ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եհովայի վկաների գրանցման առիթով
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցման
շուրջը ծավալված աղմուկը կարող էր առիթ հանդիսանալ, որ հասարակությունը կամ գոնե
հասարակության մտածելու ունակ, նվազող փոքրամասնությունն այս խնդիրը քննարկեր
սկզբունքային դիրքերից:
Հարցադրումներնը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ.
- Հայ առաքելական եկեղեցու ազգային լինելու մասին տեսակետը եկեղեցու
դավանաբանության ո՞ր դրույթով է հիմնավորվում,
- Ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում,
- «Եհովայի վկաները» կամ մյուս «ապազգային աղանդներն» ինչպե՞ս են «խաթարում» մեր
ազգային նկարագիրը, եւ ընդհանրապես` ո՞րն է մեր ազգային նկարագիրը,
- «Հայ» հասկացությունը կրոնակա՞ն, ցեղայի՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է, եւ ինչպե՞ս
է առնչվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացի» հասկացության հետ:
Այս հարցադրումների պատասխաններն առավելապես վերաբերում են ոչ միայն Եկեղեցուն, այլ
մեր ինքնությանն առհասարակ` մեր աշխարհայացքին, աշխարհընկալմանը եւ հետեւապես նրան,
թե ինչպիսին է լինելու մեր ապագան:
Մեր պատմագրությունը քրիստոնեություն ընդունելը պայմանավորում է քաղաքական
դրդապատճառներով: Այսօր եւս Եկեղեցին իրեն համարում է «ազգային» կառույց , զբաղված
է «հայապահպանմամբ» եւ խուսափում է իր դիրքորոշումները բացատրել դավանաբանական
դիրքերից: Այսինքն, եկեղեցու դերը եւ խնդիրները պետք է փնտրել միմիայն քաղաքական
ոլորտում:
Կայսեր հարցաթերթիկը, որը պատմաբանները չեն հիշատակում
19 դարասկզբին Նապոլեոն Բոնապարտի հրահանգով հրավիրվեց հրեաների մի համաժողով
եւ նրանց ներկայացվեց մի հարցաթերթիկ: Երկարատեւ քննարկումների համար ժամանակ
նախատեսված չէր: Հարցաթերթիկում կային կետեր այն մասին, թե Ֆրանսիայի հրեաներն
արդյո՞ք իրենց համարում են հուդայական դավանանքով Ֆրանսիացիներ (Ֆրանսիական
հեղափոխությունից հետո ֆրանսիացի է համարվում ցանկացած քաղաքացի` անկախ էթնիկական
ու կրոնական պատկանելությունից), թե՞ իրենք առանձին ազգ են (այսինքն` ֆրանսիացի
չեն): Արդյո՞ք իրենք տոկոսով գումար են տալիս միայն ոչ հրեաներին, թե՞ նաեւ
հուդայականներին եւ այլն: Այս ակցիայի հիմնական իմաստն այն էր, որ կայսրը ցանկանում
էր պարզել, թե երկրի հրեաներն արդյո՞ք պատրաստ են դառնալու ժամանակակից ազգի
ներկայացուցիչներ` Ֆրանսիայի օրինապահ քաղաքացիներ: Ֆրանսիայի հրեաները հասկանում էին,
որ անցել են գետտոների (փակ եւ ինքնամփոփ կրոնապետական հրեական համայնքներ)
ժամանակները, իրենց մոտ արդեն սկսվել է էմանսիպացիան (գետտոների փլուզումն ու
հասարակական կյանքին մասնակցությունը) , եւ այլեւս իրենց թույլ չեն տալու ապրել
երկակի ստանդարտներով եւ միաժամանակ օգտվել համընդհանուր քաղաքացիական
իրավունքներից: Հրեաները ծուղակի մեջ էին հայտնվել եւ ստիպված էին պատասխանել
կայսրին: Պատասխանը համապատասխանում էր ժամանակի ոգուն, որը, իհարկե, միանշանակ
չընդունվեց համայնքների կողմից: Արդյունքում արեւմտյան հրեաների (սեՖարդներ) մի
զգալի հատվածը բռնեց ուծացման ուղին: Արեւելյան հրեաների (աշքենազի - հիմնականում
ռուսական հրեաներն են) մոտ էմանսիպացիան ավելի ուշ սկսվեց: Ռուսաստանի գետտոները
19-րդ դարի վերջերին նույնպես սկսեցին քայքայվել: Ուծացման վտանգը կախվեց նաեւ
արեւելյան հրեաների վրա:
Պատահական չէր, որ հենց այդ ժամանակ հրեաները սկսեցին ակտիվորեն քննարկել հրեական
պետություն ստեղծելու գաղափարը, որը պետք է հրեաներին փրկեր ձուլման վտանգից:
Հրեական պետություն ստեղծելու հակառակորդների զգալի հատվածը (մինչեւ այժմ էլ
հրեական որոշ կրոնական կազմակերպություններ չեն ընդունում Իսրաելի պետությունը եւ
ցուցադրաբար չեն հարգում նրա պետական խորհրդանիշերը) հուդայական կրոնական
Ֆունդամենտալիստներն էին: Նրանք չէին ցանկանում փոխել իրենց հին պատկերացումները,
ընդունել քաղաքակրթության զարգացման մարտահրավերները, զիջել իրենց ղեկավար եւ
ուղղորդող դիրքերը:
Հայերի էմանսիպացիան
Եթե գետտոները եվրոպական հրեաների ազատ ընտրության արդյունքն էին, ապա արեւելյան
քրիստոնյաների համար կրոնական համայնքների կենսակերպը պարտադրված էր: 19-րդ դարի
սկզբին հայերը եւս ապրում էին կրոնական համայնքներում, որի քաղաքական միտքը,
դիվանագիտությունը, մշակույթը, կրթությունը ներկայացնում էին հոգեւորականները: Այդ
պարտականությունները նրանց վստահել էին իսլամական նվաճողները, որոնց համար
ազգությունը, ըստ իսլամի օրենքների, որոշվում էր կրոնով: «Հայ քրիստոնյայի»
կարգավիճակը` միլլեթը, եկեղեցականների գլխավորությամբ նրանց շնորհել էին Օսմանյան
Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ իսլամական պետությունների խաներն ու սուլթանները:
«Հայ քրիստոնյա» բանաձեւն ամբողջապես համապատասխանում է «ազգի» իսլամական
ընկալմանը: «Ազգապահպանության» առաքելությունը շահավետ էր հայ հոգեւորականներին,
սակայն Եվրոպական քաղաքակրթությունն արդեն իր արժեքները, նոր համաշխարհային կարգը,
լուսավորությունն ու հումանիզմը պարտադրում էր արեւելքի ժողովուրդներին եւ
բռնապետներին: Եկեղեցականությունը մի յուրատեսակ չինովնիկական կաստա էր: Նրանք
զգում էին, որ ժամանակակից քաղաքակրթությունն իրենց դուրս է մղելու ասպարեզից,
զրկելու է արտոնություններից: Արեւելքում սկսվել էր ազգային զարթոնք, որը նաեւ
հասարակությունների աշխարհիկացման գործընթաց էր: Դա սկզբում մշակութային շարժում
էր, որն ուղղված էր նաեւ կղերականության դեմ, որը հետագայում վերածվեց
ազգային-ազատագրակական շարժման: Բնական է, որ «ժամանակակից» սոցիալական եւ
քաղաքական միջազգային հոսանքները նույնպես պետք է ազդեին ազգային-ազատագրական
շարժումների գաղափարաբանության վրա: Եկեղեցին մարմնավորում էր հին կարգերը, հին
աշխարհը, «հայի» հին հայեցակարգը, «ազգի» հին քաղաքական ըմբռնումը, հին
բարոյականության նորմերն ու ազգային հին «նկարագիրը»: Վերջին դարերի ընթացքում
ձեւավորված «ազգի» եւ «հավատի» ընկալումներն այն իդեալներն են, որոնք գիտակցված թե
անգիտակից կերպով այժմ ձգտում է վերակենդանացնել Հայ եկեղեցին: Այդ աշխարհայացքը
հանգեցնում էր այն բանին, որ հայերը պետք է միայն «պահպանվեին», իսկ այն մարդիկ,
ովքեր ընտրում էին զարգացման, ժամանկի ոգուն համապատասխան քայլելու ու
ինքնակատարելագործման ուղին, հայտնվում էին համայնքից դուրս: Ազգի ներուժը ստիպված
էր պարբերաբար հեռանալ այդ «պահպանվող արժեքներից» եւ արդյունքում ձուլվել
ժամանակակից հասարակությունների մեջ` Հայրենիքը թողնելով հիմնականում պասիվ,
կաղապարված «պահպանվող» զանգվածներին: Արդյունքում հասարակության զարգացման գործը
դառնում էր կղերական աշխարհընկալման մենաշնորհ: Յուրաքանչյուր սերունդ շարունակում
էր այդ ինքնազտման գործընթացը: Ժամանակը եկեղեցու դեմ էր, սակայն հայերի
էմանսիպացիան ողբերգական ժամանակներում եւ միջավայրում էր ընթանում:
Արեւմտահայերի պարտությունը
Օսմանյան Թուրքիան 19-րդ դարում գտնվում էր Արեւմուտքի ճնշումների տակ: Օսմանյան
պետությանը պարբերաբար պարտադրում էին գնալ ռեՖորմացիայի եւ աշխարհիկացման
ճանապարհով: Արդյունքում Օսմանյան կայսրությունը պետք է փլուզվեր եւ վերածվեր
աշխարհիկ, ժամանակակից ազգային պետության: ՄուստաՖա Քեմալն ավարտեց այդ գործընթացը:
Դա քաղաքակրթության եւ նոր աշխարհակարգի պարտադրանքն էր: Այն ժողովուրդները, որոնք
կենսունակ էին, ունեին անհրաժեշտ մարդկային, մշակութային պաշարներ,
աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ, անկախություն ստացան: Թուրքիայի հայերը պետք
է ընտրություն կատարեին` կա'մ դառնային թուրք (էթնիկապես հայ, կրոնով քրիստոնյա,
սակայն Թուրքիայի քաղաքացի), կա'մ ապստամբեին եւ սերբերի, հույների կամ բուլղարների
պես փորձեին ստեղծել սեփական պետությունը: Կրոնական համայնքների ժամանակն ավարտված
էր, եւ դա քաղաքակրթության պահանջն էր:
Հայ հեղափոխականներին թույլ դիմադրություն էին ցույց տալիս
կղերական-պահպանողականները, որոնք կարծում էին, որ կրոնական համայնքներում դեռեւս
հնարավոր կլիներ շարունակել գոյատեւելը: Հայերի քաղաքականապես ակտիվ
փոքրամասնությունն ընտրեց առաջին տարբերկը եւ այդ որոշումը պարտադրեց մնացածներին:
Այս հոդվածում իմ խնդիրը չէ վերլուծել այդ ժամանակահատվածը, հայերի թույլ
դիմադրողականության պատճառները եւ դրանում «հայ-քրիստոնյայի» աշխարհայացքի ունեցած
ազդեցությունը: Այդ ամենի արդյունքը եղավ այն, որ արեւմտահայերը պարտվեցին: Հայ
առաքելական եկեղեցու բուն հայկական տարածքներում ազգապահպանման առեքելությունն
այլեւս ավարտված էր: Արեւելյան Հայաստանի ճակատագիրն այլ ուղով էր ընթանում:
Խորհրդային շրջան
Ցարական Ռուսաստանում կրոնական համայնքները չունեին այն դերակատարումը, ինչ
իսլամական երկրներում: Դրանց գոյությունը չէր խրախուսվում պետության կողմից, սակայն
համայնքներն իներցիայով ժամանակավորապես որոշակի դեր ստանձնեցին, իսկ արեւելահայերն
արդեն իսլամական երկրի քաղաքացիներ չէին:
20-րդ դարում Հայ առաքելական եկեղեցին Արեւելյան Հայաստանի կյանքում որեւէ
արժեքավոր դերակատարում չունեցավ: Հայկական գաղութներում` հատկապես իսլամական երկրներում
(որտեղ կրոնական համայնքներով են որոշվում ազգային պատկանլությունը) Եկեղեցին
զբաղված էր շնորհակալ գործով` հայապահպանմամբ: Խորհրդային Միությունում, որտեղ
կրոնը հալածվում էր, իսկ պետական քաղաքականության առանցքն էր համարվում
ինտերնացիոնալիզմը, եկեղեցին մատնված էր անգործության, որը կարելի էր արդարացնել
օբյեկտիվ պատճառներով:
Ավելին, Եկեղեցին սկսել էր ընկալվել որպես ազգային կառույց, որին մենք պարտական ենք
մեր գոյության համար: Իսկ հասարությունն արդեն մոռացել էր 19-րդ դարի
վիճաբանությունները: Որքան էլ Եկեղեցին փորձի իր այսօրվա բացթողումները ներկայացնել
որպես խորհրդային ժամանակաշրջանի հալածանքների հետեւանք, իրականում հասարակական
գիտակցության մեջ դա Եկեղեցու բարոյական ռեաբիլիտացիայի եւ վարկանիշի վերականգնման
ժամանակաշրջանն էր: Սակայն Հայ եկեղեցին չի անցել քրիստոնեական եկեղեցիների
ինստիտուցիոնալ զարգացման բազմաթիվ փուլեր, եւ բնական էր, որ պետք է փորձեր
վերականգնել իր նախկին, այլեւս ժամանակավրեպ դերակատարումը:
Անկախ Հայաստան. Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ
Մեծ հաշվով` քրիստոնեական աշխարհի ծնունդը նույնպես «գլոբալիզացիայի» արդյունք էր:
2000 տարի առաջ սկսեց ձեւավորվել քրիստոնեական աշխարհը, որը հռչակեց ընդհանուր
արժեքներ, ընդհանուր մշակույթ. եւ մեր ողջ ազգայինը, ինչպես սիրում է կրկնել Հայ
առաքելական եկեղեցին, հենց այդ «գլոբալիզացիայի» արդյունքն է: Ստեղծվեց այբուբեն,
կատարվեցին բազմաթիվ թարգմանություններ, ստեղծվեց գրականություն, սկիզբ դրվեց
հայերի պատմական հիշողությանն ու պատմական ինքնաընկալմանը:
Կրոնական գործիչների զգալի մասը հույներ, ասորիներ եւ պարսիկներ էին:
Քրիստոնեության շնորհիվ մենք դարձանք «պատմական ազգ»: Սակայն քաղաքական պատճառներով
5-րդ դարում Եկեղեցին ընտրեց ինքնամեկուսացման ճանապարհը: Համաշխարհային
զարգացումները մեզ այլեւս չէին վերաբերում: Սակայն աշխարհիկ իշխանությունը երբեմն
պարտադրում էր հանուն պետական շահերի` դաշինքների գնալ արաբների, խաչակիրների,
մոնղոլների, ուղղափառների հետ, որոնց հետեւանքով մենք հետագա «գոյատեւման» համար
լրացուցիչ լիցք էինք ստանում: Ցանկացած համաշխարհային «աղանդավորական» նոր
ալիքի զուգընթաց երերում էին հին կաղապարները, որոշակի մշակութային աշխուժացում էր
սկսվում, ստեղծվում էին արժեքներ, որոնք նաեւ ազգային էին եւ որոնցով հաջորդ
սերունդները հպարտանում էին:
Խորհրդային Միության փլուզումը եւ անկախ Հայաստանի ստեղծումը եւս համաշխարհային
զարգացման տրամաբանության մեջ էին: Նոր հանրապետության ղեկավարների որոշումը`
աջակցել Ռուսաստանի դեմոկրատական ուժերին, դյուրին որոշում չէր: Վազգեն Առաջին
կաթողիկոսի «Կանիծեմ ու կլռեմ» հայտնի ուղերձը բնորոշում էր Եկեղեցու անպատրաստ
լինելը նոր զարգացումներին: Երրորդ հանրապետության ղեկավարների կողմնորոշման
արդյունքով էր նաեւ պայմանավորված Ղարաբաղի հաղթանակը եւ միջազգային հանրության
առջեւ Հայաստանի ունեցած դրական համբավը: Մեզ ներվեց այն, ինչը, ըստ էության,
հնարավոր չէր: Սակայն հետագա զարգացումները սկսեցին ընթանալ պատմությունից մեզ
արդեն հայտնի սցենարով: Մի պահ համաշխարհային զարգացման սլաքին համապատասխանելուց
հետո մեր ուղին նորից սկսեց շեղվել դեպի ինքնամեկուսացում, որը բացատրում են
ազգապահպանմամբ, այդպես էլ չճշտված ազգային արժեքներով, ազգային նկարագրով,
ազգապահպան Եկեղեցով: Մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը եւ այլ
արժեքները, որոնք ժամանակակից հասարակության կարեւորագույն ատրիբուտներն են,
հայտարարվում են ապազգային եւ դրանց դեմ համընդհանուր քարոզ է սկսված:
Եկեղեցին որպես քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչ
Հայ առաքելական եկեղեցին ունի մեծ դերակատարություն, որը չի կատարում: Այսօր
աշխարհում ընթանում են նոր զարգացումներ, եւ մեզ նետված է նոր մարտահրավեր, կա'մ
մենք այն կընդունենք եւ կշարունակենք զարգանալ, ինչպես դա եղավ 4-5-րդ դարերում,
կա'մ կընտրենք ինքնամեկուսացման տարբերակը: Այն ժամանակ մեր նախահայրերն ընտրեցին
առաջին տարբերակը` զարգանալ աշխարհին համահունչ եւ դրա հիման վրա զարգացնել սեփական
ուղիները: Դա քաղաքական ընտրություն էր: Երկրորդ տարբերակը ճահիճն է:
Պահպանել անցյալում ձեռք բրվածն առանց զարգացման հեռանկարի` փակուղի է:
Իսկ ո՞րն է քրիստոնեական եկեղեցու դերը հասարակության կյանքում: Մեր երկրում
հաճախակի են խախտվում մարդկանց իրավունքները, տեղի են ունենում հասարակական
հնչեղություն ստացող անարդարությունների եւ անբորոյականության դեպքեր, որոնց մասին
պարտավոր է արտահայտվել Եկեղեցին:
Եկեղեցին պարտավոր է հիմնավորել իր դիրքորոշումը սեփականության իրավունքի,
արդարություն հասկացությունների մասին, պարտավոր է հիմնավորել իր դիրքորոշումը
բարոյական նորմերի մասին, իր տեսակետներն արտահայտել սոցիալական եւ քաղաքական երեւույթների
մասին` էթիկայի քրիստոնեական դիրքորոշումից ելնելով: Եթե արտահայտվում է իր մրցակից
եկեղեցիների մասին, ապա պարտավոր է այն հիմնավորել իր աստվածաբանական եւ էթիկական
նորմերով: Կարելի է բերել բազմաթիվ դեպքեր, երբ Եկեղեցին ակտիվ սոցիալական
դիրքորոշում ցուցաբերելու դեպքում կարող էր դրական ներգործություն ունենալ:
Յուրաքանչյուր եկեղեցի ձեւակերպում է իր սոցիալական հայեցակարգը:
Այսինքն` Եկեղեցին պետք է դառնա քաղաքացիական հասարության մի կարեւորագույն մասնիկ:
Եկեղեցին պետք է ընդունի, որ մարդու իրավունքները քրիստոնեական
մշակույթի զարգացման արդյունք է եւ ժամանակակից քրիստոնեական քաղաքակրթության
հիմնական բաղադրիչը: Եկեղեցին չի' կարող քարոզել կրոնական եւ ազգային
անհանդուրժողականություն, չի' կարող բացահայտորեն դեմ գնալ սահմանադրական
իրավունքներին:
Կարելի է բերել բազմաթիվ դեպքեր, երբ Եկեղեցին ակտիվ սոցիալական դիրքորոշում
ցուցաբերելու դեպքում կարող էր դրական ներգործություն ունենալ բազմաթիվ բացսական երեւույթների
վրա: Մեր երկրում առկա բարոյազրկման եւ ամենաթողության մթնոլորտի համար Եկեղեցին
կրում է բարոյական պատասխանատվություն:
Եկեղեցին պետությունից պահանջում է հատուկ կարգավիճակ եւ հատուկ արտոնություններ`
այն հիմնավորելով իր ունեցած պատմական դերակատարարմամբ, մշակութային ազեցությամբ եւ
իր «ազգային» բովանդակությամբ: Մենք պետք է հստակ հասկանանք, որ քրիստոնեությունը,
որպես հավատ, չի կարող ազգային լինել, եւ դրա համար անհնար է որեւէ դավանաբանական
հիմնավորում գտնել: Այլ բան է, որ Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, կարող է
լինել ազգային եւ ստանձնել ազգային դերակատարում, որ չի կարող հակասել Հայաստանի
Հանրապետության շահերին, օրենքներին, միջազգային պարտավորությունների եւ պետք է
նպաստի երկրի զարգացմանը:
