ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարավային Կովկասի նոր ձեվավորվող անվտանգության համակարգը
Միջազգային անվտանգությունը, ինչպես եւ տարածաշրջանային անվտանգությունը բազմաշերտ

եւ բազմաբովանդակ հասկացություն է եւ ներառում է երեք չափորոշիչներ՝ ռազմաքաղաքական,
տնտեսական ու մարդկային: Ընդ որում, անվտանգության ժամանակակից ընկալմամբ էապես
մեծացել է նրա տնտեսական ու մարդկային չափորոշիչների դերը, որոնք ընդգրկում են նաեւ
բնապահպանական անվտանգությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները,
ԶԼՄ-ները, օրենսդիր դաշտը, հումանիտար ոլորտը եւ այլն:
Խորհրդային Միության փլուզումից հետո անցած 14 տարիներին աշխարհում կատարվող
փոփոխությունները բերեցին հարավկովկասյան տարածաշրջանի տեղի եւ դերի որակական
փոփոխության: Եթե 19-րդ դարից սկսած Հարավային Կովկասի երկրների ու ժողովուրդների
միակ եւ այլընտրանք չունեցող գործընկերը Ռուսաստանն էր, որը 70 տարի հնադես էր
գալիս ԽՍՀՄ-ի դիմակով, ապա ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Հարավային Կովկասի նորանկախ
պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի անկախություն ստանալուց հետո
իրադրությունը սկսեց արագորեն փոխվել: Այս փոփոխությունները վերաբերում են
անվտանգության համակարգի բոլոր երեք չափորոշիչներին: Այսպես, մինչեւ 1992 թվականը
հարավկովկասյան ժողովուրդները գտնվում էին ԽՍՀՄ-ի ոչ միայն "ուժային" պաշտպանության
տակ, այլեւ տնտեսական, գիտական, մշակութային, սպորտային ու հասարակական կյանքը
նույնպես ենթակա էր Կրեմլի կոշտ վերահսկողությանը: Այսօր դրությունը կտրուկ փոխվել
է: Անկախության տարիներին Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ուղիղ, առանց
միջնորդների, դիվանագիտական հարաբերություններ են հաստատել աշխարհի ավելի քան
հարյուր երկրների հետ, նրանց հետ զարգացնելով իրենց կապերը բոլոր հնարավոր
ուղղություններով: Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի լիիրավ
անդամներ են: Այս երկրների գործընկերների թվում են ԱՄՆ-ը, Եւրոպայի, Մերձավոր
Արեւելքի, Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը, իրենց անմիջական հարեւաններ
Թուրքիան, Իրանը, ինչպես նաեւ այնպիսի ազդեցիկ միջազգային կազմակերպություններ,
ինչպիսիք են ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն: Ռուսաստանի կողմից փորձ կատարվեց Անկախ պետությունների
համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության
կառույցների ստեղծման միջոցով խորհրդային նախկին հանրապետություների միջեւ ապահովել
ընդհանուր ռազմաքաղաքական տարածք: ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի գոյության ընթացքում ստորագրվել
եւ ընդունվել է հազարից ավել փաստաթուղթ, սակայն դրանցից գործում է միայն մոտ
յոթանասունը: Արդեն Ռուսաստանն է համաձայնում, որ ԱՊՀ-ի շրջանակներում ստեղծված
կառույցները անաշխատունակ են, իսկ ընդունված որոշումների մեծ մասը մնում է թղթի վրա:
Այս տարվա մարտին աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ նախագահ Վ.Պուտինն ասաց.
"Եթե ինչ որ մեկը ԱՊՀ-ի տնտեսական, քաղաքական եւ ռազմական համագործակցությունից
սպասումներ ուներ, ապա, բնական է, դա չի եղել", եւ հավելել, որ "ԱՊՀ-ն օգտակար
կառույց է, որը ժամանակին ստեղծվել էր քաղաքակիրթ բաժանման համար": Թվում է, որ մոտ
ապագայում ԱՊՀ մասին կխոսենք անցյալ ժամանակով:
ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի անաշխատունակության բազմաթիվ պատճառներից առանձնացնենք առավել
կարեւոր երկուսը.
- ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ էր, որ նոր
գաղափարների եւ նախաձեռնությունների լոկոմոտիվի դերը ստանձներ Ռուսաստանը, որի
ներուժը ԱՊՀ անդամ մյուս երկրների համեմատ շատ ավելի մեծ է: Ցավոք, դա տեղի
չունեցավ: Այդ իսկ պատճառով մյուս երկրների կողմից առաջադրված նախաձեռնություններն
այդպես էլ տեսանելի արդյունք չտվեցին: Բավական է հիշել 1996-97թթ. ԱՊՀ-ի
կառույցների բարեփոխման համար Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաեւի առաջարկությունները:
Եւրամիությունում դրությունն այլ է. Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի
ազդեցությունները համակշռելի են, եւ այդ երկրներից թեկուզև մեկի նախաձեռնությունն
իսկ բավարար է հաջողության հասնելու համար: Եւրաինտեգրման գործընթացի տարբեր
ժամանակահատվածներում այս երեք երկրներից մեկնումեկը իր վրա էր վերցնում առաջատարի դերը, ինչը եւ
ապահովում էր ԵՄ շարունակական զարգացումը: - ԱՊՀ-ն որպես կազմակերպություն չի հենվում մեկ արժեքային համակարգի վրա, ի
տարբերություն ԵՄ-ի, որտեղ ինտեգրման հիմքում ընկած են ժողովրդավարական
սկզբունքները՝ քաղաքական եւ տնտեսական ազատությունները, հարգանքը մարդու
իրավունքների նկատմամբ, հակամարտությունների լուծումը խաղաղ ճանապարհներով,
քաղաքական բազմակարծությունը եւ այլն: ԱՊՀ-ի շրջանակներում միավորված են երկրներ,
որտեղ անկախության տարիներին ձեւավորվել են տարբեր քաղաքական համակարգեր: Այսպես,
Ուզբեկստանում եւ Թուրքմենիայում հաստատվել են անձնիշխանական կոշտ վարչակարգեր:
Վերջին իրադարձությունները Ուզբեկստանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Անդիջանում,
երբ խաղաղ հանրահավաքի մասնակիցների դեմ հանված ռազմական ստորաբաժանումների
անօրինական գործողությունների հետեւանքով սպանվեց, տարբեր տվյալներով, 500-1000
մարդ, այդ թվում՝ կանայք, ծերեր ու երեխաներ, ցույց են տալիս Քարիմովի վարչախմբի
արյունարբու էությունը: Այժմ էլ Ուզբեկստանի իշխանությունները թույլ չեն տալիս
անցկացնել անդիջանյան դեպքերի միջազգային անկախ հետաքննություն: Բայց ահա դարձյալ
ԱՊՀ անդամներ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի քաղաքական ղեկավարները անկեղծ ջանքեր
են գործադրում իրենց երկրների ժողովրդավարական զարգացումն ապահովելու ուղղությամբ
եւ էական հաջողություններ են արձանագրել եւրոպական ինտեգրման ճանապարհին: Հետեւաբար,
իրենց բնույթով եւ քաղաքական կառուցվածքով այսպիսի տարբեր երկրները չեն կարող
համատեղ ստեղծել գործունակ կազմակերպություն: Այս պարագայում պատահական չէր 2005թ.
մայիսին Ուզբեկստանի դուրս գալը ՎՈՒՈՒԱՄ կազմակերպությունից (Վրաստան, Ուկրաինա,
Ադրբեջան, Մոլդովա), որովհետեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովրդավարական
հեղափոխություններից եւ Մոլդովայի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունից հետո
պարզ դարձավ այս երկրների ժողովուրդների ձգտումը դեպի ազատություն եւ նրանց
օրգանական անհամատեղելիությունը ակնհայտ բռնապետական վարք դրսեւորող Ուզբեկստանի
իշխանությունների հետ:
ԱՊՀ-ն, չնայած իր հավակնություններին, այդպես էլ չկարողացավ բավարարել այդ երկրների
սպասումները: Դա անխուսափելիորեն բերեց տարածաշրջանի երկրների վերակողմնորոշմանը
դեպի ավելի արդյունավետ եւ գործուն միջազգային կառույցները, ինչը նոր
փոփոխություններ կառաջացնի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անվտանգության
համակարգերում: Հարավային Կովկասի անվտանգության ռազմաքաղաքական չափորոշիչների հետ
կապված են հետեւյալ իրողությունները.
- Տարածաշրջանի երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Սկսած 1996 թվականից, երբ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ ստորագրեցին
"Գործընկերություն հանուն խաղաղության" համաձայնագրերը, այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի
կողմից տարածաշրջանի երկրների հետ իրականացվել են հարյուրավոր միջոցառումներ: Բոլոր
երեք երկրներում ՆԱՏՕ-ն 2002-2004 թթ. ընթացքում անց է կացրել զորավարժություններ
"Cooperative Best Effort" ծրագրի համակարգում: ՆԱՏՕ-ի վերջին ընդլայնումից հետո
2004թ. որոշում է ընդունվել Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հետ
համագործակցել անհատական ծրագրերով: Ներկա դրությամբ այս ուղղությամբ առավել առաջ է
գնացել Վրաստանը, որն արդեն 2004թ. հոկտեմբերին ստորագրել է ՆԱՏՕ-ի հետ անհատական
ծրագրի պայմանագիրը: ՆԱՏՕ-ն նաեւ հատուկ ներկայացուցիչների ինստիտուտ է ստեղծել
Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում: Հայաստանը եւս աշխատանքներ է տանում
այս ուղղությամբ, որը ընթացիկ տարվա հունիսին Բրյուսելին ներկայացրեց անհատական
համագործակցության ծրագրի իր տեսակետները: - Ադրբեջանի եւ Վրաստանի, իսկ վերջերս նաեւ Հայաստանի բավականին ակտիվ
մասնակցությունը հակաահաբեկչական պայքարին2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Ադրբեջանը եւ Վրաստանը գործուն
մասնակցություն ունեն խաղաղարար գործողություններում, հակաթալիբական եւ
հակահուսեյնական դաշինքներում, զորամիավորումներ ունեն Կոսովոյում, Աֆղանստանում եւ
Իրաքում: Հայաստանը միայն 2004թ. սեպտեմբերին հայտարարեց Իրաք խաղաղարարներ
ուղարկելու իր պատրաստակամության մասին եւ 2005թ. հունվարին սակրավորներից,
բժիշկներից, վարորդներից բաղկացած 46 հոգանոց զորամիավորում առաքեց Իրաք: - Տարածաշրջանի երկրների երկկողմանի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ
2002թ. ԱՄՆ-ը սկսեց օգնություն ցուցաբերել տարածաշրջանի երկրներին ազգային
բանակների կայացման եւ հակաահաբեկչական պայքարում կադրերի պատրաստման գործում:
Այսպես, Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված է հակաահաբեկչական կենտրոն:
Պատահական չեն նաեւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները
տարածաշրջան: Բավականին խոսուն է այն փաստը, որ վերջին երկու տարում ԱՄՆ-ի
պաշտպանության նախարարը երեք անգամ այցելել է Ադրբեջան: Առավել ուշագրավ է, որ ԱՄՆ-ի
նախագահը ԱՊՀ երկրներից առաջինն այցելել է Վրաստան (2005թ. մայիսի 10-ին): Մոտ
ժամանակներս հնարավոր է ԱՄՆ-ի արագ արձագանքման ուժերի տեղեկայումը
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածում՝ անվտանգությունն
ապահովելու եւ Կասպից ծովի ավազանում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար: - Ռուսական ռազմակայանների դուրս բերումը Վրաստանի տարածքից
Երկարատեւ եւ լարված բանակցություններից հետո Վրաստանը այս տարվա մայիսին հասավ այն
բանին, որ Ռուսաստանը համաձայնեց դուրս բերել այդ երկրից իր ռազմակայանները, եւ
պայմանավորվածություն է ձեռք բերվել դուրսբերման ժամանակացույցի վերաբերյալ. դրանք
պետք է տեղահանվեն մինչեւ 2008 թ. հունվարի 1-ը: Վրաստանից ռուսական ռազմակայանների
տեղահանումը կբերի Հարավային Կովկասի ռազմական ուժերի հաշվեկշռի էական փոփոխության
եւ տարածաշրջանում ռազմական նոր պատկերի եւ կառուցվածքի ստեղծմանը: - Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը
Արդեն որոշակիանում եւ տարեցտարի շոշափելի արդյունքներ է տալիս այս երեք
պետությունների համագործակցությունը ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, որից
Հայաստանը դուրս է մնում: Այն նոր լիցք ստացավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի
գործարկմանը զուգընթաց, քանի որ խնդիր է առաջացել համատեղ ապահովելու նավթամուղի
անվտանգությունը: Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը նախանշում են ռազմական
համագործակցություն իրականացնել ՎՈՒԱՄ-ի շրջանակներում, որտեղ Հայաստանը նույնպես
բացակայում է: - Վրաստանի ձգտումը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Ինքնին այն փաստը, որ Վրաստանն առանց խոտորվելու ընթանում է ժողովրդավարության
ճանապարհով եւ հռչակել ու հետեւողականորեն իրականացնում է եւրոպական եւ
եւրոատլանտյան անվտանգության համակարգերում ինտեգրվելու արտաքին քաղաքական ուղեգիծ,
վկայում է այն մասին, որ ի դեմս Վրաստանի Հարավային Կովկասում առաջ է եկել նշված
ինտեգրացիոն գործընթացների իրական լոկոմոտիվ: Ըստ էության, Վրաստանը Հայաստանի եւ
Ադրբեջանի համար ստանձնել է յուրատեսակ փարոսի դեր: - Ռուսաստանի ռազմական ներկայության պահպանումը
Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում դեռ պահպանվում է միայն
Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագրերի շնորհիվ: Ճիշտ է,
Ադրբեջանում նույնպես առկա է ՌԴ ռազմական ներկայությունը, սակայն Գաբալայի
ռադիոլոկացիոն կայանը էական ազդեցություն չունի ռազմական առումով եւ դրա
գոյությունը սահմանափակված է պայմանագրում նշված 10-ամյա ժամկետով: Այդուհանդերձ,
ԱՊՀ-ի ռազմական բաղադրիչի առկայությունը մեր տարածաշրջանում արձանագրված է ՀԱՊԿ
անվտանգության համակարգին Հայաստանի անդամակցության եւ հայ-ռուսական միացյալ
սահմանապահ զորքերի ուժերով հայ-թուրքական սահմանի պահպանման իրողությամբ:
Ինչ վերաբերում է անվտանգության տնտեսական չափորոշիչներին, ապա Հարավային Կովկասում
առկա են հետեւյալ իրողությունները եւ զարգացման միտումները.
- Տնտեսական կապերի սերտացումը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի,
Չինաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետԲավականին արագ փոփոխվում է տարածաշրջանի երկրների տնտեսական հարաբերությունների
կառուցվածքը: Դա պարզորոշ երեւում է Հայաստանի օրինակով: Այսպես, մեր
Հանրապետության արտաքին առեւտրի հաշվեկշռում առաջին տեղում են ԵՄ-ի անդամ
պետությունները, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի 45 %-ը: Արտաքին
առեւտրի հաշվեկշռի նույն պատկերն է դիտարկվում Վրաստանում եւ Ադրբեջանում, որոնք էլ
ավելի են կողմնորոշվում դեպի աշխարհում ձեւավորվող նոր տնտեսական
հարաբերությունները: Այս առումով վճռորոշ գործոն կարող է դառնալ Առեւտրի
Համաշխարհային Կազմակերպությունը, որի լիարժեք անդամ են Հայաստանը եւ Վրաստանը: - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումը
2005 թ. մայիսից Բաքվի նավթը լցվում է նավթամուղի մեջ եւ հոկտեմբերին այն կհասնի
թուրքական Ջեյհան նավահանգիստ: ԲԹՋ-ն դեպի Եւրոպա եւ աշխարհի այլ տարածաշրջաններ
առաքվող նավթի այլընտրանքային ուղի է դարձել: Ղազախստանը նույնպես տվել է ԲԹՋ-ով իր
նավթի փոխադրման համաձայնությունը. համապատասխան պայմանագրերը Ի.Ալիեւի եւ
Ն.Նազարբաեւի կողմից ստորագրվել են 2005թ. մայիսին, Բաքվում՝ նավթատարի
ադրբեջանական մասի հանդիսավոր բացման ժամանակ: Փաստորեն, Ռուսաստանը կորցրեց
ադրբեջանական նավթը իր տարածքով փոխադրելու մենաշնորհը: ԲԹՋ-ի շահագործումը մոտ
ժամանակներս կհանգեցնի Հարավային Կովկասի տնտեսական եւ հաղորդակցական
կառուցվածքների փոփոխմանը: - Ավտոմոբիլային, երկաթուղային, խողովակաշարային եւ այլ հաղորդակցական ծրագրերի
իրականացումը տարածաշրջանումՕրակարգում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցումն է: Այն կհանգեցնի ռուսական
գազից Վրաստանի կախվածության վերացմանը, այլընտրանքային ճանապարհ կբացի
ադրբեջանական գազը Թուրքիա եւ Եւրոպա փոխադրելու համար: Ճիշտ է, կառուցվում է նաեւ
Իրան-Հայաստան գազատարը, որի կառուցումը նախատեսված է ավարտել 2007թ., սակայն
տրամաչափի փոքրության պատճառով այն չի կարող օգտագործվել լրացուցիչ քանակության գազ
Վրաստան տարանցելու համար: Այդուհնադերձ, եթե այս փոքր ծրագիրը կենսագործվի, էապես
կթուլացնի Հայաստանի էներգետիկական կախումը Ռուսաստանից: Իսկ Կարս-Ախալքալաք
երկաթուղու կառուցումը, որին ձեռնամուխ են եղել Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը (կրկին
առանց Հայաստանի եւ շրջանցելով Հայաստանը), էժան ու հուսալի հաղորդակցություն
կստեղծի նշված երկրների միջեւ, եւ Թուրքիայի համար կբացի ռուսական ու Կենտրոնական
Ասիայի երկրների շուկաները: - Տարածաշրջանի երկրների ընդգրկումը Նոր եւրոպական հարեւանության ծրագրում
ԵՄ-ի հետ համակարգված համագործակցության սկիզբը համարվում է 1996թ., երբ այս
հեղինակավոր կազմակերպությունը Գործընկերության եւ համագործակցության պայմանագրեր
կնքեց բոլոր երեք պետությունների հետ: 2004թ. վերջին մեծ ընդլայնումից հետո ԵՄ-ն
ընդունել է տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերություններն ավելի սերտացնելու
ուղեգիծ՝ Նոր եւրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ներկայումս
գործողությունների ծրագիր է մշակվում տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի հետ: - Քաղաքական եւ տնտեսական ազատությունների վատթարացումը Ռուսաստանում
Պուտինյան վարչակազմի անթաքույց ձգտումը` ամբողջական վերահսկողություն հաստատել
լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների վրա, դատական հետապնդումների ու
վարչական ճնշումների ճանապարհով հասնել սեփականության վերաբաշխման` հօգուտ Կրեմլին
հավատարիմ գործարարների, նկատելիորեն վատթարացրել է ընդհանուր քաղաքական մթնոլորտը
եւ գործարար միջավայրը Ռուսաստանում: Որպես դրա հետեւանք, նկատելի է դառնում ոչ
միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գործարարների
վերակողմնորոշումը դեպի այլ երկրներ ու տարածաշրջաններ: Միայն վերջին 4 տարում
Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է ավելի քան 100 մլրդ դոլար, որից միայն 33
մլրդ-ը՝ 2004 թվականին: Ի հակադրություն դրա, բառացիորեն այս օրերին Վրաստանի
կառավարությունը հանդես է եկել հայկական կապիտալը իր շուկա բերելու գրավիչ
առաջարկությամբ:
Այսպիսով, Հարավային Կովկասը գտնվում է լրջագույն փոփոխությունների հորձանուտում,
որոնք շոշափում են ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական չափորոշիչները: Այդ
փոփոխությունները բերում են նոր իրողությունների ձեւավորման Հայաստանի, Վրաստանի եւ
Ադրբեջանի անվտանգության համակարգերում: Արդեն ակնհայտ են դառնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ
ՆԱՏՕ-ի անխուսափելի աշխուժացումը Հարավային Կովկասում եւ ռուսական ավանդական
ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում: Հարավային Կովկասում անվտանգության
համակարգի նոր ճարտարապետության մեջ դժվար է պատկերացնել Ռուսաստանի որոշիչ տեղը,
քանի որ պուտինյան Ռուսաստանը շարունակում է կայսերապաշտական գործելակերպը՝
Հարավային Կովկասում (այլ տարածաշրջաններում նույնպես) իր շահերն առաջ մղելու
այնտեղ դժվարություններ ստեղծելու ճանապարհով:
