Քաոսային արժեհամակարգ չի՛ լինում

Սուրբ գրքի առաջին տողերն ասում են. "Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:

Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, ու Աստծու հոգին շրջում
էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. "Թող լոյս լինի": Եւ լոյս եղաւ: Աստուած տեսաւ, որ
լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ
խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ` օր առաջին": Նույն բանն է
ասում նաեւ հունական դիցաբանությունը, նույնն են ասում բոլոր ուսմունքները` նախ
կանոնակարգվեց քաոսը, ստեղծվեցին արժեքները: Այս ճամփան անցնում են Աստծո արարած
մարդիկ ու նրանց միավորումները, այդ թվում` ժողովուրդ միավորումը: Եվ առաջին
տարանջատումը կատարում են` լույսը խավարից զատելով, պարզապես մշտապես փոխվում են
լույսի եւ խավարի սահմանումները: Մենք` հայերս, կարծես, հայտնվել ենք մի
անվերջանալի աղջամուղջի մեջ, մինչդեռ ժամանակակից աշխարհն արժեքային այդ
սահմանազատումը հաջողությամբ կատարում է սահմանադրությունների միջոցով: Քավ լիցի,
սահմանադրության քննարկման մասնակցելու ոչ մի մտադրություն չունենք, ավելին` նրանց,
ովքեր այսօր մտել են ապօրինի իշխանության կազմակերպած այդ խաղի մեջ, համարում ենք
ապօրինության գործակալներ:
 

Անկախություն ձեռք բերած ժողովուրդները մարդկային բարձրագույն արժեք են հռչակում
ազատությունն ու աշխատում նրա դրսեւորման առավել արդյունավետության ու
ամբողջականության համար: Հետո, ճիշտ աստվածաշնչյան Աստծո օրինակով, փորձում են
առավել կենսունակ ենթաարժեքներ ստեղծել, որով կամրակայվի ինքը` Մարդու
Ազատությունը: Առ այսօր, թեեւ մեր անկախության հռչակման պահից անցել է մեկուկես
տասնամյակ, մեր հասարակությունը ոչ միայն լիարժեքորեն չունի Ազատության գիտակցումը,
այլեւ քայլեր չի ձեռնարկում Ազատությունն ամրագրելու, նրա սահմաններն ընդարձակելու,
ամեն ոլորտում դրսեւորում ապահովելու ուղղությամբ:

Ֆրանսիացիները, գերմանացիները, անգլիացիները, նույնիսկ ռուսներն աշխարհի բոլոր
ծագերում, իրենց օրվա հացից մասնահանումներ անելով, ստեղծում են իրենց լեզուն
տարածելուն կոչված կառույցներ` հստակ պատկերացնելով, որ իրենց ազատության գերագույն
առհավատչյան իրենց լեզուն է: Մոսկվայի Հին Արբատի կողքին վեր հառնած գերժամանակակից
Նոր Արբատում նույնիսկ կգտնեք այդ առողջ զգացողության դրսեւորումը. ոչ միայն բոլոր
ազդագրերն ու ցուցանակներն են ռուսերեն, այլեւ թարգմանված կամ տառադարձված են
բոլոր` համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմային տարբերանշանները: Մեծ մեղք կլինի
ամբողջ Մոսկվային ազգայնականության, ռուսոֆիլության մեջ մեղադրելը:

Կարող ենք մտածել, որ սրանք մեծաքանակ ժողովուրդներ են, այլ է հանգամանքը փոքրերի
հարցում. ո՛չ: Նույնն է պարագան ցանկացած առողջ ժողովրդի մեջ: Չեխերը, օրինակ, որ
նույնքան են, որքան մենք աշխարհում, իրենց մայրաքաղաքը նույնքան բնակչություն ունի,
որքան մերը, դարձյալ ամեն ինչ գրում են բացառապես իրենց լեզվով, թեեւ իրենց երկրում
մշտապես այնքան այլազգի զբոսաշրջիկներ են լինում, որքան իրենց մայրաքաղաքի
բնակչությունն է: Այստեղ էլ կարող ենք հակառակ բացատրություն բերել, թե դա հատուկ է
կորստի զգացողության մեջ գտնվող փոքրաքանակ ժողովուրդներին: Բայց տեսնում ենք, որ
դա հատուկ է եւ՛ մեծին, եւ՛ փոքրին, ուստի մեր բացատրություններն անհիմն են:
Պարզապես դա հատուկ է ցանկացած առողջ օրգանիզմի, եւ դա ընկալելու անընդունակ են
միայն հիվանդները: Ու եթե անգլիացուն ու ֆրանսիացուն, ռուսին ու չեխին, մեր հարեւան
իրանցուն ու վրացուն կհամարենք ազգայնական կամ այլատյաց, ապա ոչ միայն զրպարտիչ
կկոչվենք, այլեւ, ուրեմն, ինչ-որ չհիմնավորված վախ է մեր մեջ խոսում,
հիվանդությունից ծնված եւ հիվանդագին վախ, իռացիոնալություն` միով բանիվ:
 

Աշխարհի առողջ ժողովուրդները, ամենեւին այլատյաց չլինելով (ավելին` հենց նրանցի՛ց է
պետք ակնկալել առողջ մարդասիրությունը), գերագույն ազգային արժեք ունենալով
մայրենի
լեզուն
, բնականաբար առողջ են գործում կյանքի բոլոր ասպարեզներում. առողջությունը
դրսեւորվում է ամենուր: Այսպես, կոմունիստական աշխարհակարգի դեմ հայերս ամենեւին էլ
ոչ քիչ թվով պայքարողներ տվեցինք. ավելի քան հարյուր հայ քաղբանտարկյալ ունեցանք
կոմունիստական զնդաններում: Բայց ինչպե՞ս էր նրանց վերաբերում (եւ որ ցավալին է`
մինչեւ այսօր էլ ինչպիսին է այդ վերաբերմունքը) հայ հասարակությունը: Թեեւ այսօր
հավուր պատշաճի գովաբանվում է անկախությունը, սակայն 1960-70-ականների հայ
քաղբանտարկյալները, իրենց գործունեությամբ վարչակազմի դեմ ելած շատ քիչ թվով
մտավորականները համարվում են անիրատեսներ` կարծես իրատեսությունը ստրուկի շղթաները
չլքելու մասին երազ չունեցողներն են: Մինչեւ այսօր էլ հասարակության ոչ միարժեք
վերաբերմունքը պետության հիմնադիր-նախագահի նկատմամբ ունի մեկ եւ միակ պատճառ.
ներքուստ չեն կարողանում համակերպվել այն մտքին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը զրկեց
իրենց խորհրդային կիսակուշտ ստրուկ լինելու երանավետությունից: Ավագ սերնդի
ստրկամիտ հատվածի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին չի ներվում հենց անկախությունը: Եվ
սուտ են բոլոր այն պատճառաբանումները, որոնք աղերսում են իրենց զգացողությունները
Ղարաբաղի, պատերազմի հետեւանք զոհողությունների հետ: Դրանք անկախությունը, սեփական
պետությունը մերժելու համար ընդամենը ինքնարդարացման դրսեւորումներ են, ստրուկին
հատուկ խեղված ինքնապահպանման բնազդի դսեւորումներ: Իսկ, ինչպես քիչ առաջ ասվեց,
առողջ ժողովուրդներն ինքնապահպանման իրենց բնազդը ընտրասերել, խարսխել են այլ
արժեքների վրա: Մեր զգացողությունն առողջ ժողովուրդների հետ միայն մեկ ընդհանուր
շփման տիրույթ ունի` ինքնապահպանման բնազդը, բայց խորապես տարբեր են այդ հիմնական
բնազդի դրսեւորման կերպերը:

Ուսանող ժամանակ` սրանից 20 տարի առաջ, մի քանիսիս համար հիացմունքի եւ
ընդօրինակման առարկա էին արժանապատվության համար գործած անհատները, որոնցից քչերի
անունները գիտեինք` Հայկազուն Խաչատրյան, Ազատ Արշակյան, նույն ինքը` գիտնական
Լեւոն Տեր-Պետրոսյան, գյուղացի տղա Կնյազ Մկրտչյան (որ ասում էր. "Եթե վաղը պետք է
մեռնի իմ լեզուն, ապա թող ես այսօր մեռնեմ"), Սախարով, Սոլժենիցին, երկու չեխ տղա`
19-20 տարեկան (Յան Պալախ եւ Յան Զայից), որ որպես խորհրդային տանկերի` իրենց երկիր Սրանք ինքնապահպանման
բնազդի առողջ դրսեւորումներն էին` ազնիվ եւ արժանապատիվ: Մնացյալը հորինում էր`
"Որտեղ հաց` այնտեղ կաց", "Ոնց գեղի նախիրը, էնպես էլ պառավի մոզին": Այս
կարգախոսներով ապրողները դեռ մեզ հետ են, մեր ավագ սերունդն են, որ չեն ներում
ազատարարներին, իսկ ազատարարները, չունենալով աստվածաշնչյան Մովսեսի 40 տարվա
ժամկետը, որ ազատության մեջ ծնվածների անհրաժեշտ քանակ ապահովեն, պարտվեցին: Բայց
ժամանակավոր. միշտ էլ գիշերվան ցերեկն է հաջորդում: Սակայն մեկ գիշերն էլ հերիք է,
որ խավարի որդիները կարողանան իրենց գործն անել` Հիսուս մատնել ու չարչարել, ապա
խաչը հանել: Դե հիմա փորձենք տեսնել ինքնապահպանման բնազդի մերօրյա դրսեւորումները`
արտագաղթ, հասարակության մտածողության քրեականացում, մշակութային է՛լ ավելի
ասիականացում, համակեցության օրենքների սափրագլխացում: Վերջերս ազատամարտիկ
բարեկամներիցս մեկը շատ դիպուկ մի օրինակ հիշեց. պատմում էր, թե ինչպես էր տեսել,
որ սպանդանոցում, երբ այնտեղ քշված ցուլերը զգում էին իրենց վերջը, սկսում էին իրար
անել այն, ինչն ազատության մեջ կանեին ոչ թե միմյանց, այլ իրենց էգ տեսակի հետ`
ապահովելով կյանքի շարունակականությունը: Արդյո՞ք մահվան զգացողությունը չէ մեր
հասարակության խաղի մերօրյա վայրագ կանոնների պատճառը: Եթե ոչ, ուրեմն ամեն ինչ
ավարտվելու է շատ արագ ու անփառունակ, իսկ եթե` այո, ապա սպանդանոցից` կենդանուց
տարբեր ելք է պետք գտնել:

Ելքերը գտնելու համար էլ հանճար ամենեւին չի պահանջվում. պարզապես պետք է բացել
Սուրբ գիրքը եւ կարդալ գոնե առաջին տողերը, որ հստակ ասում են արժեքների
կանոնակարգման մասին: Որո՞նք են մեր արժեքները, այն արժեքները, որ տանելու են ոչ թե
կենդանաբարոյություն, այլ դեպի Ազատություն, Արժանապատվություն, Արդարություն...
Զավեշտալի է, որ այս եւ հարակից բոլոր արժեքների անուններով նույնիսկ
կուսակցություններ ու դաշինքներ ունենք: Աստված օգնական: