ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
30 հունիսի - 6 հուլիսի, 2004թ
1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ
- ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
[30.06.2004]
«Խնդրում եմ դատարանին, որ որոշումը կայացնի իր խղճի առաջ՝ չենթարկվելով ուրիշ
ուժերի ազդեցությանը, քանի որ ամենաարդար որոշումները կայացվում են միայն սեփական
խղճի առաջ», - այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում իր վերջին խոսքի ժամանակ հայտարարեց
ամբաստանյալ Էդգար Առաքելյանը:
ՀՀ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց քաղբանտարկյալ Էդգար Առաքելյանի նկատմամբ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը՝ մեկ ու կես տարի
ազատազրկման վերաբերյալ:
Դատական ցուցմունքներ տալիս ամբաստանյալը մի քանի անգամ նշեց, որ նա ապրիլի 12-13-ի
գիշերը հարվածել է ոստիկանին այն բանից հետո, երբ մի խումբ իրավապահներ հարձակվել
էին մարդկանց վրա եւ դաժան ծեծում էին:
Այդ արարմունքը, ըստ նրա, միայն ինքնապաշտպանության նպատակով է եղել: Նրա
հավաստմամբ, նա այդ քայլին դիմել է քաջ գիտակցելով, որ պլաստմասե շիշը վտանգ չի
սպառնալու ոստիկանի կյանքին:
Նա ներկայացրեց նաեւ մի շարք մանրամասնություններ, որոնք տեղի են ունեցել այդ
դեպքից հետո: Օրինակ, երբ Էդգարին վերջապես հաջողվել էր փախչել ոստիկանների
հարձակումներից, Օպերայի եւ բալետի թատրոնի մոտակայքում երկու ոստիկան իրեն ուժով
մցրել են մի մեքենայի մեջ եւ տարել Էրեբունու շրջանի ոստիկանություն: Այնտեղ մի
քանի օր շարունակ դաժան ծեծի ենթարկելով՝ ոստիկանները ստիպել են կեղծ ցուցմունքներ
տալ, մասնավորապես որ ինքը հանրահավաքի ժամանակ զբաղվել է զազրախոսությամբ:
Էդգար Առաքելյանի ցուցմունքը անավարտ մնաց նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանի
միջամտությամբ: Նա պնդեց, որ այս պատմությունը վճիռի բողոքարկման հետ որեւիցե կապ
չունի եւ չնայած ամբաստանյալի դատապաշտպանի պնդմանը, որ այդ պատմության մեջ էլ կան
շատ կարեւոր հանգամանքներ, դատավորը չհամոզվեց:
Տուժող Սահակ Մարտիրոսյանը ցուցմունքի ժամանակ հայտարարեց, որ հարվածից հետո նա
անգամ ցավի զգացու չի ունեցել եւ ճառեր ասելու ժամանակ դատարանին խնդրեց մեղմ
որոշում կայացնել ամբաստանյալի նկատմամբ:
Իսկ մեղադրող կողմի համոզմամբ, այս դեպքը հասարակական վտանգ ներկայացնող երեւույթ
էր եւ խնդիրը այն չէր, որ հարվածեցին ոստիկանի, այլ այն որ հարվածեցին իշխանության
ներկայացուցչին:
Ի դեպ, դատարանում ներկա էր ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը,
որը դեռեւս վճռից առաջ ասաց, որ դատավորի պահվածքը արդեն հույս չի ներշնչում, որ
վճիռը կփոխվի:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=871
- ՊԼԱՍՏԻԿԵ ՇԻՇԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ
[30.06.2004]
«Ոչ պետական ահաբեկչությանը», «Դատապարտված է այն պետությունը, որը հիմնված է
կեղծիքի վրա», «Պահանջում ենք արդար դատարան» կարգախոսերով մի շարք հասարակական
կազմակերպություններ այսօր ՀՀ Դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին
կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Էդգար Առաքելյանի: Նրա բողոքը այսօր
պետք է լսվի ՀՀ Վերաքննիչ դատարանում:
Քաղաքացի Արա Փահլեվանյանը բռնել էր պաստառ, որի վրա ոչինչ գրված չէր: Նրա
խոսքերով, այս պաստառով ամեն ինչ ասված է եւ այլ կերպ հնարավոր չէ կարծիք
արտահայտել տիրող անօրինությունների վերաբերյալ. «Այն մարդու համար, որը ոչ մի կերպ
չի ցանկանում տեսնել ճշմարտությունը, միեւնույնն է, թե ինչ է գրված»:
Փողոցում տեղադրված դատարկ շշերի եւ շուրջը փակցված «Ատոմային սուզանավ»,
«Ատրճանականեր», «Նռնակներ» կարգախոսերով պաստառների իմաստը բացատրեց «Հելսինկյան
ասամբլեա» հայաստանյան կոմիտեի անդամ Իզաբելա Սարգսյանը:
Նրա խոսքերով, քանի որ վերջին ժամանակաշրջանում սովորական պլաստիկե շիշը վերածվել է
ուժեղ զենքի, իրենք հոժարակամ իրավապահ մարմիններին են հանձնում այս զենքերը՝
ակնկալիքով, որ իրենց համաներման կարժանան. «Մենք պայքարելու ենք այնքան, որքան այս
զենքերը դասվելու են մեր ոստիկանների կյանքին սպառնացողների շարքին»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=870
- Սիլվա Կապուտիկյանը հետ է վերադարձնում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»
շքանշանը
[06.07.2004]
Երեքշաբթի օրը անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի
աշխատակազմի համապատասխան բաժին վերադարձրին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով
տիկին Սիլվան պարգեւատրվել էր 1998 թվականին:
Պետական բարձր պարգեւից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռեւս անցած
ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ
ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի
մատույցներում:
Բացատրելով, թե ինչու միայն այսօր են իր ներկայացուցիչները՝ Հայաստանի դեմոկրատական
կուսակցության փոխնախագահ Ժասմինա Թելյանը եւ իր զարմուհի Ռաֆլետա Հաջյանը,
վերադարձնում պետական պարգեւը, տիկին Սիլվան «Ազատություն» ռադիոկայանին ասաց. -
«Որովհետեւ նախագահի նստավայրից եւ աշխատակազմից հայտնում էին, թե՝ մենք չենք կարող
վերցնել, քանի որ ինստրուկցիա չունենք, նախադեպ համարյա չի եղել»:
Անվանի բանաստեղծուհու զարմուհու փոխանցմամբ, նախագահի աշխատակազմի աշխատակցուհին,
ում հանձնվել է շքանշանը, ասել է, թե այն նույնությամբ պահպանվելու է՝ «հետագայում
հանգամանքների բերումով վերադարձնելու նպատակով»:
Իսկ Ներման, քաղաքացիության պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա
Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ շքանշանը փաստորեն չի վերադարձվել,
որովհետեւ չկա վկայականը, նախագահի հրամանագիրը՝ այսինքն բոլոր փաստաթղթերը, որոնք
հաստատում են, որ այդ շքանշանը շնորհվել է Սիլվա Կապուտիկյանին:
Անվանի բանաստեղծունին, սակայն, չընդունեց այդ փաստարկները՝ ասելով, թե «կարեւորը
հայտարարությունն է»:
«Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի
շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու այդպես պիտի լիներ, որ
մեր անկախ հանրապետության իրավիճակը այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի
վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը... Մաշտոց, որը իմ
գիտական, գրական կյանքի ուղեկիցն է եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ
հարցազրույցում ավելացրեց տիկին Սիլվան:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցած ապրիլին անդրադառնալով պետական պարգեւից
հրաժարվելու մասին Սիլվա Կապուտիկյանի որոշմանը, ասել էր. - «Ուղղակի ափսոսանք եմ
հայտնում: Եթե ինքը չլիներ ավելի կոշտ պատասխան կտայի»: Նախագահը ասել էր նաեւ, որ
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը «ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Հայաստանի
Հանրապետության շքնանշանն է»:
«Շքանշանով չէ, որ ես ինձ պիտի կապված զգամ Մեսրոպ Մաշտոցի հետ», - ասաց Սիլվա
Կապուտիկյանը: - «Նա իմ կյանքի, իմ հոգու շաղախի մեջ խառնված մի մեծություն է, մի
սրբություն է, որին ես այս իմ քայլով մտածում եմ, որ հավատարիմ մնացի, քանի որ նրա
ժողովուրդը այսօր ենթարկվում է հալածանքի ոչ միայն ֆիզիկական, ուժային մեթոդներով,
այլեւ մշակույթի ասպարեզում, որ անհրաժեշտ չափով չի հարգվում Մեսրոպ Մաշտոցի
լեզուն, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը, Մեսրոպ Մաշտոցով շնչավորված մշակույթը»:
Իսկ այս քայլը մեծ բանաստեղծուհու բնորոշմամբ «Խաչատուր Աբովյանի համեստ, խոնարհ
շառավիղի ճիչն է, որը ասում է՝ այդ ո՞ւմ վրա եք սուր հանում, հայ մեծ ազգին չե՞ք
ճանաչում»:
«Դա իմ հոգու ճարահատ ճիչն եմ համարում ընդդեմ այդ անարդարությունների», - ասաց
տիկին Սիլվան:
Կարինե Քալանթարյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=873
- «ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐ
ՉԿԱՆ»
[08.07.2004]
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը այն կարծիքին է, որ
Հայաստանում չկան անօրինական դատապարտվածներ։ Միակը, ըստ նրա, Վաղարշակ
Հարությունյանն էր, որը ազատ արձակվեց։ «Չկան դեպքեր, երբ մարդիկ անօրինական
պահվեն»,— ասաց պարոն Պրյախինը ու լրագրողներին հիշեցրեց, որ, այնուամենայնիվ,
իրենք դատապարտում են թե ադմինիստրատիվ կալանքները, թե քրեական հետապնդումները
«ցածրաստիճան» ընդդիմադիրների նկատմամբ։ «Քաղաքական պայքարը մաքուր ձեռքերով պետք է
տարվի»,— ասում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը։ Միաժամանակ պատասխանելով
լրագրողների հարցերին՝ նա նկատեց. «Օրինակ, միլիցիոներին պլաստիկե շշով հարվածողը։
Նա հարվածել էր, չէ՞։ Հենց այնպես չդատեցին։ Մենք դեմ ենք բռնություններին
ընդհանրապես եւ այս կռվում էլ մնում ենք մեր սկզբունքին։ Ճիշտ ու սխալ չենք
տարբերակում»։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=872
2. Նախնական կալանքի հիմնախնդիրներ
Հայաստանում նախնական կալանքի հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան
[ 06.07.2004 ]
2004 թ հուլիսի 9-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա
Հայաստանում նախնական կալանքի հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղանը: Այն
կազմակերպում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական
կազմակերպությունը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՔՀԻ-ի կողմից իրականացված «Նախնական կալանքի
հիմնախնդիրները Հայաստանում» եւ «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում
կալանավորվածներին պահելու պայմանների եւ աշխատակազմի աշխատանքային պայմանների
մոնիտորինգ» ծրագրերի արդյունքները: Կներկայացվի Քրեական դատավարության օրենսգրքում
առաջարկվող փոփոխությունների փաթեթը:
Տեղի կունենա «Կալանավորված անձանց իրավունքները Հայաստանում», «Ձերբակալված անձնաց
իրավունքները Հայաստանում» գրքույկների, «Կալանավորված անձանց իրավունքները
Հայաստանում» ուղեցույցի, «Նախնական կալանքի հիմնախնդիրները» ժողովածուի
շնրոհանդեսը:
Կլոր սեղան քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Արդարադատության
նախարարը, ՀՀ Գլխավոր դատախազը, ՀՀ Ոստիկանության պետը, ՀՀ Վճռաբեկ դատարանի
նախագահը, դատավորներ, փաստաբաններ, միջազգային եւ հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=42
