ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիասթափվում է նա, ով սխալ է հաշվարկել
Հանրապետության առաջին նախագահի 1991 թվականի ընտրություններում տարած գրեթե
հարյուր տոկոսանոց հաղթանակից ընդամենը մեկ տարի անց քաղաքական ուժերի եւ
հասարակության մի զգալի հատված հանդես եկավ նրա հրաժարականի պահանջով`
անհամաձայնություն ունենալով երկրում ընթացող սոցիալ-քաղաքական գործընթացների հետ:
Եվս չորս տարի անց առաջին նախագահը լուրջ դժվարություններ ունեցավ
ընտրություններում, եւ նրան ուսերի վրա իշխանության բերած հանրությունը նույն
միախմբվածությամբ հանդես եկավ նրա թեկնածությունը մերժելու պահանջով:
Հանրապետության երկրորդ նախագահը 1998 թվականի նախագահական ընտրություններում
ստացավ հասարակության աջ-ազատական կողմնորոշում ունեցող հատվածի աջակցությունը, եւ
ընտրություններից անմիջապես հետո անչափելի մեծ էին երկրում արդարություն, օրենքի
իշխանություն հաստատելու, սոցիալական ոլորտում էական հաջողությունների հասնելու,
ինչպես նաեւ նախորդ իշխանությունների սխալները չկրկնելու հույսերը:
Ընտրություններից ուղիղ իննը ամիս անց այդ հույսերը մարեցին, ապա ժամանակին նրան
սատարած քաղաքական շրջանակներից հնչեց նախագահի հրաժարականի առաջին պահանջը: Իսկ թե
ինչ եղավ 2003 թվականին, բոլորինէ հայտնի:
Ժամանակավորապես մի կողմ թողնելով «Իսկ ինչու՞ այդ ընտրությունները չեղան արդար»
հարցի քննումը, մեկ այլ խնդրի վրա հրավիրենք ընթերցողի ուշադրությունը. ինչպե՞ս
պատահեց, որ երկու նախագահների դեպքում էլ նրանց քվե տված էլեկտորատը շատ չանցած
հիասթափվեց նրանցից: Եվ ոչ միայն դա: 1996 թվականի էլեկտորատի զգալի մի հատված,
հաշվի առնելով հետագա տարիների իրադարձությունները, այսօր արդեն որոշակիորեն փոխել
է ութ տարի առաջ ունեցած իր վերաբերմունքը առաջին նախագահի հանդեպ, ակամա
ընդունելով, որ 1996-ին ինքն այնքան էլ ճիշտ եզրահանգում չի ունեցել քաղաքական երեւույթների
վերաբերյալ եւ մոլորության մեջ է եղել, կարծելով /համոզված լինելով/, թե
հանրապետության նախագահն է բոլոր-բոլոր դժվարությունների պատճառն ու մեղավորը:
Հասարակական կարծիքի վերոնկարագրյալ հարափոփոխությունը, պարբերական
հիասթափություններն արդյո՞ք մեզ իրավունք չեն տալիս պնդելու, որ մեր
հասարակությունը լուրջ դժվարություններ ունի քաղաքական գործընթացներում կողմնորոշվելու, իրականության վարքը որոշող խորքային երեւույթները տեսնելու
եւ հասկանալու գործում: Ասվածին հետեւում է հաջորդ հարցը. այդ դեպքում ճի՞շտ է արդյոք
նման հասարակությանը թույլ տալ կատարելու ընտրություն...
Քաղաքական ընդդիմության արձագանքը թե' նման հարցադրման գոյությանն ընդհանրապես, թե'
կոնկրետ հարցին` առավել քան ակնհայտ է, բայց ահա, մեր կարծիքով, իշխանություններն
իրենց թույլ են տալիս յուրայինների նեղ շրջանակում իրենք իրենց տալ այս հարցը եւ
որոնել պատասխան...
Ինչու՞ են իշխանությունները հրաժարվում հրաժարվել իշխանությունից
Մի պահ մոռանանք մեր հասարակության վերը քննված բարդույթը եւ ենթադրենք, թե ունենք
արդյունավետ ընտրություն կատարելու ընդունակ ժողովուրդ, կամ էլ համարենք, թե
ընտրության արդյունավետությունը մեզ համար այնքան էլ կարեւոր չէ, եւ կարեւորը
հասարակության մեծամասնության կամքն է:
Ընտրությունների ժամանակ հասարակության մեծամասնության կամքին հակադրվում է
իշխանությունից հեռանալու իշխանությունների համառությունը: Այդ համառությունը
հանրագումարն է մի շարք բաղադրիչների: Նախ, իշխանությունը մեր նման երկրներում ամեն
ինչ է. պաշտոնեական դիրքի օգտագործումով շահի ստացում, օրենքների շրջանցման եւ, որ
անչափ կարեւոր է, անպատժելիության ապահովում, պաշտպանություն նույն այդ իշխանական
համակարգի անքաղաքակիրթ ոտնձգություններից: Բացի այդ, իշխանությունն առավել
գայթակղիչ է անցումային փուլում, երբ տեղի է ունենում հանրային ունեցվածքի
համատարած սեփականաշնորհում, եւ իշխանություն ունեցողը հնարավորություն է ստանում
պարզունակ մեքենայությունների միջոցով տիրանալ այնպիսի հարստությունների, որպիսին
նորմալ գործարարը նորմալ երկրում հազիվ թե կարողանա կուտակել իր ողջ կյանքի
ընթացքում: Այսպիսի իրավիճակում իշխանություն կորցնելը նշանակում է կորցնել ամեն
ինչ, եւ ընտրություն անցկացնել նման պայմաններում` նշանակում է իշխանություն
ունեցողներից ԽԼԵԼ բոլոր այդ հնարավորությունները: Եվ այս առումով այնքան էլ լուրջ
քայլ չէ արդար ընտրություն անցկացնելու` հասարակության որոշ շերտերից հնչող
իշխանություններին ուղղված հորդորը:
Աշխարհի փորձը վկայում է, որ քանի դեռ տեղի չի ունեցել պետական ունեցվածքի
վերջնական վերաբաշխում, ապա լիակատար ժողովրդավարության մասին խոսելը վաղաժամ է:
Ասվածից ամենեւին չի բխում, որ վերաբաշխման ավարտն ինքնին ժողովրդավարության
նախադուռ է հանդիսանում. անհրաժեշտ է նաեւ, որպեսզի օրենքներով ապահովվի արդեն
բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ մեր հանրությունն իր գերակշիռ մասով վարժված չէ օրինապահության, եւ երկրում չեն
գործում օրենքները, ապա
անձեռնմխելիության ապահովումը ներկա փուլում դառնում է անհնար, եւ մեծահարուստներն
ու իշխողները ձգտելու են պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար:
Նշվածով, սակայն, իշխողների համառության շարժառիթները չեն սպառվում: Հասարակարգի
փոփոխության ընթացքում, որպես կանոն, տեղի են ունենում երեւույթներ, որոնք որոշակի
ժամանակահատվածում, անկախ իշխանությունների կամքից, առաջացնում են շատ դեպքերում
սոցիալական աղետով ուղեկցվող ցնցումներ: Թե՛ հասարակությունը, թե՛ ընդդիմությունը
կամա կամ ակամա այս բոլոր դժվարություների միակ մեղավոր համարում են
իշխանություններին, մինչդեռ իշխանությունները զգալով իրենց մեղքի բաժնի ուռճացված
ներկայացումը, նաեւ տեսնելով, թե ինչպես են դարերի ընթացքում հասարակության մեջ
ձեւավորված արատների համար հանիրավի պատասխան պահանջում իրենցից, ու նաեւ
համոզվելով, որ գրեթե անհնար է կարգի բերել հազար տարուց ավելի ժամանակահատված
պետություն չտեսած ժողովրդի կյանքը, քաղաքական հակառակորդի ագրեսիվությանը երբեմն-երբեմն
հակադրում են իրենց, շատ ավելի զորեղ ագրեսիվությունը: Հետո դա դառնում է
գործելաոճ:
Հաջորդը: Պատմությամբ պայմանավորված հանգամանքների բերումով մեր ժողովրդի մեջ
էականորեն թուլացել է պետության զգացողությունը, ու նրանից ծնունդ առած իշխանական
համակարգը դեռ երկար ժամանակ ի զորու չի լինի հանրային շահ հետապնդող էական գործողություններ
իրականացնել եւ, որպես կանոն, Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտին վերին
իշխանությունները քիչ բան են ունենում ասելու հանրությանը՝ ապահովելու համար
քվեների անհրաժեշտ քանակը:
Ոչ պակաս կարեւոր գործոն է կիսապատերազմական վիճակի առկայությունը. երկրի
անվտանգության ապահովման, ինչպես նաեւ հնարավոր ռազմական բախման դեպքում անհրաժեշտ
պաշտպանություն ապահովելու համար իշխանություններն իրականացնում են գաղտնի որոշ
քայլեր, սակայն հասկանալի պատճառով զրկված են այդ մասին հանրությանը տեղեկացնելու
հնարավորությունից, եւ ակամա արհամարհանքով կամ ագրեսիայով են լցվում իրենց վաստակը
չգնահատող ժողովրդի հանդեպ:
Որոշ դեպքերում ասվածին գումարվում է նաեւ ժողովրդի՝ արդյունավետ ընտրություն
կատարելու անկարողությունը: Երկրի առջեւ ծառացած իրական դժվարություններին
քաջատեղյակ իշխանությունները պարզ տեսնում են, որ զգացմունքներին տուրք տվող
հանրությունն իրեն առաջնորդ է ընդունում այնպիսի գործիչների, որոնք ո'չ միայն չեն
կարող ավելի լավ կյանք ապահովել, այլեւ գոնե պահպանել ներկա վիճակը: Նման դեպքերում
«ուղղորդելով» ընտրությունների փաստացի արդյունքները, իշխանությունները գտնում են,
որ առաջնորդվում են հայրենասիրական մղումներով:
Եվ վերջապես, իշխանությունների համառության գլխավոր շարժառիթը` նրանք երկյուղում են
իշխանությունից հեռանալուց հետո ֆիզիկական հնարավոր ոչնչացումից, երկյուղ, որն առկա
էր 1996 թվականին, ոչ այնքան վառ արտահայտված` կար 1998 թվականի փետրվարին, առկա էր
2003-ին, առկա է այսօր, առկա է լինելու վաղը եւս:
Ուտոպիա
Հասարակության անդամների կամ խմբերի միջեւ գործող հարաբերությունները օրենքների
շրջանակներում պահելու նպատակով քաղաքակիրթ ժողովուրդները ստեղծել են
արդարադատության համակարգ եւ օժտել նրան անկախությամբ: Կյանքը ցույց է տալիս, որ
մենք, որպես ժողովուրդ, լուրջ դժվարություններ ունենք հասարակական կյանքում
արդարադատության անգամ տարրական նորմեր ապահովելու գործում եւ, սպասելի է, որ
չունենք պետական որեւիցե մարմին, որը ճշմարիտ եւ անաչառ լուծում կգտներ մանր ու մեծ
վեճեր ծագելու դեպքում: Բայց ընտրությունները /հատկապես` նախագահական/ վերջին
հաշվով սոսկալիորեն մեծ վեճեր են` ահռելի խաղագումարով, մինչդեռ չկա, մենք դեռեւս
չենք ստեղծել նման կարգի վեճ հարթող արդարադատ մարմին:
Քվե տալը բավարար չէ
Եվ այսպես, չկա երկրում արդարադատություն, եւ կա իշխանությունից չհրաժարվելու
իշխանությունների վճռական համառություն: Այս դեպքում, ինչպես բարձր ամբիոնից
հայտարարվել է ժամանակին, եթե ընդդիմությունն անգամ ստանա ընտրողների քվեների
հարյուր տոկոսը, ապա դա բավարար պայման չէ իշխանափոխության համար: Եվ ստացվում է,
որ իշխանափոխության սահմանադրական տարբերակի հավանականությունը անչափ մոտ է զրոյին:
Երեւի թե այս հաշվարկն են հիմք ընդունում ընդդիմադիր որոշ գործիչներ, որոնք վերջին
շրջանում խոսում են միայն հեղափոխության մասին:
Բայց կա՞ արդյոք Հայաստանում հեղափոխության պատրաստ ժողովուրդ:
Եթե ընդդիմադիրները դեռեւս փնտրում են այս հարցի պատասխանը, ապա իշխանությունները
վաղուց գիտեն այն, դա պարզ երեւում է նրանց վարքից:
Ո՞րն է ելքը
Ելքը, մեր կարծիքով, այնպիսի մի քաղաքական հոսանքի ի հայտ գալն է, որը հաշվի
առնելով վերը բերված ու նաեւ այլ գործոնների առկայությունը, հասարակությանը
կառաջարկի ուտոպիայից զերծ, իրականանալի էվոլյուցիոն ծրագիր:
