ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրական փոփոխությունները կփոխարինեն հեղափոխությանը, եթե հասարակությունը կարողանա հասնել համաձայնության
Հայաստանի պաշտոնական պատվիրակության եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ
համաձայնություն է կայացել սահմանադրության փոփոխությունների շուրջ: Եթե Հայաստանի
իշխանությունները չփորձեն ընթացքում խորամանկել, եւ այդ տարբերակը հանրաքվեի դրվի
եւ ընդունվի, կարելի է ասել, որ Հայաստանում տեղի կունենա մի իրադարձություն, որն
իր հետեւանքներով հավասարազոր կլինի հեղափոխության եւ որակական փոփոխությունների
հեռանկարի առումով ավելին կլինի, քան հեղափոխությունը: Իրականում գունավոր
հեղափոխություններն առայժմ ոչ միայն չեն լուծել երկրների առջեւ ծառացած
հիմնախնդիրները, այլեւ ավելի են սրել դրանք, քանի որ, փաստորեն, օրենքը մնաց
նույնը, փոխվեցին միայն կառավարողները: Չնայած արտաքին լուրջ աջակցությանը,
ներազգային կյանքի կարգավորման, օրենսդրության, տնտեսական ազատականացման,
կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ասպարեզներում այդ երկրներն առայժմ չեն կարողանում
հաղթահարել այն երեւույթները, որոնք կարող են հանգեցնել պետական եւ հասարակական
ինստիտուտների հետագա կազմալուծմանը, ժողովրդի հերթական հուսախաբությանը:
Որեւէ երկրի համար լավագույն ճանապարհը սահմանադրության հիման վրա պետականության
կառուցումն է եւ իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմների ներդրումը, որի
համար անհրաժեշտ է մարդկանց պայմանավորվածությունը հիմնական օրենքի շուրջ:
Հայաստանում անկախության շրջանում այդ պայմանավորվածությունը տեղի չի ունեցել:
Իշխանությունը Հայաստանում ձեւավորվել է հասարակության կամքին հակառակ եւ ոչ
իրավական գաղափարների հիման վրա, այլ` "իշխանության իրավունք ունենալու"
պատճառաբանությամբ: 1995թ. ընդունված սահմանադրությունը չգործեց եւ խախտվեց
բազմիցս: Դրա գագաթնակետը 1998թ. իշխանափոխությունն էր եւ ընտրությունները:
Իշխանության գալով, Ռոբերտ Քոչարյանը խոստացավ բարեփոխել սահմանադրությունը: Հիմա
նա հնարավորություն ունի հայտարարելու, որ կատարել է իր խոստումը: Սակայն եւս մի
քանի ընտրություններ անցան այդ սահմանադրության օրոք, որը խախտելը նոր "էլիտայի"
համար դարձել էր ինքնահաստատման միջոց, "մենթալիտետային" պահանջմունք:
2003թ. նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների նախընտրական եւ հետընտրական
շրջանում թեկնածուներն առաջին անգամ որդեգրեցին սահմանադրական գաղափարները.
ընդդիմության ճամբարը առաջ քաշեց "սահմանադրական կարգի վերականգնման" թեզը,
իշխանությունը` "սահմանադրական կարգի պաշտպանության" անհրաժեշտությունը: Դա
փաստորեն նշանավորեց Հայաստանում ավտորիտարիզմի նահանջը: Իշխանությունը ձեւավորվեց
կոալիցիոն սկզբունքով, որը թեեւ, ըստ էության, հակասահմանադրական համաձայնություն
էր, սակայն կառավարման կառուցվածքի եւ մեխանիզմների առումով որոշակի առաջընթաց էր:
Ընդդիմության պարտությունը պայմանավորված էր հենց դրանով` նրա ավտորիտար
կառուցվածքին իշխանությունը հակադրել էր կոալիցիոն համաձայնությամբ ձեւավորված լայն
կադրային բազա, որը ենթադրում էր նաեւ պատասխանատվության եւ պարտավորվածությունների
լայն շրջանակ:
2003թ. իրադարձությունների հետեւանքով Էթնիկ-ավտորիտար գաղափարների նահանջի եւ
իրավական գաղափարների թուլության պայմաններում դաշտը զբաղեցրեց քաղաքականապես
համախմբված կրիմինալը, որն իրականացնում է հասարակական նախաձեռնությունների
պերմանենտ անտեսման եւ ընտրական մեխանիզմների չեզոքացման գործառույթը: Գրավելով
պետական եւ հասարակական ինստիտուտների ղեկավարման լծակները եւ հասարակության մեջ
ներդնելով կլանային կախվածության մեխանիզմը, քաղաքականապես համախմբված կրիմինալը
սկսում է որդեգրել "ազգային" գաղափարները, թույլ չտալով իրավական եւ սահմանադրական
գաղափարների մուտքը: Իր հերթին, հասարակության թույլ իրավագիտակցության եւ
քաղաքական կուսակցությունների ավտորիտար բնույթի պայմաններում անհնար է հաղթահարել
այսպիսի իրավիճակը: Եւ կրիմինալ-կլանային համակարգի ապամոնտաժումը հնարավոր է
դառնում միայն "դրսից" /բանն այն է, որ այդպիսի համակարգը վտանգավոր է ոչ միայն
սեփական երկրի, այլեւ միջազգային անվտանգության եւ համագործակցության տեսակետից,
ըստ այդմ` այն պետք է ապամոնտաժվի/: Իհարկե, ցանկացած արտաքին միջամտություն վատ է,
սակայն երբ հասարակությունը չի կարողանում ձեւավորել հզոր քաղաքացիական բեւեռ եւ
լուծել իր խնդիրները, արտաքին միջամտությունը դառնում է անխուսափելի: Գունավոր
հեղափոխությունները հիմնականում այդ իրավիճակի հետեւանքն էին, որոնք, սակայն, բացի
"ժողովրդի ոգին բարձրացնելուց", չեն նպաստում բուն ներքին խնդիրների լուծմանը, քանի
որ առայժմ բացակայում են օրենսդրական համապատասխան բազան եւ հասարակական լայն
համաձայնությունը: Իսկ "դրսին", բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում են արտաքին
քաղաքական իրողություններն ու առաջնահերթությունները:
Չնայած ապագա զարգացումների շուրջ ամենատարբեր ենթադրություններին, Հայաստանի
համար, կարելի է ասել, "ընտրվել" է ամենամեղմ տարբերակը. միջազգային կառույցների
լուրջ ճնշումների արդյունքում իշխանությունները համաձայնվել են սահմանադրության
բարեփոխման այն տարբերակին, որն իրական հիմքեր է ստեղծում երկրում համակարգային
փոփոխությունների, մասնավորապես իշխանության թեւերի հավասարակշռության, ընտրական
մեխանիզմների ներդրման համար: Մյուս կողմից, հասարակության եւ քաղաքական ուժերի
հավանությանն արժանացած տարբերակի հանրաքվեն կարող է նպաստել հասարակական
համաձայնության կայացմանը, առանց որի հնարավոր չէ լուծել որեւէ խնդիր: Իհարկե, չկա
որեւէ երաշխիք, որ նոր, բարեփոխված սահմանադրությունն էլ չի կեղծվի: Բայց սա արդեն
հասարակության, քաղաքական ուժերի խնդիրն է, եւ ոչ` որեւէ "ներսի" կամ "դրսի": Եւ
եթե հասարակությունը կարողանում է լուծել այս խնդիրը, այսինքն ստեղծում է որակապես
այլ, քաղաքացիական բեւեռ եւ իրականացնում է իր բուն գործառույթները, սա արդեն
այնպիսի հեղափոխություն է, որի մասշտաբները համեմատելի չեն գունավոր
հեղափոխությունների հետ:
Ինչը կարող է խանգարել այս ընթացքին, եւ ինչու սահմանադրության փոփոխությունների
շուրջ համաձայնությունն այդքան ուշ կայացավ, երբ այն համապատասխանում է
հասարակության եւ քաղաքական ուժերի շահերին: Պատասխանը մեկն է` այս գործընթացը
սպառնում է Հայաստանում հաստատված կլանային-կրիմինալ համակարգին եւ նրա
ապամոնտաժման սկիզբն է: Հենց այս համակարգն էլ փորձելու է ամեն կերպ խոչընդոտել
սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ տապալել հանրաքվեն: Դրա համար նա
բավական ռեսուրս եւ հարուստ փորձ ունի, ինչպես նաեւ կադրային համապատասխան բազա`
ընդհուպ զինված բանդաները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները,
լրատվամիջոցները եւ այլն, որոնք ստեղծվում կամ գնվում են նրա կողմից: Խոչընդոտելու
են խոշոր բիզնեսի տեր դարձած պետական չինովնիկները, որոնց գործունեությունը դուրս է
օրինական որեւէ հարթությունից: Խոչընդոտելու են օլիգարխները, որոնց
գերիշխող-մոնոպոլ դիրքին վտանգ է սպառնում: Խոչընդոտելու են "ռազմահայրենասիրական
էլիտան" եւ նրանց ենթարկվող կազմավորումները, որոնք իրենց գոյությունը կառուցել են
"ազգին ծառայելու եւ ազգին իրավունք ունենալու" կարգախոսներով: Խոչընդոտելու են
տարբեր ճամբարներում գտնվող մանրումեծ կուսակցությունները, որոնց բաժին է հանված
բիզնեսից ու սեփականությունից: Որպես "գաղափարական" քարոզչություն օգտագործվելու է
"Քոչարյան-կոալիցիա" վարկաբեկված բրենդը եւ "ղարաբաղցիները մեզ կերան" հանցավոր
կոնցեպցիան, ինչպես նաեւ զանազան "ազգային" հիմնավորումներ: Եվ պետք է ասել, որ
նրանց հաջողության հնարավորությունները մեծ են` հասարակության եւ քաղաքական ուժերի
թուլության եւ ցածր իրավագիտակցության պատճառով: Եվ հենց նրանք ի վիճակի են
իշխանությանը մղել խորամանկության եւ տապալել նոր սահմանադրության ընդունումը:
