Արդյո՞ք բոլոր կրոնական կազմակերպություններն են կրոնական

Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի
վարչության 2004թ. հրատարակած «Խղճի, դավանանքի եւ համոզմունքի ազատություն» գրքույկի
Հայաստանում գրանցված է 54 կրոնական կազմակերպություն: Արդյո՞ք բոլորն են կրոնական:
Փորձենք պատասխանել առաջին հայացքից տարօրինակ թվացող հարցին: Նախ, ըստ «Խղճի
ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, ո՞ր
կազմակերպություններն են կոչվում կրոնական: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ
«Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաեւ կրոնական այլ
պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է: Կրոնական
կազմակերպություններ են` եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը,
կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները եւ
այլ կրոնական-եկեղեցական հիմնարկները»: Հոդված 5-ում ասվում է, որ քաղաքացիների
խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն հիմնվում է
պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա, իր դավանանքով մտնում է
համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների մեջ, ընդգրկում է
առնվազն 200 հավատացյալ անդամ եւ այլն: Եվ այսպես, բոլո՞ր գրանցված
կազմակերպություններն են համապատասխանում վերոնշյալ պահանջներին, ասենք օրինակ`
«Գանձասար» աստվածաբանական կենտրոնը, «Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը»,
ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության ՀՀ մասնաճյուղը, Ֆրանսիայի «Հույս
Հայաստանի համար» կազմակերպության մասնաճյուղը, ԱՄՆ-ի «Հայ Ավետարանչական
ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղը, «Աստվածաշնչային հայկական միություն»
բարեսիրական կազմակերպությունը, Երեւանի եւ Վանաձորի «Գեդեոն» բարեգործական
կազմակերպությունները, Հայաստանի «Տիեզերական առաքելություն» հոգեւոր միությունը:
Այս գրանցված 9 կրոնական կազմակերպությունների մի մասի բարեսիրական բնույթը հուշում
է հենց անվանումը: Որքանո՞վ են այս կազմակերպությունները կրոնական, ունե՞ն 200
հավատացյալ անդամ, նրանց հետ համատեղ կատարու՞մ են կրոնական ծեսեր եւ այլն: Իհարկե`
ո՛չ, քանզի դրանց մի մասը հրատարակչական գործունեություն է ծավալում, մյուս մասը`
բարեգործական, եւ, պարզ ասած, եկեղեցիներ եւ համայնքներ չեն: Օրինակ` Հայաստանի
«Աստվածաշնչային ընկերությունը» կրոնական բնույթի հիանալի գրքեր է հրատարակում
մեծերի ու փոքրերի համար, որոնց կարիքը մեր ժողովուրդը շատ ունի, բայց
ընկերությունը կրոնական կազմակերպություն չէ, թեեւ նրա գործունեությունը ղեկավարող
խորհուրդը կազմված է Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական Եկեղեցիների
հոգեւորականներից, որոնք ունեն իրենց եկեղեցիներն ու համայնքները եւ
«Աստվածաշնչային ընկերությունում» իրականացնում են հրատարակչական գործունեություն:
Երեւանի եւ Վանաձորի «Գեդեոն» բարեգործական կազմակերպությունները նույնպես բարի գործ
են անում, հրատարակում են «Նոր կտակարան» եւ անվճար բաժանում ցանկացողներին, բայց
այդ կազմակերպությունները նույնիսկ հրատարակչություն չեն, այլ ավելի շատ`
պատվիրատու, տպարաններին «Նոր կտակարան» պատվիրող եւ տարբեր մարզերում, տարբեր
կազմակերպություններում, հիվանդանոցներում, բանտերում դրանք բաժանողներ: Միջազգային
«Գեդեոն» կազմակերպության եւ նրա Հայաստանի գործընկերների գործունեությունը,
այնուամենայնիվ, զուտ կրոնական գործունեություն չի կարելի անվանել, քանզի
կազմակերպությունները համայնք չունեն: Կրոնական գրքեր է հրատարակում նաեւ
«Աստվածաշնչային հայկական միություն» բարեսիրական կազմակերպությունը, որի անվանումն
իսկ հուշում է, որ այն ոչ թե կրոնական, այլ բարեսիրական կազմակերպություն է:
Երեւանի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը եւս արդեն մեկ տասնամյակից ավելի է
շնորհակալ գործունեություն է ծավալել, հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական եւ
հայագիտական գրքեր: Թեեւ նրա ղեկավարը քահանա է, բայց, ի վերջո, այն կրոնական
կազմակերպություն չէ, ինչպես կրոնական չէ Երեւանի պետհամալսարանի աստվածաբանության
ֆակուլտետը, որի ղեկավարը հարգված հոգեւորական է եւ արքեպիսկոպոս:

Չանդրադառնալով վերոնշյալ բոլոր 9 կազմակերպությունների
գործունեությանը, այնուամենայնիվ հարցնենք, թե ի՞նչն է պատճառը, որ նրանք տարիներ
շարունակ գրանցվել են որպես կրոնական: Ուշադիր ընթերցողը գուցե նկատեց, որ «Խղճի
ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածում
կրոնական էին որակվում նաեւ «եկեղեցական ու կրոնական համայնքները ... նրանց կրթական
ու հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական հիմնարկները»:
Փաստորեն օրենքի այս հատվածն է հիմք հանդիսացել նման գրանցումների համար: Կարծում ենք`
կրոնական կազմակերպությունների հրատարակչական, բարեսիրական եւ այլ
հաստատությունները պետք է կրոնական կազմակերպության մաս, բաղադրիչ, սեփականություն,
ունեցվածք համարվեն: Իսկ եթե հրատարակչությունը առանձին իրավաբանական անձ է
գրանցվում եւ կրոնական բնույթի գրքեր է հրատարակում, այն պետք է գրանցվի որպես
հրատարակչություն: Ինչպես, օրինակ, եթե կրոնական կազմակերպությունն ունի, ասենք,
հիվանդանոց, այն բոլոր առումներով առողջապահական հիմնարկություն պետք է դիտվի եւ ոչ
թե գրանցվի որպես կրոնական կազմակերպություն: Օրենքի «այլ կրոնական-եկեղեցական
հիմնարկներ» բառակապակցությունը եւս ստուգաբանման կարիք ունի: Ինչպես տեսնում ենք,
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հստակ չի
սահմանում, թե ինչ է կրոնական կազմակերպությունը: Ակնհայտ է, որ վաղուց է
հասունացել օրենքը բարեփախելու ժամանակը եւ առաջին հերթին հստակեցնելու կրոնական
կազմակերպությունների չափորոշիչները: