ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հակասությունները
Հայաստանում կրոնական ազատությունների մասին խոսողների եւ գրողների մեծ մասը
հավատացած է, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը
ընդունվել է անկախությունից հետո եւ նրանք, ովքեր դեմ են կրոնական
ազատություններին, շատ հաճախ անկախության «մեղքերի» շարքում թվարկում են նաեւ
հիշյալ օրենքի ընդունումը: Հին վարչակարգի բարեկամներին պետք է հիշեցնեմ, որ օրենքը
ընդունվել է 1991-ի սեպտեմբերի 21-ից, այսինքն` անկախությունից առաջ, 1991-ի
հունիսի 17-ին` հիմք ունենալով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների
մասին» ԽՍՀՄ օրենքը, որը 1990թ. հոկտեմբերի 1-ին ստորագրել էր ԽՍՀՄ նախագահ Մ.
Գորբաչովը: Իսկ նույն օրը Ա. Լուկյանովի ստորագրած «ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի
որոշման» 2-րդ կետով հանձնարարված էր միութենական հանրապետությունների Գերագույն
Խորհուրդներին իրենց օրենսդրությունը հարմապատասխանեցնել սույն օրենքին: Հայաստանի
Գերագույն Խորհուրդը օրենքը տեղայնացնելով, լրջորեն խմբագրելով, կրճատումներ եւ
հավելումներ (մասնավորապես 17-րդ հոդվածում) անելով 1991թ. հունիսի 17-ին ընդունեց
ՀՀ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որից հետո
այն երկու անգամ` 1997թ. եւ 2001թ. փոփոխվեց եւ լրացվեց:
Եվ այդ փոփոխություններն ու լրացումներն էլ, կարծես թե հիմնականում նպատակաուղղված
էին ոչ թե 1991թ. օրենքի թերություններն ու հակասությունները վերացնելուն, այլ,
որքան էլ տարօրինակ է, օրենքն ավելի խճողելուն:
Անցած տասնչորս տարիներին օրենսդիրները այդպես էլ չանդրադարձան 1991թ. օրենքի
հակասություններին, մասնավորապես, ավելացված 17-րդ հոդվածին, որի -գ- կետը
ազդարարում է, որ «պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ
հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը» եւ նշվում են 6 մենաշնորհներ,
որոնք այս կամ այն չափով հակասում են թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ հիշյալ օրենքին,
թե՛ ՀՀ տարբեր օրենքներին եւ իրավական ակտերին: Այդ վեց մենաշնորհներից
անդրադառնանք միայն երեքին: Այսպես, Ազգային եկեղեցու մենաշնորհ է համարվում
«կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական
հուշարձան-եկեղեցիները` ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական
նախաձեռնությամբ»:
1700 տարի առաջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած ժողովուրդը եւ նրա Մայր Եկեղեցին
չեն կարող արգելել քրիստոնեական նոր եկեղեցիներ կառուցելուն եւ քույր Եկեղեցիներին
պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիների վերաբացմանը. դա անհարիր է մեր ժողովրդին,
մեր Եկեղեցուն, մեր պետությանը: Արդեն իսկ կառուցվել են մի քանի նոր եկեղեցիներ,
վերաբացվել են Ռուս Ուղղափառ եւ Հայ Կաթողիկե համայնքներին պատկանած մի քանի
պատմական հուշարձան-եկեղեցիներ եւ մեր ժողովուրդն ու Հայ Առաքելական Եկեղեցին
ըմբռնումով են մոտեցել այդ հարցին: Ի վերջո, դժվար թե աշխարհում գտնվի որեւէ
քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա երկիր, որը նման արգելք կամ մենաշնորհ ամրագրի իր
օրենսդրության մեջ: Չմոռանանք, որ հայկական պատմական հուշարձաններ կան աշխարհի
բազում երկրներում, ի՞նչ կլինի, եթե Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Պարսկաստանն
ու Արաբական երկրները, Եվրոպայի կաթոլիկ երկրները նման մենաշնորհներ սահմանեն եւ
հայերի առաջ արգելքներ հարուցեն: Ի վերջո, այդ մենաշնորհը հակասության մեջ է նաեւ
հենց նույն օրենքի 7-րդ, 11-րդ եւ 21-րդ հոդվածներին, որոնցով պետությունը
ընդունում է սեփական աղոթատուն (իմա` եկեղեցի) ունենալու, պատմական հուշարձանները
ըստ նշանակության օգտագործելու կրոնական կազմակերպությունների իրավունքը,
պարտավորվում է կրոնական կազմակերպություններին պետության կողմից որպես
սեփականություն հանձնված կամ նրանց պատկանող կառույցների եւ կրոնական նշանակության
պատմական հուշարձանների պահպանությունը` անկախ նրանց պատկանելությունից:
Հաջորդը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւյալ մենաշնորհն է` «գործնականորեն աջակցել
հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը»: Շատ բարձր գնահատելով Հայ Եկեղեցու դերը
հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանն աջակցելու գործում, հարցնենք, իսկ ընտանի՞քը,
դպրո՞ցը, բու՞հը, արվե՞ստը, գրականությու՞նը, մշակու՞յթը, գիտությու՞նը եւ այլն,
իրավունք չունե՞ն հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանն աջակցել:
17-րդ հոդվածի -գ- կետի հաջորդ պարբերությունը որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ է
ճանաչում բարեգործական եւ բարեխնամ գործունեություն ծավալելը: Արժե՞ հիշեցնել, որ
որեւէ դարում, որեւէ երկրում բարեգործությունը մենաշնորհ չի եղել եւ չէր կարող
լինել: Բացի այդ, այս «մենաշնորհը» հակասում է հենց նույն օրենքի 7-րդ հոդվածի -ժ-
կետին, որը ուղղակիորեն նշում է, որ կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն
«զբաղվել բարեգործությամբ»:
Հայաստանում գրանցվել եւ գործում են տասնյակ բարեգործական կազմակերպություններ,
բարեգործական գործունեություն են ծավալում նաեւ հասարակական կազմակերպությունները,
անհատները, սփյուռքահայերը: Պարզվում է, որ նրանք բոլորը օրինախախտներ են:
Եզրակացությունը մեկն է. վերոնշյալ, այսպես ասած «մենաշնորհները» Հայ Առաքելական Եկեղեցուն
ոչինչ չեն տալիս ոչ՛ իրավական դաշտում, ոչ՛ իրական կյանքում:
Անցած տարիներին օրենսդիրները այդպես էլ չանդրադարձան նաեւ 1991թ. օրենքի 5-րդ
հոդվածի հակասական ձեւակերպումներին: Այսպես, կրոնական կազմակերպություն կոչվելու
համար անհրաժեշտ պայմանները 5-րդ հոդվածի ա, բ, գ, դ, ե կետերով սահմանելով,
օրենսդիրները ազգային փոքրամասնությունների համար -ա- կետից բացի մյուսները
պարտադիր չեն համարել: Այնինչ -դ- կետում կարդում ենք, որ կրոնական
կազմակերպությունը «զերծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի զուտ հոգեւոր
ոլորտները»: Ստացվում է, որ ազգային փաքրամասնությունների համար -դ- կետը պարտադիր
չէ եւ նրանց թույլատրվում է ունենալ նյութապաշտ եւ հոգեւոր ոլորտներ չուղղված
կրոնական կազմակերպություններ: Բայց նման զավեշտական սպրդումները օրենսդիրներին չեն
հետաքրքրել եւ նրանք 1997թ. փոփոխելով օրենքի 5-րդ հոդվածը զարմանալիորեն չեն
նկատել այդ հակասությունը:
Անդրադառնանք նաեւ ՀՀ ԱԺ-ի 1997թ. սեպտեմբերի 10-ին ընդունած «Խղճի ազատության եւ
կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» օրենքին, ըստ որի գրանցման համար նախկին 50 հավատացյալի փոխարեն
պահանջվում է 200 անդամի առկայություն: Այսինքն, եթե համայնքն ունի 100 կամ 150
անդամ, ապա այն հռչակվում է օրենքից դուրս եւ նույնիսկ համայնքի անդամի թաղման
ժամանակ համատեղ աղոթելու, կրոնական ծեսեր կատարելու իրավունք չի ունենում, ինչը,
հատկապես փոքր համայնքներին ստիպում է ավելի ակտիվորեն նոր անդամներ հավաքագրել,
կամ էլ պարզապես բարեկամ-ազգականների անուններով արհեստականորեն համալրել գրանցման
համար ներկայացվող ցուցակները: Որտեղի՞ց է վերցվել այս մոգական 200 թիվը, մնում է
անհասկանալի: Նույնիսկ կոմունիստական վարչակարգի օրոք, երբ աթեիզմը պետական
քաղաքականության մաս էր, կրոնական կազմակերպությանը գրանցման համար անհրաժեշտ էր
ընդամենը 20, իսկ գորբաչովյան 1990թ. օրենքում` 10 անդամի ստորագրություն:
Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնությունում 1997թ. սեպտեմբերի 19-ին ընդունված «Խղճի
ազատության եւ կրոնական միավորումների մասին» օրենքում գրանցման համար նախատեսված է
ընդամենը 10 անդամի առկայություն:
Հաջորդ դիտողությունը վերաբերում է օրենքի 13-րդ հոդվածին, որը ազդարարում է, որ
«այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների
կողմից»: Տվյալ հոդվածում անհասկանալի է, թե ինչ է նկատի առնված «հոգեւոր կենտրոն»
հասկացության տակ, քրիստոնյաների Երուսաղե՞մը, մահմեդականների Մեքքա՞ն: Իսկ գուցե
ռուսների համար Մոսկվայի պատրիարքությու՞նը, կաթողիկե հայերի համար` Վատիկա՞նը: Այդ
դեպքում շատ կրոնական կազմակերպություններ եւ Եկեղեցիներ (ավետարանականներ, հոգեգալստականներ
եւ այլն) արտերկրում նմանատիպ հոգեւոր կամ վարչական կենտրոններ չունեն, քանի որ
կազմավորվում են որպես ինքնուրույն համայնքներ: Ուրեմն վերջիններիս վրա այդ արգելքը
չի՞ տարածվում: Փաստորեն Հայաստանի Ռուս Ուղղափառ Եկեղեցին կարող է ֆինանսավորվել
ցանկացած երկրից կամ Ռուսաստանի ցանկացած մարզից ու քաղաքից, ցանկացած անհատ
գործարարից, բայց, եթե Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ 2-րդը որոշի
Հայաստանի ռուսական Եկեղեցուն ֆինանսապես աջակցել, նրան օրենքի խստությամբ պիտի
արգելվի այդ անել: Նույնը վերաբերում է նաեւ Հայ Կաթողիկե Եկեղեցուն: Այս օրենքի
հեղինակները մի պահ մտածե՞լ են, թե ինչ կլինի, եթե նման հոդված տեղ գտնի Ռուսաստանի
Դաշնության, Ուկրաինայի կամ հարեւան Վրաստանի օրենքում: Եվ, եթե Մայր Աթոռ Ս.
Էջմիածինը որպես հոգեւոր կենտրոն օգնության ձեռք մեկնի եւ ֆինանսավորի Ռուսաստանի,
Ղրիմի կամ Ջավախքի որեւէ հայկական եկեղեցու, ապա նրան խստորեն արգելվի այդ անել:
Ի վերջո «ֆինանսավորվելը» շատ ընդգրկուն հասկացություն է: Կան ֆինանսավորման տարբեր
ձեւեր եւ նպատակներ` բարեգործական, եկեղեցաշինական, գրահրատարակչական եւ այլն:
Հոգեւոր կենտրոնների պարտականությունն է ծերության կամ հիվանդության հետեւանքով
անաշխատունակ հոգեւորականներին կենսաթոշակ նշանակելը կամ բուժման համար վճարելը,
ինչը եւս մտնում է «ֆինանսավորում» հասկացության մեջ: Չթվարկելով բոլոր այն
դեպքերը, երբ հոգեւոր (վարչական) կենտրոնները անկախ գտնվելու վայրից, ուղղակիորեն
պարտավոր են ֆինանսավորել իրենց տարասփյուռ հոգեւորականներին եւ համայնքներին,
նշենք, որ մեր օրենքներում արգելքներ հորինելիս միշտ պետք է հիշենք, որ աշխարհի
տարբեր ծայրերում ունենք հայկական եկեղեցիներ ու համայնքներ եւ խիստ անցանկալի
կլինի, եթե այդ երկրները եւս օրենսդրորեն նման արգելքներ հաստատեն: Ինչ վերաբերում
է 13-րդ հոդվածում 1997թ. արված մյուս հավելմանը, այն է` «Կրոնական
կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից եւ
ֆինանսավորել նրանց», ապա այս պարագայում եւս պետք է նշվեն բացառությունները`
բարեգործական, եկեղեցաշինական եւ այլն, այլապես եկեղեցաշինական նպատակներով
համազգային հանգանակություններին կուսակցությունները չեն կարող մասնակցել, ինչը չի
բխում ազգային շահից: Նման կտրուկ արգելքներ նախատեսելիս երեւի պետք է հաշվի առնել
սփյուռքի հայ կուսակցությունների կողմից հայրենիքին ու Հայ Եկեղեցուն
օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները: Ի վերջո, 13-րդ հոդվածի
վերոնշյալ արգելքները շատ հեշտ շրջանցելի են եւ անցած տարիների ընթացքում չեն
կիրառվել, ուստի, կարծում ենք, ավելորդ արգելքներով պետք չէ ծանրաբեռնել օրենքը:
Ինչպես արդեն նշել ենք, 2001թ. ապրիլի 3-ին եւս ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Խղճի
ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» եւ «Մամուլի եւ զանգվածային
լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածով փոփոխվում է 1991թ. ընդունված
օրենքի 14-րդ հոդվածը եւ այսուհետեւ «կրոնական համայնքը կամ կազմակերպությունը
իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով
սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից»: Գրանցման համար կրոնական
կազմակերպությունը կրոնի գործերով պետական լիազորված մարմնից պետք է ներկայացնի
փորձագիտական եզրակացություն:
Այս անգամ եւս օրենսդիրները կոպիտ սխալ են թույլ տվել. փոփոխելով 14-րդ հոդվածը,
մոռացել են փոփոխել նաեւ 23-րդ հոդվածը, որը առաջվա նման «Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի», այն է` ՀՀ
կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի պարտականությունների մեջ
նշում է, թե այն «գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները»:
ՀՀ կառավարության 2002թ. մարտի 6-ի թիվ 204 որոշմամբ լուծարվեց Կրոնի գործերի
պետական խորհուրդը եւ նրա պարտականությունները դրվեցին ՀՀ կառավարության
աշխատակազմի վրա, որը, ինչպես նշվեց, պետք է կրոնական կազմակերպություններին տա
փորձագիտական եզրակացություններ, ինչը, կարծում ենք, այնքան էլ չի ներդաշնակում
կառավարության աշխատակազմի գործունեությանը:
Առավել չմանրամասնելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»
ՀՀ օրենքի թերությունները, ասենք, որ «Մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան ՀՀ ԱԺ-ում 2002թ. մարտի 20-ին
վավերացնելուց հետո անհրաժեշտ է միջազգային իրավունքի փորձը հաշվի առնելով
նախապատրաստել նոր օրենքի նախագիծ, որն, անշուշտ, զերծ կլինի հիշյալ
հակասություններից: Ցանկալի է, որ նոր օրենքում որոշակիացվեն նաեւ մի շարք
տերմիններ եւ հասկացություններ (խիղճ, հոգեւորսություն, ազատ քարոզել, ժողովրդի
հոգեւոր կրթություն, հոգեւոր կենտրոն, ֆինանսավորվել, փորձագիտական եզրակացություն
եւ այլն), որպեսզի օրենքը տարընթերցումների տեղիք չտա:
