ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ
Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խմբի
Հայտարարությունը
Ապրիլի 22-ին, ժ. 13-ի սահմաններում Երեւանի Թումանյան
փողոցին հարող տարածքում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել ճանաչված
հասարակական եւ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը եւ ծանր մարմնական
վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս դեպքը տեղավորվում է վերջին շրջանում Հայաստանում զարգացող իրադարձությունների
համատեքստում:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները գտնում են, որ
այս միջադեպը կապված է Ա.Մանուչարյանի հասարակական եւ քաղաքական գործունեության
հետ:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ սրան նախորդել են բռնություններ ընդդիմադիր
պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, խաղաղ ցույցերի
մասնակիցների եւ այդ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Այս ամենը եւ մասնավորապես Աշոտ Մանուչարյանի վրա հարձակումը եւ դաժան հաշվեհարդարը
ընդհանուր մշակված ծրագրի տարբեր դրսեւորումներն են:
Կարծում ենք, որ նման ծրագրեր մշակող եւ կենսագործել ցանկացող մարդիկ պետք է
հասկանան, որ այդ ծրագրերը ի սկզբանե ձախողված են, եւ այս ճանապարհով ազատ միտքը եւ
ազատ խոսքը լռեցնելու բոլոր ջանքերը անհաջողության են մատնվելու:
Մենք դատապարտում ենք հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին բռնության
ենթարկելու փաստը եւ հայտնում ենք նրան մեր զորակցությունը:
Գայանե Մարկոսյան
Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն
Արտակ Կիրակոսյան
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գեորգի Վանյան
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն
Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Վարդան Հարությունյան
Ազատ խոսքի աջակցության հիմնադրամ
Լեւոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ
23.04.2004
«Պահանջում ենք, որպեսզի այս ստոր արարքի կազմակերպիչները եւ իրականացողները
բացահայտվեն ու պատժվեն», - Աշոտ Մանուչարյանի դեմ կիրառված բռնության վերաբերյալ
նշված է մի շարք երիտասարդական ու իրավապաշտպան հ/կ-ի տարածած հայտարարության մեջ:
Երիտասարդներն այսօր հավաքվել էին հանցագործության վայրում եւ իրենց բողոքն էին
հայտնում շարունակվող բռնությունների նկատմամբ. «Մենք մեր պարտքն ենք համարում
շարունակական բողոքի ակցիաների միջոցով հասարակության ուշադրությունը սեւեռել
շարունակական բռնությունների խնդրի վրա եւ հասնել արդարության վերականգմանը»,-
ասվում հայտարարության մեջ, որը քաղաքացիների շրջանում ստորագրահավաքից հետո
հանձնվելու է իրավապահ մարմիններին:
«Երկիրը քաղաքացիների համար է եւ ոչ թե մի խումբ մարդկանց, որոնք որոշում են, թե
ում պետք է ծեծել»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Հակոբյանը: Նա նշեց, որ
իրենք դա ձեռնարկել են ոչ թե որպես ինչ-որ կազմակերպությունների ներկայացուցիչներ,
այլ որպես՝ ՀՀ քաղաքացիներ, քանի որ հասարակական գործիչների ու լրագրողների դեմ
կիրառված բռնությունից է սկսվում հասարակ քաղաքացիների ծեծը:
Ա1+
Հայտարարություն
23.04.2004
Ապրիլի 22-ին դաժան ծեծի է ենթարկվել Սոցուժերի միության նախագահ Աշոտ
Մանուչարյանը:
Մենք` մի շարք իրավապաշտպան, երիտասարդական եւ ուսանողական ՀԿ-ների
ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության հերթական այս ակցիան: Պահանջում ենք,
որպեսզի այս ստոր արարքի կազմակերպիչները եւ իրականացողները բացահայտվեն եւ
պատժվեն:
Եթե իրավապաշտպան մարմինները հետամուտ չեն լինելու իրենց անմիջական
պարտականությունների իրականացմանը` մենք մեր պարտքն ենք համարում շարունակական
բողոքի ակցիաների միջոցով հասարակության ուշադրությունը սեւեռել շարունակական
բռնությունների խնդրի վրա եւ հասնել արդարության վերահաստատմանը:
Ձեր համաձայնությունը կարող եք հայտնել մասնակցելով այսօր` ապրիլի 23-ին, ժամը
13-ին Թումանյան փողոցի "Գրանդ Հոլդինգի" նրբանցքի մոտ (Սպենդիարյան փ.)
կազմակերպվող բողոքի ակցիային կամ ստորագրելով` միանալ հայտարարությանը:
Հայտարարությունը հանձնվելու է իրավապահ մարմիններին:
ՀՀ քաղաքացիներ`
Իզաբելլա Սարգսյան
Հրանտ Տեր-Աբրահամյան
Կարեն Հակոբյան
Գայանե Շագոյան
Արա Պահլեւանյան
Լալա Ասլիկյան
Արեգ Թադեւոսյան
22.04.2004
Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, այսօր ծեծի է ենթարկվել Աշոտ
Մանուչարյանը: Այժմ նա գտնվում է Նորքի «Շտապ օգնության» հիվանդանոցում:
Նշենք, որ Գոլոս Արմենիի օրաթաթերթի այսօրվա համարում ակնարկված էր, որ Աշոտ
Մանուչարյանը կապ ունի Հայ Մտավորականների Ֆորումի հետ, որը վերջերս հանդես է եկել
երկրի ղեկավարությանն ուղղված խիստ դատապարտական կոչով:
