ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը ողջունում է ընդդիմության մի շարք անդամների ազատ արձակումը Հայաստանում

--ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար` դեսպան Վլադիմիր Պրյախինն այսօր ողջունել է ընդդիմական «Հանրապետություն» կուսակցության երկու ներկայացուցիչների` Արամազդ Զաքարյանի եւ Ժորա Սապեյանի ազատ արձակումը եւ նրանց հանդեպ մեղադրանքների հանումը: Պրն Պրյախինը նաեւ ողջունել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ազատ արձակման լուրը` վերջինս, սակայն, իրավունք չունի լքել Հայաստանը մինչեւ հետաքննության ավարտը:

«Մենք համոզված ենք, որ այս քայլը կաջակցի ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ քաղաքական երկխոսության խթանմանը եւ երկրում կայունության հաստատմանը», - ասել է դեսպան Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Միաժամանակ մտահոգությամբ ուզում եմ նշել, որ վերջին հանրահավաքների ընթացքում ոչ բոլոր ձերբակալության դեպքերն վերանայվել»:

Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետի վերջին որոշմանը` արգելելու հունիսի 4-ի ընդդիմության հանրահավաքը, դեսպան Պրյախինն ասել է.

«Մենք ցավում ենք, որ մարդկանց ազատ հավաքվելու եւ քաղաքական հայացքները հայտնելու իրավունքները սահմանափակվում են: Մենք հորդորում ենք իշխանություններին արդարացված եւ համաչափ կիրառել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եւ ջանքեր գործադրել այս կարեւոր օրենսդրությունը բարեփոխելու ուղղությամբ:»

Դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակելու է ուշի ուշով հետեւել Հայաստանում քաղաքական իրավիճակի զարգացմանը եւ աջակցել ժողովրդավարացման գործընթացին: Նա մասնավորապես կարեւորել է ընտրական եւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: