ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1-7 սեպտեմբերի, 2004թ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
- Ծաղկաձորում լրագրողների դեմ
բռնության քրեական գործի նյութերը ուղարկվել են դատարան
[07.09.2004]
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր
դատախազությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկել Ծաղկաձորում
լրագրողների դեմ բռնության առիթով հարուցված քրեական գործի նյութերը: Միակ
մեղադրյալին` 1961 թվականին ծնված Գագիկ Ստեփանյանին ներկայացվում է խուլիգանության
եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանք, որն
ապացուցվելու դեպքում նրան սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում:
«Ֆոտոլուր»-ի թղթակից Մխիթար Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ
Գագիկ Ստեփանյանի ազգականները վերականգնել են իրեն պատճառված նյութական վնասը՝ 250
դոլար` իր ֆոտոապարատի հիշողության չիփի դիմաց, որը Ստեփանյանը խլել էր իրենից: Դա
գործի միակ իրեղեն ապացույցը պիտի լիներ: Սակայն, ըստ մեղադրյալի, ինքը չիփը դեն է
նետել, իսկ նրա նետած տեղում այն փնտրել ու չեն գտել:
Այնուամենայնիվ, ինչպես Մխիթար Խաչատրյանը, այնպես էլ գործով մյուս տուժողը՝
«Առավոտի»- թղթակից Աննա Իսրայելյանը շարունակում են իրենց դատական պահանջը:
«Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը եւ «Ֆոտոլուր» գործակալության
լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը բռնության էին ենթարկվել օգոստոսի 24-ին Ծաղկաձորում
բնապահպանական թեմաներով ֆոտոռեպորտաժ պատրաստելիս:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=887
- Կարճվել է ՀԺԿ ակտիվիստի դեմ
հարուցված քրեական գործի վարույթը
[01.09.2004]
Ընդդիմության գարնանային հանրահավաքների ընթացքում ոստիկանությունում դաժան ծեծի
ենթարկված ու դրա հետեւանքով ամորձիներից մեկը կորցրած ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի
նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործի վարույթը կարճվել է:
Վիրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ չորեքշաբթի երեկոյան ստացել է
Երեւանի Էրեբունի -Նուբարաշեն համայնքների դատախազ Բաբայանի համապատասխան որոշումը:
Գրիշա Վիրաբյանը մեղադրվում էր ոստիկանի դեմքին հեռախոսի լիցքավորիչով հարվածելու
համար, իսկ նրան դաժանաբար ծեծի ենթարկած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու
հայցը դատախազությունը մերժել էր:
«Քանի որ ամբողջ նախաքննության եւ քննության ընթացքում ես պնդել եմ, որ իմ դեմ
կատարած հանցագործության մեղավորները պետք է իրենց արժանի պատիժը օրենքով կրեն, դա
պնդել եմ նաեւ մամուլի միջոցով, հիմա էլ հաստատում եմ, որ իմ դեմ կատարած
հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Ինքս հասնելու եմ արդարացի որոշման
կայացմանը: Իմ հետագա բոլոր գործողությունների ամբողջ պատասխանատվությունը, իմ
նպատակին չհասնելու դեպքում, ընկնում է իշխանությունների վրա», - «Ազատություն»
ռադիոկայանին ասաց Վիրաբյանը:
44-ամյա Գրիշա Վիրաբյանը, ով Արտաշատի ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվելուց
հետո ծանր վիրահատություն էր տարել, մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի դեմ
բռնություն գործադրելու» մեջ, ինչի համար սահմանվում է 5-10 տարվա ազատազրկում:
«Այս գործը քաղաքական է: Ես լիարժեք պատկերացնում եմ, որ սա քննիչի
ապօրինությունները չեն: Ոչ էլ ոստիկանապետի: Այս հարցը լուծվում է ավելի բարձր
քաղաքական ատյանում` նախագահի եւ հանրապետության դատախազի մակարդակում», - անցած
ամիս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Վիրաբյանը` ավելացնելով, որ պայքարելու է
«մինչեւ վերջ», պատրաստ է իր խնդիրը հասցնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական
դատարան»:
Ռուզան Խաչատրյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=885
- Էդգար Առաքելյանը ազատ է
արձակվել
[06.09.2004]
Երկուշաբթի օրը մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանը բավարարեց «Երեւան - Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության
միջնորդությունը եւ ազատ արձակեց Լուսակերտի բնակիչ, 24-ամյա Էդգար Առաքելյանին: Մի
քանի օր առաջ նույնպիսի հիմնավորմամբ ազատ էր արձակվել նաեւ ընդդիմության
գարնանային հանրահավաքների մեկ այլ ակտիվ մասնակից` ԱԺՄ Արմավիրի տարածքային
կազմակերպության ղեկավար Լավրենտի Կիրակոսյանը:
Դատապարտյալները պայմանական վաղակետ ազատվել են պատժի մնացած մասը կրելուց`
ազատազրկման վայրերում լավ վարքի եւ «ուղղման ճանապարհին կանգնելու» շնորհիվ:
Դատարանի որոշումը հրապարակելուց անմիջապես հետո Էդգար Առաքելյանը «Ազատություն»,
ռադիոկայանի ասաց. - «Չէի սպասում, բայց շնորհակալ եմ»: Հարցին, թե իրեն մեղավոր
համարո՞ւմ է, Առաքելյանը պատասխանեց. - «Իմ կարծիքով, ամբողջ Հայաստանը գիտի` ես
մեղավոր եմ, թե մեղավոր չեմ»:
Հայաստանի դատական երկրորդ եւ երրորդ ատյաններն ուժի մեջ էին թողել առաջին ատյանի
դատարանի վճիռը, եւ Էդգար Առաքելյանը 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապրիլի
լույս 13-ի գիշերը ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության կամ դրանից հրաժարվելու
մասին այսօր խոսք չեղավ: Իսկ ԱԺՄ Արմավիրի տարածքային կազմակերպության ղեկավար
Լավրենտի Կիրակոսյանը, ում ազատ էին արձակել Նուբարաշենի մեկուսարանից օգոստոսի
30-ին, այդ մտադրությունից չի հրաժարվել:
Կիրակոսյանը 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութ պահելու մեղադրանքով,
եւ այսօր էլ` պայմանական վաղակետ ազատ արձակվելուց հետո, «անհիմն» է համարում իրեն
ներկայացված մեղադրանքն ու իր նկատմամբ կիրառված պատիժը:
«Անհիմն կերպով ձերբակալեցին, 4 ամիս 22 օր գտնվել եմ անազատության մեջ», -
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Կիրակոսյանը` շարունակելով,
թե ոչ միայն այս, այլեւ 1996 թվականի, 2003 թվականի ընտրությունների շրջանում
«անհիմն վարչական կալանքի ու հետապնդման ենթարկվելու» համար ինքը դիմել է մարդու
իրավունքների եվրոպական դատարան եւ պատասխան ստացել, որ գործը քննության կառնվի:
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Կիրակոսյանը ձերբակալվել էր Երեւանում
ապրիլի 10-ին եւ «զազրախոսելու համար» ենթարկվել էր 10-օրյա վարչական կալանքի: Իսկ
կալանքից ազատվելու օրը` ապրիլի 21-ին իրավապահները որոշել էին խուզարկել նրա
բնակարանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով եւ հայտնաբերել էին թմրանյութը:
Կիրակոսյանը, սակայն, այսօր էլ պնդում է, որ երբեք թմրանյութեր չի էլ փորձել, որ
քրեական գործը ամբողջովին շինծու է եւ իրականում թմրանյութը հենց ոստիկաններն են
դրել իր տան ջրատաքացուցիչի մեջ, իսկ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման՝
ընդդիմության բողոքի գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=886
