ՉԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Վերջին տարիներին, մեր հանրապետության՝ եվրոպական երկրների
ընտանիքում ինտեգրվելու ձգտումների հետ կապված, Ազգային ժողովի պատգամավորների եւ
տարբեր մակարդակների պաշտոնատար անձանց ելույթներում, նաեւ՝ զանգվածային
լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումներում սովորական են դարձել եւ գործածվում են, հաճախ առանց իմաստի մեջ խորանալու, մի շարք բառեզրեր ու
բառակապակցություններ, զորօրինակ՝ «եվրոպական արժեքների ընդօրինակում»,
«լրատվամիջոցների անկախություն», «լիակատար ազատականացում», «արեւմտյան չափանիշներ»,
«քաղաքացիական հասարակության կայացում»
եւ այլն:


Ցավոք, ելույթների կամ հոդվածների համատեքստից շատ դեպքերում կարելի է եզրակացնել,
որ ելույթ ունեցողը բավականին աղոտ պատկերացում ունի մեր համար «նոր»
հասկացությունների բուն էության մասին, հատկապես՝ երբ շոշափվում է այսօր
գերմոդայական «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը: Եվ դա բնավ զարմանալի
չէ, եթե հիշենք, որ մեր նախկին հզոր կայսրությունում՝ Խորհրդային Միությունում,
«քաղաքացի» բառն իսկ մարդկանց մեջ, թերեւս, առավել զուգորդվում էր ոստիկանի (միլիցիոների)
կտրուկ հրահանգի հետ. «Քաղաքացի՛, անցեք քաղմաս», եւ առօրեական
խոսակցություններում գրեթե չէր օգտագործվում:


Մինչդեռ ինչպես, դիցուք, չի կարող լինել կապիտալիստական հասարակարգ առանց
կապիտալիստների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակությունն անհնար է առանց իր
պարտադիր տարրերի՝ քաղաքացիների, ովքեր գոնե շատ թե քիչ հասկանում են, թե ի՛նչ ասել
է՝ լիարժեք քաղաքացի լինել, որո՛նք են քաղաքացու իրավունքներն ու
պարտականությունները, ինչպե՛ս է նա պարտավոր վարվել այս կամ այն կոնկրետ
իրավիճակում՝ քաղաքացի կոչվելու համար, եւ ի՛նչն իրավունք չունի իրեն թույլ տալու
ցանկացած իրադրության մեջ:


Այս թեման խիստ ծավալուն է ու կարիք ունի բազմակողմանի քննարկման, ուստի տվյալ
հոդվածի շրջանակներում սահմանափակվենք սոսկ մի քանի նկատառումների ներկայացմամբ ու
մի շարք երեւույթների մեկնաբանմամբ:


Նախ եւ առաջ, առանց արեւմտյան զարգացած երկներում ժողովրդավարության ու քաղաքացիական
հասարակության կայացման պատմության մեջ խորանալու, նշենք, այն ակնհայտ փաստը, որ
քաղաքացի («citizen») բառի արմատն է քաղաք բառը: Դա պատահական չէ, քանի որ զուտ
գյուղական բնակչությունը չի կարող ի սկզբանե տրոհված չլինել առանցին տոհմերի,
ընտանիքների, կլանների (հատկապես՝ այսպես կոչված բնատնտեսություններում), որոնք
առաջնորդվում են առաջին հերթին սեփական տոհմի (կլանի, ընտանիքի) շահերով, եւ որոնց
համար ընդհանուր շահեր, ընդհանուր պարտականություններ հասկացությունները խիստ աղոտ
են ու շատերի համար միանգամայն անհասկանալի:


Մինչդեռ քաղաքային բնակչության կենսագործունեությունն անհնար է անգամ պատկերացնել
առանց քաղաքացիների համագործակցության, նրանց բազմաբնույթ գործունեությունը
կարգավորող օրենքների ու դրանք կիրարկողների, քաղաքային ինքնակառավարության,
համապատասխանաբար՝ քաղաքային իշխանությունների, եւ վերջապես՝ այս ամենից բխող
քաղաքական կյանքի: Ուստի տարօրինակ չէ, որ մարդկության պատմության մեջ երբեւէ չի եղել
եւ չի էլ կարող լինել առանց քաղաքների պետություն, այսինքն՝ որոշակի տարածքում
միմյանց հետ ազգակցական կապեր չունեցող մարդկանց՝ որոշակի օրենքներով կարգավորվող,
խիստ կանոնակարգված ու կազմակերպված համակեցություն, քանզի պետությունը խարսխվում է
հատկապես քաղաքների վրա՝ ապա նոր միայն (անշուշտ, պարտադիր կերպով) իր տնտեսական
կյանքի մեջ ընդգրկելով նաեւ գյուղական վայրերի բնակչությունը:


Գաղտնիք չէ, որ նոր պատմության ժամանակահատվածում (առնվազն մինչեւ XX դարի առաջին կեսը), երբ արեւմտյան առաջատար երկրներում սաղմնավորվում ու զարգանում էր բուն
քաղաքացիական հասարակությունը, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում
քաղաքային բնակչությունն ընդհանուրի սոսկ չնչին տոկոսն էր կազմում, եղածն էլ՝
բնակվում էր գավառական երկու-երեք քաղաքում, որոնք իրենց բնակչության թվաքանակով,
նախասիրություններով ու կենսակերպով փաստորեն գյուղաքաղաքներ էին: 1920-1990
թվականների ընթացքում քաղաքային բնակչությունը ավելի քան տասնապատկվեց, բայց այդ
աճը գերազանցաբար զուտ մեխանիկական էր. մարդիկ զանգվածաբար գյուղերից քաղաքներ եւ,
առաջին հերթի-ն, Երեւան էին տեղափոխվում, որտեղ կյանքն ավելի հեշտ էր, իսկ
աշխատանքային պայմանները՝ ավելի «խնայող»: Բայց գյուղացին, քաղաք տեղափոխվելով,
իհարկե, չէր կարող, ասես՝ կախարդական փայտիկի զորությամբ, արմատապես փոխել իր հոգեկերտվածքը
(այսօր այդքան ամենուր չարչրկվող մենթալիտետը). չէ՞ որ դա մի քանի սերնդի փոփոխություն
է պահանջում: Ավելին՝ նախկին գյուղացիների հաշվին քաղաքաբնակների կտրուկ
մեխանիկական աճը չէր կարող անխուսափելիորեն չհանգեցնել քաղաքներում գյուղացու հոգեկերտվածքով
անձանց էական, նույնիսկ՝ ճնշող գերակշռության: Եթե դրան ավելացնենք արդեն
հիշատակված՝ Խորհրդային Միությունում ըստ էության հակաժողովրդավարական գաղափարներով
առաջնորդվող եւ կենտրոնից կոշտ կառավարվող կայսրությունում, քաղաքացիական
հասարակության ձեւավորման սկզբունքային անհնարինությունը, ապա միանգամայն պարզ
կդառնա, որ մեզանում մեծ մասամբ ամորֆ, պետական շահերով առանձնապես չհետաքրքրվող ու
դրանք այնքան էլ չընկալող բնակչության վերաճումն իրենց իրավունքներին ու
պարտականություններին քաջածանոթ ազատ քաղաքացիների եւ, որպես արդյունք, հիրավի (եւ ո՛չ
դեկլարատիվ) քաղաքացիական հասարակության ձեւավորումը մեծ ջանքեր ու բավականին
երկարատեւ գործընթաց է պահանջում, ընդսմին առաջին հերթին՝ արմատական փոփոխություններ
մեր բնակչության հոգեբանության մեջ:


Ասվածի վառ պատկերազարդումն է մեր քաղաքական կյանքում միշտ այնքա՜ն աղմկահարույց ու
անվերջ չարչրկվող ընտրությունների հիմնահարցը:


Անժխտելի է, որ մեր անկախության ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր եւ ցանկացած
մակարդակի ընտրությունները երբեւէ չեն էլ մոտեցել ժողովրդավարական ընտրությունների
չափանիշներին: Այնինչ իրական քաղաքացիական հասարակության մեջ հենց ընտրություններն
են այն հիմնաքարը, որի վրա կառուցվում է օրինապաշտ եւ ժողովրդավարական պետությունը:
Անշուշտ, դժվար թե գտնվի այնպիսի մեկը, ով վիճարկի այդ անառարկելի ճշմարտությունը,
սակայն... ընտրությունից ընտրություն միշտ նույն պրոբլեմներին ենք բախվում՝
ընտրակաշառքներ, անարդարություններ, «նկարված» քվեներ... Ո՞վ է մեղավոր, եւ ի՞նչ
քայլեր պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակում դույզն-ինչ առաջընթաց ունենալու
համար:


Եթե այս հարցերից առաջինն առաջարկենք մեր հանրապետության ցանկացած «հասարակ»
քաղաքացու, ապա պատասխանների ճնշող մեծամասնությունն անշուշտ կլինի. «Իհա՛րկե,
իշխանությունները»
: Բայց արդյո՞ք այս պարզունակ եւ, իհարկե, ինչ-որ տեղ անվիճելի
պատասխանը կարելի է սպառիչ համարել:


Եկե՛ք պատկերացնենք մեր այսօրվա իրականության մեջ ֆանտաստիկ թվացող այսպիսի
տարբերակ. իշխանությունները ցանկացել ու կարողացել են բացառել բոլոր շատ թե քիչ
էական, կազմակերպված եւ ուղղորդվող ընտրախախտումները: Արդյոք նման «արդար ու
թափանցիկ» ընտրությունների շնորհիվ կկարողանա՞նք ունենալ իր ինտելեկտուալ
մակարդակով եւ հոգեկերտվածքով, դիցուք, Անգլիայի պառլամենտին շատ թե քիչ նմանվող
Ազգային ժողով:


Այս հարցի դրական պատասխանը խիստ միամիտ ու անիրատեսական է, եւ ահա՛ թե ինչու: Իրենց
էությամբ իսկական քաղաքացիները ժողովրդավարական պետության մեջ ընտրություններին
առաջնորդվում են, ինչքան էլ «տափակ» հնչի, համապետական (գոնե՝ յուրաքանչյուրն ըստ
իր հասկացության) եւ ո՛չ կլանային, ընտանեկան, առավել եւս՝ նեղ անձնական շահերից ելնելով:
Մինչդեռ մեզանում, «ազգի ընտրյալներին», ըստ խորհրդային ժամանակների հայտնի
ավանդույթների՝ հաճախ անվանելով «ժողովրդի ծառաներ», իրականում ընտրում են
«ազգի տերերի»՝ նրանց պաշտոնը միանշանակ ընկալելով որպես «կերակրատաշտակ»,
«տանիք» եւ ընդհանրապես՝ հասարակ մարդու ըմբռնմամբ գրեթե անսահմանափակ նյութական
եւ այլ
բարիքների աղբյուր... Բնականաբար, յուրաքանչյուր «նորմալ» ընտրող ձգտում է քվեարկել
իր ազգականի, բարեկամի, վաղեմի ծանոթի, վերջապես՝ համագյուղացու կամ «թաղի տղայի»
օգտին՝ իր քվեն պարզապես «ընծայելով» եւ, փոխարենը, երբեւէ հետագայում նորաթուխ
պաշտոնյայից, ի պատասխան, զուտ անձնական «լավություն» ակնկալելով: Առանց այդ հոգեբանությունը
կոտրելու մենք քաղաքացիներ երբեւիցե չենք ունենա...


Հետաքրքիր է, որ մեր այսօրվա ցանկացած «քաղաքացի», դիցուք՝ բժշկի դիմելիս կամ իր
զավակի համար կրկնուսույց ընտրելիս, երբեք չի առաջնորդվի «ազգակից». «բարեկամ» լինելու սկզբունքով, այլ միայն ընտրյալի՝ հմուտ մասնագետ լինելու հանգամանքով,
սակայն չի գիտակցում, որ «ազգի ընտրյալների» ընտրությունից է ի վերջո կախված եւ՛ իր
բարեկեցությունը, եւ՛ իր անվտանգ կյանքն ու իրավունքների պաշտպանվածությունը, իսկ երբեմն
նաեւ՝ ամբողջ ազգի (այդ թվում եւ, իհարկե, ի՛ր իսկ բուն գոյատեւումը), այսինքն՝ այն, ինչը
գիտակցում է յուրաքանչյուր ոք (թեկուզ՝ տեսականորեն) քաղաքացիական
հասարակությունում, որտեղ (իհարկե, իդեալական դեպքում) ցանկացած ընտրյալ ընկալում է
իր ստանձնած պաշտոնը որպես ծանր եւ պատասխանատու բեռ, եւ ո՛չ երբեք՝ որպես
«սինեկուրա», էլ չեմ ասում՝ անօրինական եկամուտների աղբյուր: Եվ, բնականաբար,
իսկական քաղաքացին իր քվեն այդքան էժան չի գնահատի ու չնչին ընտրակաշառքով չի գայթակղվի...


Նույնքան ցայտուն են քաղաքացու եւ ամորֆ բնակչի միջեւ տարբերությունները հասարակական
կյանքի բոլոր ոլորտներում (աշխատանքային հարաբերություններ, կրթություն,
առողջապահություն, զանգվածային լրատվություն, ձեռներեցություն եւ այլն) եւ,
ամենակարեւորը՝ սեփական եւ այլոց իրավունքները պաշտպանելու գործում, ինչը, անշուշտ,
առանձին վերլուծության նյութ է: