ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻՑ ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳ
2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նշանավորվեցին
նրանով, որ փաստորեն ավարտվեց ավտորիտարիզմի փուլը, եւ ներքաղաքական պայքարի
առանցքը դարձավ սահմանադրական կարգի մասին թեզը: Երկրի հասարակական կարծիքը
ներկայում ձեւավորվում է հենց այդ գաղափարի առաջնայնության հիման վրա: ՀՀ նախագահի
կողմից ընդդիմության գործողությունները հետընտրական շրջանում որակվեցին որպես
սպառնալիք սահմանադրական կարգին: Ընդդիմությունն իր հերթին առաջ քաշեց
սահմանադրական կարգի վերականգնման գաղափարը. որպես դրա խախտողներ մատնանշվում էր
կառավարող կոալիցիան: Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական
իրավիճակի ստատուս-քվոն պահպանվում է հօգուտ իշխանության, որովհետեւ նրա քաղաքական
կառուցվածքի որակն ավելի բարձր է, քան ընդդիմությանը: Փորձենք հիմնավորել` ինչու:
Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո իշխանության սխեման փոխվեց. ավտորիտար
կառուցվածքին փոխարինեց «պայմանագրայինը» (կոալիցիայի հուշագիրը): Այսպիսով,
ավտորիտարիզմի փուլը Հայաստանում ավարտվեց եւ տեղը զիջեց իշխանության ձեւավորման
պայմանագրային կարգին, որը որակապես գերազանցում է ավտորիտար կառուցվածքին, քանի որ
իշխանության պայմանագրային կառուցվածքը նրա կադրային բազայի վրա դնում է լրացուցիչ
պատասխանատվություն, ինչը գրեթե անհնար է դարձնում իշխանության տապալումը:
Հայաստանում հաստատված իշխանության կոալիցիան, ընդդիմադիրների եւ շատ փորձագետների
կարծիքով, սակայն, հակասահմանադրական է: Որպես հիմնավորում նշվում է, որ
ընտրությունների արդյունքները չեն արտահայտել ընտրողների իրական կամքը, եւ
իշխանությունը ձեւավորվել է առանց այդ կամքը հաշվի առնելու: Այս իմաստով
ընդդիմության թեզը` սահմանադրական կարգի խախտվածության մասին, արտացոլում է
քաղաքական իրողությունը: Այլ հարց է, որ ընդդիմությունը առաջադրում եւ ելնում է
ընտրությունների կեղծման փաստից, եւ ոչ խնդրի բուն էությունից: Իսկ առաջ քաշած
գաղափարը` իշխանափոխությունը, չէր կարող եւ չդարձավ միավորող գաղափար հասարակության
համար: Այդ է պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում հաջողություններ արձանագրել
իշխանության համար պայքարում. բանն այն է, որ ավտորիտար ընդդիմադիր շարժումը չի
կարող խախտել պայմանագրային կառուցվածք ունեցող, այսինքն որակապես ավելի բարձր
իշխանության դիրքերը: Հետաքրքիր է, որ սահմանադրական գաղափարի հռչակումից հետո
նույն ընդդիմության ներսում կարծիքներ հնչեցին, թե դա նահանջ է եւ գրեթե`
դավաճանություն: Եվ ընդդիմադիր շարժումը Հայաստանում, ի դեմս «Արդարություն»
դաշինքի, փաստորեն կազմալուծվեց, որովհետեւ անպատրաստ գտնվեց նոր իրողությունների
առջեւ, այսինքն` չկարողացավ ձերբազատվել ավտորիտար գաղափարներից եւ հասարակությանը
քաղաքացիական միավորող գաղափարի առաջադրել: Սա մատնանշում են նաեւ ընդդիմության
որոշ գործիչներ:
Հայաստանում հաստատված ներքաղաքական իրավիճակի վերջին երկու տարիներին հաստատված
ստատուս-քվոն կարող է փոխվել, եթե ներքաղաքական պայքարում ներդրվեն լրացուցիչ գործոններ:
Ներկայում կարծես թե այդ գործոնը նկատվում է. դա ՀՀՇ կողմից Ղարաբաղի հարցի գործոնի
խաղարկումն է: Բանն այն է, որ վերջին տարիներին ԼՂ հարցի գործոնը Հայաստանի
ներքաղաքական պայքարի վրա որեւէ կերպ չէր անդրադառնում: Ինքը` ՀՀՇ-ն եւս դեմ էր
դրան` դա վտանգավոր համարելով թե Հայաստանի, թե Ղարաբաղի համար: Սակայն, վերջին
շրջանում նախկին իշխանությունների կողմից փորձ է արվում ներդնել Ղարաբաղի հարցի գործոնը,
քանի որ քաղաքականություն վերադառնալու համար ՀՀՇ-ն այլ հիմնավորում փաստորեն չունի:
Պատահական չէ, որ ՀՀՇ-ն վերջին շրջանում խստորեն քննադատում է ընդդիմադիր
«Արդարություն» դաշինքին, քանի որ վերջինիս առաջ քաշած` սահմանադրական կարգի
վերականգնման գաղափարը ՀՀՇ-ին զրկում է քաղաքական-գաղափարական հողից: Հայաստանի
հասարակական-քաղաքական կյանքում քաղաքացիների եւ քաղաքական ուժերի
հարաբերությունների պայմանագրային կարգը ներկայում լայն դրսեւորումներ է ստանում:
Արդեն կան դրա ցայտուն օրինակները` Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի եւ
Պարույր Հայրիկյանի համաձայնությունը` արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ, եւ
ձեւավորվող քաղաքական ուժերի դաշինքները` ՀԱԱԿ-«Ժառանգություն»-«Հանրապետություն»,
ՀԺԱՄ-Հզոր Հայրենիք-ՀՌԱԿ, որոնց միավորման հիմքում դարձյալ պայմանագիրն է: Բացի
դրանից, հասարակության մեջ բազմաթիվ «ակումբներ» են ձեւավորվում, որոնց միավորման
հիմքը նույնպես փաստորեն քաղաքացիների պայմանագրային հարաբերություններն են: Սա
վկայում է, որ ներկայում հասարակական կարծիքը ձեւավորվում է սահմանադրական կարգի
գաղափարի գերակայությամբ:
Այսօր Հայաստանում շատերն են գալիս այն համոզման, որ սահմանադրական կարգի
ամրապնդումը այլընտրանք չունի եւ հնարավորություն կտա լուծել երկրի ու ժողովրդի
առջեւ ծառացած ներքին եւ արտաքին բազում հիմնահարցերը: Այս գործընթացը բավական
հստակություն կմտցնի նաեւ ներքաղաքական դաշտում, եւ որպես հետեւանք` կվերանայվեն
պետական շինարարության, իշխանության ձեւավորման խնդիրներն ու մեխանիզմները, դարերով
հաստատված «կողմնորոշումային»-միֆական «արժեքները», որոնք միշտ խանգարել են
հայերին` ստեղծել սեփական անկախ պետությունը: Պետք է նշել, որ հասարակությունն այս
հարցում զգալիորեն ավելի առաջ է անցել, քան քաղաքական ուժերը, որոնք դժվարությամբ
են ընկալում սահմանադրական կարգի էությունը: Բազմաթիվ են այն ուժերն ու անհատ գործիչները,
որոնք խնդիրների լուծումը պայմանավորում են միայն հեղափոխությամբ ու իշխանություն
ունեցողների, այսինքն` անձերի փոփոխությամբ: Պատահական չէ, որ ներպետական եւ
ներքաղաքական լրջագույն խնդիրները նույնացվում են աշխարհում տեղի ունեցող
զարգացումների ոչ թե էության, այլ արտաքին «կողմնորոշումների» հետ, որոնք կարող են
եւ ոգեւորել, եւ հուսահատության մատնել քաղաքական ուժերին: Այնինչ, նույն
Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, թե որքան վտանգավոր է «կողմնորոշումային»
խնդիրը ներքաղաքական պայքարի առանցք դարձնելը. այդ երկիրն ինչ որ պահի կանգնած էր
հասարակության պառակտման եւ պետական-քաղաքական համակարգի կործանման վտանգի առաջ:
Դրանից խուսափելու համար քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է ուշադրության
կենտրոնում պահեն սահմանադրության ու սահմանադրական կարգի ամրապնդման գաղափարը եւ
թույլ չտան որեւէ այլ գործոնի մուտքը ներքաղաքական դաշտ, ինչը կարող է պառակտել
հասարակությունը եւ խանգարել բարեփոխումներին:
