ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
23-29 մարտի, 2005
Քայլարշավ-ակցիա ի պաշտպանություն Երեւանի պատմամշակութային հուշարձանների
[24.03.2005]
Ուրբաթ` մարտի 25-ին Աբովյան 1/4 -ից Տեղի ունեցավ քայլարշավ-ակցիա ի
պաշտպանություն Երեւանի պատմամշակութային հուշարձանների:
Ակցիայի ընթացքում «Պահպանվում է հասարակության կողմից» ցուցանակներ ամրացվեցին
Գլխավոր պողոտայի «օտարման» արդյունքում քանդման կամ «տեղափոխման ենթակա»
շինությունների վրա: Այն ավարտվեց Երեւանի քաղաքապետարանի առջեւում աշխատանքային
օրվա ավարտին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1000
Սոցիալական ապահովագրության հիմնադրամի տնօրենը չի բացառում, որ սոցիալական
քարտերը «սխալ» են կիրառվում
[28.03.2005]
Միայն Երեւանում այսօր մոտ 11 հազար թոշակառու չի կարողանում ստանալ հասանելիք
թոշակը սոցիալական քարտ չունենալու պատճառով: Քիչ չէ այդպիսի մարդկանց թիվը նաեւ
մարզերում։
Մարդիկ սոցիալական քարտեր չեն ստացել տարբեր պատճառներով. ոմանք անձնագիր չունեն,
մյուսների անձնագրերը խորհրդային նմուշի են: Քիչ չեն զուտ կրոնական կամ այլ
սկզբունքային նկատառումներով սոցիալական քարտ ստանալուց հրաժարվողները: Մինչդեռ
օրենքն այս հարցում անողոք է՝ քարտ չունեցողներին թոշակ չի վճարվում:
Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի
տնօրեն Վազգեն Խաչիկյանը, ընդունելով, որ կենսաթոշակի իրավունքը սահմանադրական
իրավունք է, չբացառեց, որ այս հարցում երկրի օրենսդիրը կարող է ընդունած լինել այդ
իրավունքը խախտող որոշում:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1003
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԽ ԾՈՒՅԼԻԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԵՆ
[28.03.2005]
Ռուսաստանը չի կատարում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, սակայն
այդ երկիրը ունի միջուկային զենք եւ բոլորովին այլ կշռի պետություն է: ԵԽ անդամ
պետություններից նաեւ Հայաստանն ու Ադրեբջանն են, որ կամավոր դարձել են այդ
կառույցի անդամ, սակայն մինչ օրս չեն կատարել ստանձնած պարտավորությունների
հիմնարար դրույթները, իսկ կատարված հատվածը ընդամենը իմիտացիա է:
Այսպիսի տեսակետներ այսօր արտահայտեցին ԱԺ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի
անդամ Շավարշ Քոչարյանն ու Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ազգային
ժողովրդավարական ինստիտուտին կից քաղաքական բանավեճի ակումբը այսօր կազմակերպել էր
քննարկում՝ «Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը»
թեմայով:
Քննարկմանը իշխող կոալիցիայից որեւէ մեկը չի ցանկացել մասնակցել, այդ ուղղությամբ
երկշաբաթյա բանակցություններն արդյունք չեն տվել: Մասնակցելու հրավերն
ընդունածներից Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն կուսակցության ղեկավար Ռուբեն
Թորոսյանին հետաքրքրում էր, թե ԵԽ հայաստանյան պատվիրակության անդամները որեւէ քայլ
կատարե՞լ են միջազգային այդ կառույցում մեր երկրի իմիտացիոն պահվածքն արտացոլելու
ուղղությամբ: «Մենք, այսինքն՝ պատվիրակությունում ընդդիմության ներկայացուցիչները,
բազմաթիվ նամակներ ու առաջարկություններ ենք ուղարկել ԵԽ, որով ցույց ենք տվել, որ
Հայաստանը չի ժողովրդավարանում եւ չի կատարում իր պարտավորությունները»,-
պատասխանեց Շավարշ Քոչարյանը:
Նա նաեւ կանխատեսեց, թե աշնանը մեր երկիրը կարող է կանգնել ԵԽ անդամակցությունից
զրկվելու փաստի առջեւ: Քննարկմանը ուշագրավ երկու հանգամանք ներկայացրեց Հելսինկյան
կոմիտեի ղեկավարը: «Մեր ղեկավարները դարակներում պահած օրենքներ ունեն, որոնք
իշխանությունը պահելու համար վտանգ չեն ներկայացնում, եւ երբ իրավիճակը սրվում է,
դրանցից մի քանիսը ընդունում են, թե՝ տեսեք, մենք կատարում ենք
պարտավորությունները»,- կարծում է Ավետիք Իշխանյանը:
Նրա բնորոշմամբ, ԵԽ-ին խոստացած բարեփոխումներից մի քանիսը չկատարելու հարցում իրար
համակարծիք են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ նույնիսկ
հասարակությունը: Դրանք են՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայության, մահապատժի
վերացման, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների վերացման
պահանջները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1004
