«ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉՊԵՏՔ Է ՏԱՆՔ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ԱՅՍՊԵՍ ՎԱՐՎԵՆ»

«Մեր երկրում յուրաքանչյուր օր բռնություններ են կատարվում, կեղծված ըտրությունները դառել են սովորական երեւույթ, գյություն ունի արհեստական ինֆորմացիոն շրջակափակում» : Այս մասին այսօր ֆորումի ժամանակ հայտարարեցին «Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» մոտ 40 հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամները:

«Հույս» հասարակական կազմակերպության անդամ Կարեն Հակոբյանի համոզմամբ, հասունացել է այն պահը, երբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն մեղավոր զգա ստեղծված իրավիճակի համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, այսօր մեր հասարակությունը թույլ է տալիս, որ իշխանությունները իրենց անօրինություններով խորտակեն մի ամբողջ ազգի, եւ այս ֆորումի գլխավոր նպատակը ՝ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական շարժման ստեղծումն է:

«Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբն այսօր ընդունել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները հետընթաց են ժողովրդավարության ճանապարհից, իսկ իշխանությունների նման գործելակերպը նպաստում է անօրինականության մթնոլորտի ձեւավորմանը»:

Հայտարարության մեջ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջել են նաեւ, որ ազատ արձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, պատժվեն սահմանադրական իրավունքները խախտած պաշտոնյաները, ապահոված լինի քաղաքացու ազատ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքը, մասնավորապես, հաճախականություն տրամադրվի «Ա1+» հեռուստաընկերությանը:

Ֆորումի ժամանակ դահլիճի մուտքի դիմաց տեղադրված էին փշալարեր եւ ֆորումի բոլոր մասնակիցները մտնելուց առաջ պետք է պարտադիր անցնեին այն:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» հայաստանյան կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանի խոսքերով, այս փշալարերը մեր ժողովրդի մեջ սերմացած վախն ու անտարբերությունն են. «Երբ անցա այս փշալարը, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ընդմիշտ ազատվեցի վախից եւ հաղթեցի բոլոր անօրինականությունները»: