ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փոփոխություններ «ներսից». Հայաստանի համար լավագույն տարբերակը
2005 թվականի սկիզբը նշանավորվեց ներքաղաքական բուռն իրադարձություններով. նախ,
իշխանությունը, հանձին գործող նախագահի, հայտարարեց, թե այլեւս վճռական է լինելու
կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարում: Դրան հետեւեցին
խորհրդարանական ճգնաժամի եւ կառավարությունը ցրելու, վարչապետին պաշտոնանկ անելու
լուրերը: Եվ երրորդ` կտրուկ սրվեց քրեական իրավիճակը, սպանվեց Հայաստանի խոշոր
գործարարներից մեկը: Մամուլում տեսակետներ հրապարակվեցին, թե այս
իրադարձությունները սերտորեն կապված են: Եթե ընդունենք, որ քաղաքականության մեջ
պատահականություններ չեն լինում, եվ ամեն ինչ փոխկապակցված է, պիտի ենթադրենք, որ
Հայաստանում այս տարին իսկապես կարող է անցնել խոշոր փոփոխությունների նշանաբանով:
Փոփոխություններ «վերեւից»
Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը ձեռնտու չէ ոչ միայն
հասարակությանը, այլեւ իշխանություն ունեցողներին: Բանն այն է, որ թեեւ ստեղծված
քաղաքական-կլանային համակարգը անխոցելի է թվում, սակայն «վերեւներում» քաջ
հասկանում են, որ իրենք ընդամենը իշխանություն ունեն, սակայն իշխանություն չեն: Դա
է պատճառը, որ «վերեւներում» պետք է փորձեն փոխել այս իրավիճակը: Սակայն այս
գործընթացը հղի է բազմաթիվ խոչընդոտներով: Փորձենք հիմնավորել` ինչու: Հարցին
պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպես ձեւավորվեց ներկայիս համակարգը:
Խորհրդարանի եւ նախագահի մի քանի ընտրություններին անտեսվեց ընտրողների կամքը, եւ
իշխանությունը ձեւավորվեց ընտրողների կամքին հակառակ: Այս գործընթացը
«հաջողությամբ» տանելու համար իշխանությունը ստեղծեց «կամակատարների» մի բանակ,
որոնց խնդիրն էր չեզոքացնել հասարակության նախաձեռնությունները: Այս ծառայությունը
բավական թանկ արժե, եւ որպես վճար` «կամակատարներին» բաժին է հանվում
սեփականությունից, տրվում են տնտեսական եւ այլ կարգի անօրինական արտոնություններ,
ընդհուպ զինված բանդաներ պահելը: Ընտրությունից ընտրություն այս ծառայությունների գինն
ավելանում է, նույնպես ավելանում են վճարների չափերը: Սակայն երկիրը փոքր է, եւ
գալիս է մի պահ, երբ այլեւս վճարելու բան չկա: Այստեղ սկսում են բախվել «ծառաների»
շահերը, եւ վճարը լինում է մեկը մյուսի հաշվին ընդլայնվելը, որը հաճախ հանգեցնում է
զինված բախումների:
Սակայն իրենք` «կամակատարները», ցանկություն չունեն մշտապես անօրինականության
դաշտում գտնվել եւ իշխանություն ունեցողներից պահանջում են «լեգիտիմացնել» իրենց
կարգավիճակը: Մի բան, որ իշխանություն ունեցողները չեն կարող անել թե ներքին, թե
արտաքին քաղաքական նկատառումներով: Այս պայմաններում « կամակատարները», տիրապետելով
հսկայական ռեսուրսների, իրենք են փորձում լեգիտիմանալ: Մանավանդ որ, տեսնում են, որ
ավտորիտար-կլանային համակարգում իրենց սեփականությունը չի կարող պաշտպանված լինել:
Դա արտահայտվում է նրանով, որ նրանք դառնում են պատգամավորներ, մտնում են
մեդիա-դաշտ, փորձում են կուսակցություններ ստեղծել եւ այլն, որդեգրելով
էթնիկ-«ազգային» գաղափարներ` փորձելով շահել հասարակության աջակցությունը:
Իշխանություն ունեցողներն, իրենց հերթին, փորձում են փոխել այս իրավիճակը, սակայն
չունենալով հասարակական աջակցություն, ստիպված են գնալ այլ ճանապարհով: Նույնիսկ եթե
լիներ հասարակական աջակցությունը, եւ իշխանություն ունեցողները խրախուսեին երկրում
իրավական կարգ կառուցելու հասարակական պահանջը, կրկին իրենք ստիպված էին լինելու
հեռանալ: Եվ այսպես, ստացվում է փակ շրջան. «վերեւներում» փորձում են, բայց չեն
կարողանում, որովհետեւ իրենց բազան « կամակատարների» համակարգն է, « կամակատարներն
» էլ, իրենց հերթին, փորձում են լեգիտիմանալ, սակայն նրանց խանգարում են:
Բանականաբար, այս ներկլանային գործընթացները որեւէ կապ չունեն հասարակության
ձգտումների հետ:
Հայաստանի քաղաքական-կլանային ներկա համակարգը, ինչպես վերը նշվեց, միայն արտաքուստ
է անխոցելի թվում: Սակայն գործող ընդդիմության համեմատ այն իսկապես ավելի ուժեղ է:
Կյանքը ցույց տվեց, որ այդ համակարգը հնարավոր չէ քանդել ուժի միջոցով: Այն կարող է
ապամոնտաժվել կամ դրսից, կամ որակապես այլ` քաղաքացիական բեւեռ ձեւավորելու
ճանապարհով: Այստեղ պետք է նշել, որ հարցադրումների տեսակետից իշխանության եւ
ընդդիմության դիրքորոշումները չեն տարբերվում. այնպիսի կատեգորիաները, ինչպես
«իշխանության առաքելությունը», կամ «իշխանության իրավունքը», դարձան իշխանության ոչ
լեգիտիմության եւ այն հեղափոխական ճանապարհով տապալելու արդարացումներ: Այսինքն, էթնիկ
գաղափարները դարձան իշխանության եւ ընդդիմության գործողությունների արդարացումը:
Իշխանության գաղափարական լոզունգներն ու գործողությունները իրարից չէին տարբերվում,
իսկ ընդդիմությանը` հակառակը, այն է` խոսելով սահմանադրական կարգի վերականգնումը
ուժային մեթոդներով: Սա էր ընդդիմության պարտության պատճառներից մեկը: Երկու
դեպքում էլ ներազգային կյանքի եւ պետության որակի խնդիրը մղվել է երկրորդ պլան:
Փոփոխություններ «դրսից»
Մեր հասարակության մի ստվար մասը, թերեւս ներկա իրողությունների հանդեպ
անզորության զգացումից դրդված, մեծ հույսեր է կապում դրսից փոփոխությունների հետ:
Վերջին հարյուրամյակում, իսկապես, բազում են դեպքերը, երբ «դրսից», ռազմական եւ
անվտանգության ուժերի ուղղակի միջամտությամբ ապամոնտաժել են երկրների
քրեական-կլանային վարչակարգերը: Սակայն դա խնդրի լուծում չէ, քանի որ, օրինակ,
նույն լատինամերիկյան երկրներում շատ արագ այդ վարչակարգերը կրկին հաստատվում էին:
Խնդիրն այն է, թե որակական ինչ աստիճանի վրա են տվյալ հասարակությունները եւ ինչ
պատկերացումներ ունեն ներազգային կյանքի կառուցման ուղիների շուրջ:
Փոփոխություններ «ներսից»
Վերը նշվեց, որ ներկա քաղաքական-կլանային համակարգը կարող է ապամոնտաժվել կամ
դրսից, կամ որակապես այլ` քաղաքացիական բեւեռ ձեւավորելու ճանապարհով: Այս վերջինը
լավագույն տարբերակն է երկրում իրական բարեփոխումներ կատարելու համար: Այն պահին,
երբ հասարակությունը գիտակցի, որ պետությունը պետք է կառուցվի իրավական կարգի հիման
վրա, եւ որ ազգի առաքելությունն աշխարհում օբյեկտիվորեն որոշվում է նրա
բարոյական-քաղաքական որակներով, Հայաստանի ներքին կյանքում տեղի կունենա որակական
շրջադարձ: Հասարակությունը դուրս կգա առկա քաղաքական իրողությունների հանդեպ
անզորության վիճակից, որն առաջացել է վերջին տարիների էթնոքաղաքական գաղափարների
ծանր ժառանգության ազդեցության ներքո:
Պետք է ասել, որ իրավական կարգ եւ քաղաքացիական բեւեռ ձեւավորելու գիտակցությունը
մեր հասարակության մեջ աստիճանաբար ուժեղանում է: Դրան նպաստում է նաեւ այն, որ
2003թ. ընտրություններից հետո թե հասարակությունը, թե քաղաքական ուժերը գիտակցեցին
էթնիկ գաղափարների անհեռանկարայնությունը եւ սկսեցին խոսել սահմանադրության մասին:
Ներկա քաղաքական վերնախավի գաղափարական արժեզրկումը ճանապարհ է բացում իրավական
գիտակցություն կրող ուժերի գործունեության համար, որոնց խնդիրը պետք է լինի
իրավական կարգի կառուցումը եւ քաղաքացիների արժանապատվության պաշտպանությունը: Դա,
իր հերթին, կհանգեցնի երկրում իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի
հաստատմանը:
