ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արգելանոց "ազգի խղճի ու բարոյականության" համար
ԼՂՀ խորհրդարանի ընտրությունները թերեւս կարեւոր նշանակություն կունենան թե խնդրի
կարգավորման, թե ՀՀ եւ ԼՂՀ ներքին քաղաքական զարգացումների համար: Ստորեւ կփորձենք
անդրադառնալ այդ իրադարձության մի շարք կողմերին:
Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն էին
առաջացրել Հայաստանում եւ հատկապես այն երկրներում, որոնք ներկայացված են խնդրի
կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներում: Ընտրությունների
վերաբերյալ դիտորդական առաքելությունների գնահատականները պարունակում էին հետաքրքիր
շեշտադրումներ, որոնցից ամենաէականն այն էր, թե ժողովրդավարական գործընթացներում
Ղարաբաղն առաջ է անցել Ադրբեջանից: Այս կարգի գնահատականներն, անշուշտ, խնդրի
կարգավորման եւ Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների ու վերադասավորումների
տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ
տարբեր երկրներ, այդ թվում ԱՄՆ, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, թեեւ ոչ պաշտոնապես
ներկայացնող դիտորդները գրեթե նույն գնահատականն են տվել ընտրություններին, կարելի
է ենթադրել, որ ԼՂ հարցում եւ, հետեւաբար, Հարավային Կովկասի զարգացումներում կա
որոշակի համաձայնություն:
Եվրամիությունը առայժմ ձեռնպահ մնաց կոնկրետ գնահատականից, թեեւ միշտ բացասաբար էր
արտահայտվում Ղարաբաղում նախկինում անցկացված բոլոր կարգի ընտրությունների
վերաբերյալ, դրանք համարելով ոչ օրինական: ԵՄ առաջատար երկրներից Ֆրանսիան հանդես
եկավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին կտրուկ
հայտարարությամբ: Տապալելով ԵՄ սահմանադրության հանրաքվեն եւ բազմաթիվ
տարաձայնություններ ունենալով ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետ, Ֆրանսիան, ամենայն
հավանականությամբ, իր համար ավելի մեծ դերակատարություն է պահանջում Եւրոպայում եւ
համաշխարհային գործերում: Ֆրանսիայի այս հայտարարությունը ավելի շուտ ազդանշան է
բրիտանա-ամերիկյան "պրոյեկտին" եւ նպատակ ունի հիշեցնել իր կարեւորությունը եւ
դերակատարությունը միջազգային խնդիրներում: Մյուս կողմից, Ֆրանսիայի ԱԳՆ
հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ընտրությունները չեն կարող կապվել
կարգավորման գործընթացի հետ, ինչը կարող է նշանակել, որ ոչ ոք չի կարող վիճարկել
Ղարաբաղում պետական շինարարության ընթացքը:
Վերադառնալով դիտորդական գնահատականներին, անհրաժեշտ է նշել մի կարեւոր հանգամանք
եւս` դրանցում ուրվագծվում է ԼՂՀ ապագա կարգավիճակի հստակեցման խնդիրը: Կոսովոյի,
Պաղեստինի, Հյուսիսային Կիպրոսի իրադարձությունները եւ այդ չճանաչված
միավորումներում ընտրական մեխանիզմների ներդրումն ու ամրապնդումը իրենցից որոշակի
մոդել են ներկայացնում, որը թերեւս միասնական տարբերակ կդառնա այդ բարդ խնդիրները
լուծելու համար:
Բուն Ղարաբաղում խորհրդարանի ընտրությունը, բացի արտաքին հետաքրքրություններից,
ուներ մի շարք էական կողմեր, որոնց արժե անդրադառնալ ԼՂ ներքին իրավիճակի,
ԼՂՀ-Հայաստան բավական բարդ ու բազմաշերտ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների
տեսակետից: Ժամանակն է, որ մեր հասարակությունը, մամուլը, քաղաքական ուժերը մի կողմ
դնեն նախկին "հայրենասիրական" լռությունը եւ փորձեն քննարկել մեր ժողովրդին
վերաբերող լրջագույն հարցերը: ԼՂ խորհրդարանի ընտրությունները հիանալի առիթ են դրա
համար: Ի պատիվ ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների եւ դիտորդական
առաքելություն իրականացնող քաղաքական ու հասարակական գործիչների, պետք է ասել, որ
այս անգամ նրանք բացեցին խոսակցությունը եւ անդրադարձան մի շարք խնդիրների, որոնք
նախկինում համարվում էին "փակ", "արտաքին աշխարհում Ղարաբաղին վնասակար" եւ այլն:
Խորհրդարանի ընտրությունների արդյունքներից ամենակարեւորը թերեւս սա է`
տասնամյակներ շարունակ ձեւավորված միֆերի, տաբուների վերացումը: Այս միֆերը եւ
տաբուները Հայաստանում եւ Ղարաբաղում տարբեր քաղաքական-տնտեսական խմբեր օգտագործել
եւ մինչ օրս օգտագործում են պետական եւ հասարակական ինստիտուտները զավթելու,
իշխանությունը պահելու, սեփական անօրինական գործողություններն արդարացնելու համար:
Մասնավորապես, "պատերազմի հերոսների" դիմակի տակ. տասնամյակից ավելի պատերազմի հետ
այս կամ այն կերպ առնչություն ունեցած գործիչներ, որպես "ազգի նվիրյալներ"
հռչակելով իրենց իրավունքները, տեր դարձան իշխանության ղեկավար մարմիններին եւ
ահռելի սեփականության: Բացելով այս խոսակցությունը, թե Ղարաբաղում, թե Հայաստանում
հասարակությունը հնարավորություն է ստանում ճշտել գնահատականները, հստակեցնել
բազմաթիվ արտաքին եւ ներքին խնդիրներ:
Այս ֆոնին հատկանշական էր ՀՅԴ տապալումը եւ ՀՅԴ Հայաստանի, արտերկրի եւ Ղարաբաղի
կառույցների միջեւ հակասությունների "բացահայտումը", որը նախկինում նույնպես փակ
թեմաներից էր: ՀՅԴ տապալումը ընտրություններում մեծ աշխուժություն առաջացրեց,
արվեցին հեռուն գնացող ենթադրություններ, թե մերժելով այդ կուսակցությանը`
ղարաբաղցիները հաստատեցին քաղաքացիական արժեհամակարգի հիման վրա պետականություն
կառուցելու իրենց կամքը: Միաժամանակ, կարծիքներն այն մասին, թե ՀՅԴ վարում է երկակի
ստանդարտի քաղաքականություն Հայաստանում եւ Ղարաբաղում, ավելի են ամբողջացնում
պատկերը: ՀՅԴ տապալման ֆոնին, քննարկման ամենատարածված թեմաներից մեկը դարձավ
բանակի գեներալների պահվածքը. պատգամավորության թեկնածուի ծեծը ԼՂՀ պաշտպանության
նախարարի աշխատասենյակում, Հայաստանի եւ Ղարաբաղի բանակի գեներալների ակտիվ
դերակատարությունը ընտրական գործընթացներում բանակի խնդիրը դարձնելու են
ամենաառանցքայինը ներքաղաքական կյանքում: Դժվար է ասել՝ գեներալիտետի վարկաբեկումը
ինչ հետեւանքներ կունենա պատերազմական վիճակում գտնվող տարածաշրջանի համար, սակայն
հասարակությունը, քաղաքական ուժերը եւ առաջին հերթին իշխանությունները պետք է
կարողանան բանակը եւ նրա ղեկավարությանը մղել իր բուն պարտականությունների
կատարմանը, ինչը չի եղել անկախության շրջանում:
Ընտրությունները բացահայտեցին մի հետաքրքիր իրավիճակ` լրագրողներն ու
հասարակական-քաղաքական շրջանակները անընդհատ շեշտում էին Հայաստանի եւ Ղարաբաղի
ընտրությունների տարբերությունը հօգուտ վերջինի: Բնական է, որ հայկական միջավայրում
"փնտրվում" է մի օրինակ, որը կարելի է վկայակոչել որպես ազատ ու արդար
ընտրությունների հնարավորության նախադեպ: Այս գնահատականը անհարմար վիճակում է
դնում Հայաստանի իշխանությանը. մի կողմից, նորմալ ընտրությունները օգտագործվում են
որպես արտաքին քարոզչական հնարք՝ Ղարաբաղը դրական ներկայացնելու աշխարհին, մյուս
կողմից, դրանք չեն կարող հակադարձ ազդեցություն չունենալ Հայաստանի ներքաղաքական
կյանքում: Հատկանշական է, որ Ղարաբաղի ընտրությունների բացասական կողմերը անմիջապես
կապվեցին Հայաստանի իշխանական որոշ խմբերի եւ բանակի ղեկավարության գործունեության
հետ: Այս կարգի գնահատականները կարեւոր են Հայաստան-ԼՂՀ հարաբերությունների
տեսանկյունից: Եթե քաղաքական ու տնտեսական բոլոր լծակներին տիրած կլանային-կրիմինալ
խմբերին հաջողվել էր հասարակության մեջ արհեստականորեն արմատավորել "հայաստանյան
բոլոր դժբախտություններում" ղարաբաղցիների մեղքի գործոնը, ընդհուպ մինչեւ "մեկը
մյուսի տարածքների հաշվին սեփական խնդիրները լուծելը", ապա ներկայում
հնարավորություն կա շտկել իրավիճակը: Սա նույնպես հասարակության կարեւորագույն
խնդիրն է, որի լուծումը թույլ կտա ներքաղաքական կյանքում բացառել ղարաբաղյան խնդրի
գործոնը, որը իշխանությունը գրավածների եւ դրան ձգտողների գլխավոր զենքն է
քաղաքացիական նախաձեռնությունների անտեսման ճանապարհին:
Պատմական դեպքերի բերումով, վերջին հարյուրամյակներում հայ ժողովրդի համար
ճակատագրական իրադարձությունները կապված են Ղարաբաղի հետ: Եվ հասկանալի են Ղարաբաղը
որպես "ազգային խղճի ու բարոյականության ռեզերվացիա" ունենալու ցանկությունն ու
ձգտումը: Վերը նշված խնդիրները, որոնց ընդհանուր անդրադարձանք, մեր կարծիքով,
արժանի են հասարակության ուշադրությանն ու լայն քննարկումներին` ռեզերվացիայից դեպի
արդյունավետ պետություն ու քաղաքացիական արժեհամակարգ արագ անցնելու համար:
