ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՌՆԱՐԱՆ

Եթե ելնենք այն սահմանումից, թե մշակույթն անհատի եւ հասարակության զարգացվածության
աստիճանն է, ապա Հարավային Կովկասը ներկայանում է որպես բավականին բազմաբղետ մի
տարածք, ուր կողք կողքի եւ միմյանց մեջ խճճված գոյում են մշակութային տարբեր շերտեր,
դրանք տարերայնորեն կրող տասը միլիոնից ավելի մարդիկ` չունենալով անհրաժեշտ
նվազագույն արժեքների ընդհանրականություն, որը կապահովեր համակեցության որեւէ
մոդել:



Օրինակ` հազարամյակներ շարունակ ապրելով իրար կողքի` հայ եւ վրացի ժողովուրդները
այդպես էլ չկարողացան սինթեզել միասնական մշակութաբանական արեալ: Վրաց մշակույթը,
լինելով իբերո-կովկասյան ընտանիքի ամենազարգացած հատվածը, որ առաջինը հասավ
կազմակերպչական բարձրագույն ձեւին` պետությանը, արդեն երկու-երեք հազարամյակ առաջ
առաջընթաց պոկում էր ապահովել իր մայր համակարգից` ներսում ներառելով եւ՛
հնդ-իրանական, եւ՛ հունա-հռոմեական քաղաքակրթությունների իրողություններ.
հետագայում դրանց ավելացան քրիստոնեական, ռուսական, կոմունիստական շերտեր: Հայ
մշակույթը, լինելով հնդ-իրանական քաղաքակրթական համակարգի հարազատ մասնիկը,
ամենախոշոր չափերով իր վրա էր կրում ոչ միայն հունա-հռոմեական, այլեւ վաղ- եւ
միջին-սեմական քաղաքակրթությունների ազդեցությունը: Իսկ ադրբեջանական մշակույթը, որ
որպես այդպիսին ձեւավորման փուլում է դեռ, ի սկզբանե հեռավոր ժառանգորդն էր եւ՛
թուրանական, եւ՛ իրանական, եւ՛ ուշ-սեմական, եւ՛ տեղական իբերո-կովկասյան, եւ՛
ռուսական սուբցիվիլիզացիոն մշակույթների անդրադարձերի:



Այսօր, երբ գլոբալացող աշխարհն ընթանում է ոչ միայն մշակութային աննախադեպ
փոխներթափանցումների, այլեւ պահպանված քաղաքակրթությունների երկխոսության ու
դրանով` գլոբալի մեջ լոկալացման ճանապարհով, Հարավային Կովկասի ժողովուրդները
կանգնած են իրենց անցյալի մշակութային ժառանգության եւ նոր ժամանակների զարգացման
տրամաբանության բախման մարտահրավերի առջեւ: Եթե գրեթե նույնակունք Եվրոպան իր ներսի
մշակութային ալեբախումները կարողացավ հաղթահարել (այն էլ` դեռ ոչ մինչեւ վերջ)`
անցնելով մի քանի հարյուրամյա ընդհարումների, քաղաքացիական արյունալի
վայրիվերումների ու 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների միջով, ապա տարբեր
էթնոմշակութային ծագում ունեցող բազմազգ Կովկասի համար դա առավել բարդանում է`
հաշվի առնելով միայն ոչ վաղ անցյալում փլուզված Պարսկական եւ Օսմանյան
կայսրությունների մշակութային ժառանգության, ինչպես նաեւ Ռուսական կայսրության
ներկայիս հեռացման ու տարածաշրջանում նոր ինքնուրույն խաղացողի` ԱՄՆ-ի ի հայտ գալու
հանգամանքներով: Եթե այս ամենին ավելացնենք, որ ի տարբերություն եվրոպական
ժողովուրդների, Հարավային Կովկասի ժողովուրդները պատմական տարաբնույթ պատճառներով
բաց են թողել շատ կենսական մի քանի պատմափուլ, ապա կացությունն այստեղ ավելի
դժվարհաղթահարելի է ներկայանում:



Եվրոպական ժողովուրդները, վճարելով պահանջված ծանր գինը, հասան ազգային
պետությունների, այդ հիմքի վրա` քաղաքացիական հասարակությունների աստիճանին:
Մինչդեռ Հարավային Կովկասի ժողովուրդները լուրջ խնդիրներ ունեն քաղաքացիական
հասարակություն կառուցելու հարցում. այստեղ կարող է խոսք լինել ժողովուրդների
մասին, բայց ոչ երբեք հասարակությունների: Իսկ մշակույթը հատուկ է
հասարակություններին եւ ոչ թե ապաարժեքային քաոտիկ միջավայրում կենսաբանորեն գոյող
հանրույթներին, ուր մշակույթն անհատների եւ ոչ հասարակությունների հատույթում է:
Ունենալով մի քանի հազար տարվա ազգային մշակույթ (հայեր եւ վրացիներ), տարածաշրջանի
ժողովուրդներն այսօր կանգնած են մշակութային անապատում, քանի որ 20-21-րդ
դարագլուխը հիմնավորապես վերասահմանել է մշակույթ հասկացությունն ընդհանրապես` այն
վերապահելով բացառապես հասարակություններին:



Հասարակությունների բացակայությունը հանգեցնում է համայնքի, իսկ համայնքի բնորոշիչ
են կրոնն ու դավանանքը, էթնիկ պատկանելություն ու սրված, չափազանցեցված
ինքնատարբերակումը, ինչը բոլորովին վերջերս արյունալի ու երկարատեւ բախումների
հանգեցրեց մինչեւիսկ քաղաքակիրթ Եվրոպայի սրտում` Բոսնիայում եւ Կոսովոյում, թեեւ
այստեղ չկար նույնիսկ էթնիկ եւ լեզվական տարբերություն, մինչդեռ հասարակությունների
պարագայում այդ բախումները լոկալանում եւ լուսանցքային են դառնում, ինչպես
Հյուսիսային Իռլանդիայում կամ Բասկերի երկրում` չվերաճելով ժողովրդային
պատերազմների ու դիմակայության:



Մշակութաբանական մեր այս մոտեցման տրամաբանությամբ` Հարավային Կովկասի ազգամիջյան
պատերազմների հրդեհը (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Լեռնային Ղարաբաղ) կարող է մարել
բացառապես քաղաքացիական հասարակությունների ձեւավորմամբ: Սրա համար կատալիզատոր
հանդիսացող արեւմտյան ներազդումները միշտ չէ, որ հաջողության են բերում: Այսպես,
կոմունիստական ժամանակաշրջանը, որն ուներ իր ինքնահատուկ արժեքային համակարգը եւ
ինքնապարտադրվում էր հարավկովկասյան ժողովուրդներին, կարողացավ միայն
ժամանակավորապես սառեցնել ազգամիջյան դիմակայությունը, որ ցարիզմի օրոք հաճախ էր
հրահրվել: Անշուշտ, կոմունիստական արժեհամակարգի խորթությունն էր պատճառը, որ
հնարավոր չեղավ իրականացնել մինիգլոբալիզացիոն գործընթացը գոնե մինչեւ ազգամիջյան
ատելության վերացում. ընդհակառակը` տարածքային արհեստական բաժանումների եւ այլ
միջոցներով կայսրությունը մշտապես պայթելու պատրաստ ականներ դրեց ժողովուրդների
հարաբերությունների հիմքում, որպեսզի երբեւէ չկորցնի իր` կարգավորողի եւ կառավարողի
դերը:



Այդ ականները մեկը մյուսի ետեւից պայթեցին կոմունիստական կայսրության փլուզմանը
զուգահեռ` Կովկասն ընդհանրապես դարձնելով մի նոր Մերձավոր Արեւելք, ուր եւս
բախումների հիմքում քաղաքակրթական եւ մշակութային դիմակայությունն է: Եթե
քաղաքակիրթ աշխարհի կողմից այսօր Իսրայելը Մերձավոր Արեւելքում համարվում է
հակամարտության դրական բեւեռ, ապա բացառապես այն պատճառով, որ կարողացել է
ձեւավորել հասարակություն` ժամանակակից սահմանմամբ, մինչդեռ պաղեստինյան, նույնիսկ
պետականություն ունեցող հարեւան արաբական ժողովուրդների պարագայում բացակայում է
քաղաքացիական հասարակության իրողությունը, եթե չասենք` ընդհանրապես հասարակության
փոխարեն գործ ունենք համայնքների հետ` բաժանված կրոնական ու էթնիկ հանգամանքներով:
Ահա թե ինչու Հարավային Կովկասում եւս նորանկախ երեք երկրները դատապարտված են
ազգային անկախությունը հռչակելուց մեկուկես տասնամյակ անց վերստին հռչակելու իրենց
անկախությունը, այս անգամ` հասարակություն ձեւավորելու հատույթում:



Միայն քաղաքացիական հասարակությունների ձեւավորման պարագայում է, որ հարավկովկասյան
երկրներին կհաջողվի մարել պատերազմական հրդեհը, գտնել համակեցության բանաձեւն ու
իրապես դառնալ զարգացող աշխարհի հարազատ մասնիկը: Պատմությունը ցույց կտա, թե
հարավկովկասյան երեք առանցքային ժողովուրդներից ում կհաջողվի կատարել պատմության
բացը լրացնելուն ուղղված ցատկը` կառուցել ժողովրդավարական համակարգ եւ քաղաքացիական
հասարակություն` դրանով իսկ անվտանգության համապարփակ համակարգում վաստակելով
լիարժեք ձայնի իրավունք եւ առաջամարտիկի դեր: Այսինքն` չկա առանձին վերցված
Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարց. կա համաշխարհային խաղի
կանոններն ընկալելու եւ դրանցով քաղաքականավարելու հարց, կա շատ պարզ, բայցեւ
դժվարհաղթահարելի իրական ժողովրդավարություն հաստատելու, քաղաքացիական
հասարակություն դառնալու կենսունակության հարց: Եվ շահեկան վիճակում կլինեն միայն
այն ժողովուրդները, որոնց կհաջողվի մինչեւ սահմանների իսպառ վերացումը քաղաքացիական
հասարակություն ձեւավորել, որդեգրել գլոբալ քաղաքակրթության արժեհամակարգը, որը
հնաբույր պատկերացումներ ունեցողներին թվում է, թե ազգայինի դեմ է ուղղված, մինչդեռ
բացառապես դա է, որ ապահովելու է նույն ազգայինի շարունակականությունն ու
ներդաշնակեցումը համաշխարհային թրթիռին: