
նման մտադրությունները։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ավանդաբար լուրջ վերաբերմունք ունի իր Կոլեկտիվ
Համաձայնության նկատմամբ։ Այդ բնագավառում ցանկացած նոր նախաձեռնություն պետք է
խորը կշռադատված լինի։ Միամտություն է մտածել, որ ԼՂՀ–ն կարող է լինել ձևականորեն
գործող օրենսդրության տարածք։ Չճանաչված լինելը այստեղ ունի առաջադիմական
նշանակություն՝ ի տարբերություն ետխորհրդային շատ տարածքների, որտեղ առկա են ձևական
Սահմանադրություն և անկաշկանդ քաղաքական կառուցվածք։ Վերջին դեպքում նման
շռայլություն թույլատրելի է, սակայն ոչ չճանաչված կազմավորումների համար։