"Կազմակերպված" քաղաքացիական հասարակություն

Խորհրդային Միության փլուզումը ուղեկցվեց մի քանի տարի տևած անիշխանությամբ և տնտեսական կաթվածով: Հայաստանում այդ տարիներին իշխանությունը պատկանում էր ոչ թե պետությանը, այլ "Ղարաբաղ" կոմիտեին, ԱԻՄ-ին, տարածքային և արտադրական սկզբունքներով գործող ոչ ‎Ֆորմալ հասարակական կազմակերպություններին: Այսինքն իշխանությունը հիմնականում պատկանում էր քաղաքացիական հասարակությանը: Իշխանությունը ձևավորվում էր հասարակական ինքնագործունեության, ինքնակազմակերպման և քաղաքացիական նախաձեռնության սկզբունքներով: Փաստորեն ՀՀՇ-ն նույնիսկ կառավարող ուժ դառնալուց հետո էլ, սկզբնական շրջանում, իր գործունեությունը վարում էր քաղաքացիական հասարակությանը կանոններով: Հիշենք, թե այդ տարիներին որքան էին կարևորվում փոխօգնության և համերաշխության դրսևորումները:

Դա ցույց էր տալիս նաև քաղաքացիական հասարակության ևս մեկ առանձնահատկությունը: Եթե անցումային շրջանում քաղաքացիական հասարակության մաս կազմող հասարակական կազմակերպությունների "հակապետական գործունեությունը" ակնհայտ էր՝ վերևից իջնող կարգադրություններին հակադրված էր քաղաքացիական կազմակերպվածությունը, ապա պակաս ակնհայտ էր քաղաքացիական հասարակության հակատնտեսական գործունեությունը: Ատոմակայանի և "Նաիրիտի" օրինակները առավել քան բնորոշ են: Բանն այն է, որ տնտեսական գործունեությունը կամ ենթարկված է պետական մեքենային, կամ գործում են մրցակցության սկզբունքով, կամ երկուսի խառնուրդն են: Մրցակցության սկզբունքը կարող է գործել միայն պահանջմունքների բավարարման անհավասար տեմպերի շնորհիվ, երբ ավելի ձեռներեցները իրենց պահանջմունքները բավարարում են ավելի արագ, ավելի լիակատար ծավալով: Քաղաքացիական հասարակությունում համերաշխության և փոխօգնության հարաբերությունների շնորհիվ պահանջմունքների բավարարման մեջ դիտվում է որոշակի համահարթեցում: Հիշենք մինչպետական զարգացման մակարդակի վրա գտնվող արխայիկ հասարակությունները, որտեղ գերիշխողը փոխօգնության, փոխադարձ անվերադարձելի նվերների համակարգնէ: Տնտեսական քայքայման պատճառով կարևոր էր դարձել արտաքին օգնությունը: Միջազգային համերաշխության դրսևորումը օրինակ էր ծառայել մեր հայրենակիցների համար: Հավանաբար էլ երբեք չեն լինի բարեգործական ուղղվածության այնքան կազմակերպություններ, քան այդ տարիներին էին: Բայց հիշենք նաև դրա չարաշահման օրինակները:

Ամփոփելով կարող ենք ասել, որ 90-ականների սկզբում առկա էին քաղաքացիական հասարակության գոյության համար բարենպաստ և` քաղաքական, և` տնտեսական պայմանները: Իշխանությունները, որոնց ծնել էր քաղաքացիական հասարակությունը, հաշվի էին առնում վերջինի քաղաքական հնարավորությունները:

Այդ հնարավորություններից հիմնականում օգտվում էր քաղաքական ընդիմությունը, այդպիսով քաղաքացիական հասարակությունը շանս էր տալիս ունենալ բաց և հասարակության կողմից վերահսկելի ապագա: Քանի որ մեզ մոտ սկսվեց սեփանակաշնորհման քաղաքականությունը, այսինքն` այն ինչ պատկանում էր բոլորին, պետք է բաժանվեր քչերին, քաղաքացիական հասարակության սաղմերը սկսվեցին ոչնչացվել: 95-ի և 96-ի ընտրությունները մեծ հարված էին քաղաքացիական հասարակությանը, որոնք հասարակության համար կարևոր "դաստիրակչական" նշանակություն ունեին: Այլևս երկրի տերերը մարդկանց այն խումբն է, որն բաղկացած է հատուկ տնտեսական շահեր ունեցող ու նրանց սպասարկող անձանցից:

1998-ի իշխանափոխությունը էական փոփոխություններ մտցրեց հայաստանյան քաղաքացիական հասարակության հնարավորությունների առումով: Փաստորեն վախենում էին, որ եթե իշխանափոխությունը իրականացնի քաղաքացիական հասարակությունը, ապա վերնախավի մի մասը կզրկվի տնտեսական և քաղաքական արտոնություններից: Քաղաքական ընդիմադիր կուսակցությունները, նոր իշխանություններից ստանալով համապատասխան արտոնություններ, դադարեցին աջակցել քաղաքացիական հասարակությանը:

Ինչպես նշել ենք, քաղաքացիական հասարակության և շուկայի շահերը հակադիր են: Ավելի շատ քաղաքացիական հասարակություն, նշանակում է պահանջմունքների ավելի շատ համահարթեցում: Դա հատկապես չէր բավարարում տնտեսական օլիգարխներին: Մինչև այսօր էլ նրանց մասնակցությունը քաղաքացիական հասարայկության կայացմանը, մասնավորապես բարեգործական ընկերություններին, աջակցությունը մշակութային կյանքին նվազ է ու հիմնականում խորհրդանշական: Աջակցության հիմնական մասը գալիս է դրսից, քանզի դրսի խոշոր տնտեսական սուբյեկտներին հայաստանյան քաղաքացիական հասարակությունը վտանգ չի ներկայացնում և նույնիսկ քաղաքական հավակնությունների առկայության պայմաններում, հնարավոր դաշնակից է:

Ներկա իշխանությունների կարգախոսը "կազմակերպված" պետությունն է: Ազատությունները և քաղաքացիական հասարակությունը հիմնված են ինքնակազմակերպման և ինքնագործունեության սկզբունքի վրա: Այդպիսի կարգախոսը կարող է սպառնալ քաղաքացիական հասարակության գոյությանը, այն կարող է բոլորովին անհետանալ, լիովին վերահսկվելով պետության կողմից: Իսկ դա նշանակում է, հասարակությունը այլևս չի վերահսկում իր ապագան: Այնտեղ, ուր առկա է քաղաքացիական հասարակություն, ավտորիտար վարչակարգերին չի հաջողվում գողանալ և սեփականել ժողովրդի ապագան և` հակառակը: "Կազմակերպված" պետությանը կարող է հակազդել միայն "կազմակերպված" քաղաքացիական հասարակությունը: