ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կեղծիքի գինը
«Եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանը կատարում է Եվրախորհրդի առջեւ
ստանձնած պարտավորությունները»: Հայաստանյան լրատվամիջոցներում հաճախ են
հայտնվում նման զեկույցներ լրատվամիջոցներիի կողմնորոշմանը համապատասխան` դրական
կամ բացասական եզրակացությամբ: Դեռեւս հիշողությունը չկորցրած ինքնիշխան Հայաստանի
շատ քաղաքացիներ, ոմանք կարոտախտով, ոմանք ընդվզումով, դրա մեջ տեսնում են
խորհրդային տարիներին ԽՄԿԿ Կենտկոմի «պատմական որոշումները» ժամկետից շուտ ի կատար
ածելու` աշխատովուրաթյան ցուցադրական մոլեռանդության արձագանքը: Ի դեպ,
նմանությունը ոչ այնքան իրական պատեհապաշտությունն է, որքան կեղծ ոգեւորությունը:
Ինչպես խորհրդային կարգերի օրոք, այնպես էլ այժմ մենք ավելի շատ ուզում ենք
երեւալ եւ ցույց տալ մեր ինչ-ինչ լինելը` այդ է մեր գոյատեւման
«գաղափարախոսության» առանցքը, որն էլ ետին պլան է մղում ապագային եւ առաջընթացին
միտված մեր ձգտումները:
Հայոց պատմության մեջ կարելի է նշել քաղաքական կամ աշհարհաքաղաքական
դրդապատճառներով պարտադրված նման շատ ցուցադրական իրողություններ: Դժվար թե այսօր
գիտակ հանրության շրջանակներում գտնվի մեկը, որը չվիճարկի դրանց հայանպաստ բնույթը:
Ընդ որում, տարբեր հայացքներ ունեցողների մոտ, կողմնորոշումներից դրդված, կոնկրետ
պատմական փաստերը կարող են հայտնվել հայանպաստության այդ յուրօրինակ
սանդղակի հակառակ բեւեռներում: Տարբերությունն ակնհայտ է, սակայն պատմական ֆոնը եւ
դրանից բխող ժողովրդի (հասարակության) մասնակցության հնարավոր մակարդակը եւ ծավալը
ընդհանրական են: Բազմաշերտ լծի տակ հայտնված հայ ժողովուրդը երբեւիցե չէր կարող եւ
չէր կրել հավաքական պատասխանատվություն իր «գլխին սարքվող» որոշումների համար:
Տարաբնույթ պատմական անցուդարձերում հասարակության մասնակցության, առավել եւս
հանրային դիրքորոշման մասին խոսակցությունները անհեթեթություն են ոչ միայն
հասարակության չձեւավորված եւ օտարված լինելու պատճառով: Առավել կարեւոր էր այդ
համատեքստում մեր հայկական ազգ-պետության բացակայությունը, որը հասարակության,
մասնավորապես, քաղաքացիական հասարակության, կայացման թեկուզ ոչ բավարար, բայց
անհրաժեշտ պայմանն է:
Խորհրդային Միությունը` հռչակելով «սովետական ժողովրդի» («սովետական
հասարակության») անխախտ միասնությունը, իր էությամբ միտված չէր հանրապետական
Հայաստանի ազգային հասարակության կազմավորմանը: Սակայն կոլեկտիվիզմը որպես ուղենիշ
ընտրած ամբողջատիրական պետությունում «հանրայնացումը» պարտադրվում էր որպես
կենսակերպ, որի շրջանակներում յուրաքանչուր ժողովուրդ վերարտադրում էր իրեն բնորոշ
ստերեոտիպները: Ուստի մեր` անհատապաշտ հայերիս, ստեղծած հասարակությունը ամբողջովին
ենթարկվում էր բացառապես անհատական` «գլխի ճարը տեսնելու» տրամաբանությանը: Այդ
տեսակետից մենք կարծես թե չէինք կարող կամ նպատակահարմար չէինք համարում սոցիալիզմի
գործին անկեղծ նվիրումը: Վերջին հաշվով, իրոք դեմոկրատական սոցիալիզմի կառուցումը
առանձին վերցրած խորհրդային որեւէ հանրապետությունում գերմարդկային ջանքեր էր
պահանջում, իսկ մենք, ի դեմս հայ ժողովրդի անունից գործող Խորհրադային Հայաստանի
իշխանությունների, լավագույնս լուծում էինք մեր առջեւ ծառացած խնդիրները եւ հասնում
դրված նպատակներին` ստեղծված ամբոզջատիրական համակարգի շրջանակներում լինելով
գերազանցիկ-նմանակողներ:
Թերեւս անժխտելի է, որ 88-ի մեր ազգային զարթոնքը զուգակցվում էր մի ակնթարթում
հասարակության նոր որակներ ձեռք բերած հանրության կողմից առաջ քաշվող դեմոկրատական
պահանջներով. ազգի ինքնորոշումը, առաջին հերթին ոչ այլ ինչ էր, քան ազգ-անհատի
(անհատի ինքնագիտակցման աստիճանի հասած ազգի) ազատության հաստատում: Ուստի
հասարակական պահանջի համաձայն կանխորոշված էր հայկական պետականության դարակազմիկ
տեսլականի դրսեւորումը` դեմոկրատական հանրապետությունը, որն էլ հռչակվեց մեր
սահմանադրությամբ: Թվում էր ազգ-հասարակությունը տեր կկանգներ իր իսկ պահանջով
ստեղծվելիք ազգ-պետությանը: Սակայն դա տեղի չունեցավ, եւ պատճառներից մեկն էլ, եթե
ոչ գլխավորը, այն էր, որ մենք չէինք լուծել մեր աշխարհը նկարագրող եւ ամփոփող
լեզվապատկերի ստեղծման խնդիրը: Դա կարելի է դիտարկել` անգամ դուրս չգալով առավել
գործածական բառ-հասկացությունների շրջանակներից:
Դարերով պետականության անհրաժեշտության գաղափարը փայփայած հայ մարդը կառուցում է ոչ
թե ինքնիշխան պետություն, այլ իշխաններիեւ պետերի պետություն, ուր գնալով խորանում
է հասարակության (հասարակ մարդկանց) եւ իրենց ընտրյալի կարգավիճակը հաստատած
ինքնակոչ իշխանների միջեւ ընկած հոգեւոր, մտավոր, մշակութային եւ տնտեսական
տարածությունը: Էլ ուր մնաց հասարակությունը քաղաքացիական կամ, առավել եւս,
հասարակության անդամներին քաղաքացիներ դարձնելու խնդիրը: Այն ընդհանրապես օրակարգից
դուրս է: Մենք այնքանով ենք քաղաքացի, որ մեր մշակած եւ մեզ պահող հողը թողած`
ծվարում ենք «քաղքում» (դրանով իսկ առավելապես ցուցաբերելով մեր քաղքենիությունը)
եւ այնքան ժամանակ, եւ այնքանով Քաղաքացի չենք դառնա, որքան ժամանակ, եւ որքանով
չենք գիտակցի մեր Քաղաքացիական շահը, իրավունքը եւ պարտականությունները ու չենք
խոսի դրա մասին հասարակ, մեր ժողովրդին հասկանալի լեզվով: Այն ժողովրդին, որը եւ՛
կոչված է, եւ՛ ունակ է, եւ՛ պարտավոր է իրականացնել ժողովրդավարությունը , հենց
ժողովրդավարությունը եւ ոչ թե դեմոկրատիան: Որոշ ռուս վերլուծաբաններ իրենց
«դժգոհությունն» են հայտնում թե՛ դեմոկրատիա, թե՛ ռուսերենում դրան համարժեք
народовластие
բառ-հասկացություններից: Չվիճարկելով նրանց բերած փաստարկները` նշենք
միայն, ժողովրդաիշխանությունը մեզ համար նույնիսկ «ըստ սահմանման» եւ
լեզվամտածողության համատեքստում հղի է ինքնաօտարմամբ, ինքնաընդվզմամբ եւ
անխուսափելի էսկապիզմով (փախստամոլությամբ):
Չեմ ուզում ասել, որ դեմոկրատիան համասպեղանի է, սակայն համոզված եմ, որ մեր
Հայաստան պետության առաջընթացի եւ քաղաքացիական զարգացման համար նա օդ ու ջրի պես
անհրաժեշտ է: Ուստի համար մեկ խնդիր է դառնում դեմոկրատիան «մեզանով անելը»`
ընկալել, մարսել, ապահովել յուրացման այն աստիճանը, որ հասարակությունը հասկանա`
մեզ ձեռնտու է լինել, այլ ոչ թե երեւալ դեմոկրատական: Եվ քանզի, ըստ իս, հայ
ժողովուրդը ոչ թե պատրաստ չէ, այլ պարզապես չի ուզում իշխանություն լինել (դա իր
համար բազմաթիվ պատճառներով պայմանավորված խորթ, օտար երեւույթ է): Ուրեմն
առաջընթացի հետ նրա հաղորդակցվելու միակ հոգեհարազատ ձեւը` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ
է:
Դա եւ՛ ցանկանալու, եւ՛ ձգտելու, եւ՛ իրականացնելու «ճշմարտության պահն» է:
Ցանկանալու, որովհետեւ դա շահավետ է բոլորին միասին վերցրած եւ ամեն մեկին
առանձին-առանձին, ձգտելու, քանզի դրանով հասարակությունը իր ձեռքն է վերցնելու
հանրապետության ղեկը, ղեկավարելու է իր պետությունը եւ իրապես տնօրինելու է
հայի
ընհանրական բախտը:
Եվ վերջինը` ամենագլխավորը: Մենք պարտավոր ենք խոսել մեր ժողովրդավարության մասին
հասկանալի լեզվով: Հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կեղծիքի գիրկը եւ
վերջնականապես կկորցնենք ցանկանալու, լինելու եւ ունենալու մեր իրավունքներն ու
տնօրինելու մեր հնարավորությունները: Դա է լինելու մեր հերթական կեղծիքի
ճակատագրական գինը:
