Մեր տնօրենների խորհուրդն ամեն տարի մշակում է գործունեության այնպիսի ռազմավարություն, որը նախ համապատասխանի Հայաստանի պահանջներին, եւ ապա`

Բաց Հասարակության Ինստիտուտի
գործունեությունը շատ մեծ ընդգրկում ունի: Այն ներառում է տառացիորեն բոլոր
ոլորտները` կենտրոնացած լինելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրների
վրա: Գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ Հայաստանում էլ ունի մասնաճյուղ, որի
գործունեության եւ այլ ՀԿ-ների հետ համագործակցության վերաբերյալ մասամբ կարելի է
գաղափար կազմել, ծանոթանալով այժմ Հայաստանում իրականացման փուլում գտնվող
"Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության" անունը կրող նախաձեռնությանը, որի
մասնակիցներից մեկն է ԲՀԻՕՀ-ի Հայաստանյան գրասենյակը:



"Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության" կոալիցիա



Մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) եւ անհատներ վերջերս համախմբել են
քաղաքացիական հասարակության դերակատարների, այն է` Հայաստանում եւ սփյուռքում
իսկապես անկախ եւ ազդեցիկ ՀԿ-ների , դոնորների եւ միջազգային գործակալությունների,
Գործընկերություն ստեղծելու նպատակով:



Վերջին մի քանի տարվա ընթացքում դոնորներն ու քաղաքացիական հասարակության
կառույցները մշակել են մի շարք օրենսդրական եւ քաղաքականության նախաձեռնություններ
օրենքի գերակայության, լրատվության անկախության, տեղեկատվության ազատության, մարդու
իրավունքների եւ կրթության ոլորտներում: Այդ նախաձեռնությունները սերտորեն կապված են
երկրի իրավական բարեփոխումների օրակարգի հետ եւ հատկապես Եվրոպայի խորհրդին
Հայաստանի անդամակցության խնդրին: Դոնորների կողմից ֆինանսավորված բազմաթիվ
ծրագրերի շնորհիվ զգալիորեն ընդարձակվել են երկրում տվյալ ոլորտների
քաղաքականությանն առնչվող հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաեւ քարոզելու եւ
հասարակության կողմից քննարկում կազմակերպելու հնարավորությունները:



Բարեփոխումներն ավելի համապարփակ, արտահայտիչ եւ արմատական դարձնելու, ինչպես նաեւ
Եվրոպայի Խորհրդին (ԵԽ) եւ այլ միջազգային կառույցներին Հայաստանի ինտեգրացման
ընթացքը առավել հետեւողական դարձնելու նպատակով, շահառուները պետք է հասարակությանը
իրազեկեն բարեփոխումների անավարտության մասին եւ առաջ քաշեն փոփոխություններ
կատարելու այլընտրանքային եւ առավել հետեւողական ուղիներ:



Այսպիսի նախաձեռնությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նորընտրյալ
օրենսդրական իշխանության փորձի պակասով, ինչպես նաեւ խնդրի բարդությամբ եւ
հրատապությամբ:



"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախնական անվանումով կոալիցիան կոչված
է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին` ուշադրության
առնելով հետեւյալ խնդիրները.

  • ԵԽ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ հասարակական
    քննարկման կազմակերպում, այդ թվում` երկրում տեղի ունեցող իրավական բարեփոխումների
    համապատասխանությունը ԵԽ-ի եւ միջազգային այլ կառույցների առջեւ ստանձնած
    պարտավորություններին, տեղեկատվության ազատության իրավիճակը, մարդու իրավունքները`
    հատկապես փոքրամասնությունների եւ խոցելի խմբերի իրավունքների, քաղաքացիական
    ազատությունների եւ տնտեսական զարգացման ոլորտներում:
  • Վերոհիշյալ ոլորտներին առնչվող քաղաքականության վերլուծություն
    եւ հատուկ
    կանոնակարգերի կամ օրենքների առումով առաջարկությունների ներկայացում օրենսդիր եւ գործադիր մարմիններին:
  • Այդ ոլորտներում կարիքների, իրավական դաշտի եւ մշակված օրենսդրության փորձագիտական
    գնահատման նպատակով իրավասու մասնագետների ներգրավում:
  •  Հիշյալ ոլորտներին առնչվող բարեփոխումների կարգավիճակի լուսաբանում
    եւ հասարակական
    քննարկման կազմակերպում` հատուկ այդ նպատակի համար նախատեսված լուսաբանման
    եղանակներով:

Կառուցվածքային առումով Գործընկերությունը կլինի քաղաքացիական հասարակության այն
բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների միավորում, ովքեր պատրաստ են վերոհիշյալ
նպատակներն իրականացնելու եւ ակտիվորեն մասնակցելու իրավական նախաձեռնություններին
եւ
օրենսդրության մշակմանն ու ընդունմանը: Իր հիմնադրվելուց հետո,
Գ
ործընկերությունը
ֆինանսավորվելու է իր անդամների, դոնորների եւ միջազգային այլ կազմակերպությունների
կողմից:



Գործընկերությունը ձգտելու է իր գործունեությունը ծավալել նաեւ Հայաստանի մարզերում:
Այդ նպատակով Գործընկերությունը կապեր կհաստատի եւ կհամագործակցի մարզային երկու-երեք
"հենակետերի" հետ, որոնք կիրականացնեն Գործընկերության ծրագրերը Հայաստանի խոշոր
քաղաքներում:



Գործընկերության ստեղծման նպատակների եւ մասնակից կազմակերպությունների մասին այս
տեղեկատվությամբ սահմանափակվելով, այժմ կխոսենք Բաց Հասարակության Ինստիտուտի
Օժանդակության Հիմնադրամի հայաստանյան մասաճյուղի տնօրեն տկն. Լարիսա Մինասյանի
հետ, խնդրելով նրան պատասխանել նաեւ մի քանի այնպիսի հարցերի, որոնք այնքան էլ հաճախ
չեն արծարծվել հայաստանյան մամուլում:



Հարցազրույց ԲՀԻՕՀ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար տկն. Լարիսա Մինասյանի հետ:



- Տիկին Մինասյան, ըստ Ձեզ, ո՞րն է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության
Հիմնադրամի հայաստանյան մասնաճուղի դերը վերջերս մի խումբ տեղական ՀԿ-ների
միավորման արդյունքում ստեղծված "Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության"
կոալիցիայի ծրագրում:




- Այն 30-ից ավելի անհատների եւ ՀԿ-ների նախաձեռնությունն է` միասին ձեռնամուխ լինել
բաց հասարակության խնդիրների լուսաբանմանն ու միասին հաղթահարել առկա խոչընդոտները:



- Ի՞նչ եք կարծում, մեր երկրում հասարակական գործունեության մեջ ներգրավված ՀԿ-ների
եւ անհատների հիմնական մասին ի՞նչն է իսկապես հուզում եւ ի՞նչն է նրանց դրդում մտնել
այդ ոչ հեշտ գործընթացի մեջ. ժամանակ առ ժամանակ ծրագրեր գրելով եւ շահելով իրենց
ՀԿ-ն աշխատեցնելու՞, թե, համենայն դեպս, բաց հասարակության կայացմանը նպաստելու
անկեղծ ու անշահախնդիր ձգտումը:




- Երկուսն էլ տեղ ունեն: Քանի որ ՀԿ-ն Հայաստանում այսօր մեծ մասամբ կարող է
գոյատեւել գրեթե միայն այս դրամաշնորհների աջակցությամբ, մեզ համար հասկանալի է
ֆինանսավորում հայթայթելու նրանց ձգտումը, երբ մարդիկ, արդեն ստեղծած լինելով
հասարակական կազմակերպությունը, ձգտում են այն աշխատեցնել: Շատ բարդ ու անիմաստ
պրոցես է ՀԿ-ի համար ծրագրից-ծրագիր լուծարվելն ու նորից հավաքվելը: Շատ ավելի հեշտ
է ունեցած կորիզը պահելն ու զարգացնելը: Բայց կան եւ իսկապես բաց հասարակության
կայացմանն աջակցելու գաղափարով առաջնորդվող ՀԿ-ներ, որոնք, բացի պարզապես
ֆինանսավորում գտնելու եւ ՀԿ-ն "կենդանի" պահելու ցանկությունը, նաեւ հետեւողականորեն
իրենց ծրագրերը շարունակելու սկզբունքով են գործում:

Այս ամենը միանգամայն հասկանալի է ՀՀ-ում, որտեղ, ըստ արդարադատության
նախարարության ներկայացուցչի վերջերս հայտնած թվերի, արդեն 3650-ից ավելի գրանցված
ՀԿ-ներ կան: Կարեւորն, իհարկե այն է, որ դրանց ինչ-որ մասն իսկապես աշխատում է, եթե
թեկուզեւ որոշ ՀԿ-ներ գրանցվում են հիմնականում դրամաշնորհներ ստանալու համար:



- Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի
գրասենյակն ունի բավականին մեծ թիմ: Արդյոք Հայաստանում ԲՀԻՕՀ-ի հիմնադրման պահին
ո՞րն է եղել այս թիմը ձեւավորող ամենամեծ գործոնը, գաղափարակա՞նը, թե պարզապես
աշխատանք ունենալու պահանջը:




- Մեր գրասենյակը, ինչպես եւ մյուս բոլորը, ունի գործունեության որոշակի պայմաններ
եւ
յուրաքանչյուր աշխատակցի վրա դրվող պարտականություններ, ուստի բոլոր աշխատակիցները
պետք է նախեւառաջ ունենան որոշակի մասնագիտական հմտություններ իրենց զբաղեցրած
պաշտոններում: Սակայն դա չի նշանակում, որ մենք հաշվի չենք առնում նրանց
գաղափարներն ու հայացքները: Ընտրություն կատարելիս, իհարկե, կարեւոր է, որպեսզի
տվյալ անհատը մեր գաղափարակիցը լինի ժողովրդավարության հիմնարար սկզբունքների եւ բաց
հասարակության խնդիրների ընկալման առումով: Հիմնադրամի սկզբունքային գաղափարները
չկիսող անհատների համար չափազանց դժվար ու անիմաստ կլիներ աշխատել մի հիմնարկում,
որի ողջ գործունեությունն ուղղված է ժողովրդավարության կայացմանը:



- Ինչպե՞ս է Բաց Հասարակության Ինստիտուտն իր ծրագրերը մշակելիս հաշվի նստում
Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի ու զարգացումների հետ:



- Մեր տնօրենների խորհուրդն ամեն տարի մշակում է գործունեության այնպիսի
ռազմավարություն, որը նախ համապատասխանի Հայաստանի պահանջներին, եւ ապա` համահունչ
լինի մեր հիմնադրամի գլոբալ ռազմավարությանը: Ինչպես հիմնադրամի բոլոր
մասնաճյուղերը, այնպես էլ մեր, հայաստանյան մասնաճյուղն ունի բավականաչափ
հնարավորություններ, որպեսզի կարողանա ցանցային ծրագրերին համահունչ ընդունել նոր
տարեկան ռազմավարություններն ու հասնել ծրագրերի ներդաշնակ իրականացման: Իհարկե,
լինում է նաեւ այնպես, որ մեր ՀԿ-ների կամ անհատների ներկայացրած որոշ հաջող գրված
ծրագրեր, որոնք մենք` գրասենյակի աշխատակիցներս, նույնպես շատ կուզենայինք
իրականացնել, պարզապես դուրս են մնում տարեկան ռազմավարական ծրագրի պահանջներից կամ
արդեն իսկ մեզ առաջադրված բյուջեյից: Ընդհանուր առմամբ` տեղի է ունենում ցանցային
ծրագրերի ռազմավարության որոշ տեղայնացում եւ ՀՀ կյանքին ու զարգացումներին
հարմարեցում, ինչը մեծացնում է մեր գործունեության հաջողության երաշխիքը:



- Ի՞նչ է լինելու բոլորիս լավ հայտնի, այսպես կոչված
"ռաբիզ" մշակույթի հետ, եթե,
օրինակ, մի օր պարզվի, որ այն իր էությամբ առանձնապես չի նպաստում բաց,
քաղաքացիական հասարակության կայացմանը ՀՀ-ում եւ,այդպիսով, չի կարող դրա մասը կազմել
խոշոր հակասությունների պատճառով:



- Ես չեմ կարծում, թե որեւէ տիպի մշակույթի գոյությունը կարող է խանգարել բաց
հասարակությանը, քանի դեռ այն չի դուրս եկել "մշակույթ" ձեւակերպման սահմաններից եւ
չի վերածվել իշխանական հավակնություններով մի գոյացության, ինչպիսին էր, օրինակ,
սոց-ռեալիզմը: Նախ միանշանակ տալ "ռաբիզ" տերմինի ձեւակերպումն այնքան էլ հեշտ չէ.
հասարակությունը բազմաշերտ եւ բարդ կառուցվածք ունի: Այստեղ խոսքն ավելի շատ այս կամ
այն մշակույթի հանդեպ հանդուրժողականության, այդ մշակույթը չնախընտրողների
իրավունքները հաշվի առնելու մասին է: Քանի դեռ "ռաբիզ" կամ այլ տիպի մշակույթը
չունի պետական ճնշման միջոցով բոլորին պարտադրվելու հավակնություններ, այն
միանգամայն անվտանգ է եւ կարող է հանգիստ գոյակցել բաց ժողովրդավարական
հասարակության այլ արժեքների հետ: Իսկ մշակույթների գոյակցության վերաբերյալ բերեմ
մի օրինակ. հեռուստացույցը ոչ միշտ է ցույց տալիս այն ամենն, ինչ մենք ուզում ենք
դիտել, եւ մենք ազատ ենք ընտրել, թե ինչ դիտել: Ծայրահեղ դեպքում կարելի է
հեռուստացույցն անջատել: Մասսայական մշակույթը շատ ուժեղ երեւույթ է, եւ մենք, ուզենք
թե չուզենք, հաշվի ենք նստում դրա հետ: Մեր դերն է` առանց ճնշելու որեւէ անհատի կամ
հասարակության որեւէ հատվածի իրավունքները, ստեղծել բարենպաստ միջավայր բոլորի
համար, որում յուրաքանչյուրը կունենա ազատ ընտրության հնարավորություն:

Մեզ համար նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մեր երկրի կրթական ցենզն անընդհատ աճի: Մեր
նպատակն է, եւ դա շատ լիիրավ նպատակ է, որպեսզի մարդը կարողանա ընկալել արժեքները:



- Ի՞նչ կասեյիք Հայաստանում առկա եւ գործող ազգայնական ուժերի ու վաղվա բաց
հասարակությունում դրանց զբաղեցնելիք տեղի մասին:



- Շատ դեմոկրատական շարժումներ սկիզբ են առել ազգային-ազատագրական շարժումներից:
Եթե համամարդկայինը գերիշխում է ազգայինին, ազգայինի մեջ դեռ որ վնասակար ոչինչ չեմ
տեսնում: Անհրաժեշտ է, որպեսզի կայանա ժողովրդավարական հասարակությունը, որում
անհատի իրավունքները երաշխավորված կլինեն: Իսկ ցանկացած էքստրեմիստական,
ազգայնամոլական գաղափար մեծ վտանգ է պարունակում հասարակության համար:



- Լինում է այնպես, որ ձեզ իրենց ծրագիր-առաջարկներով դիմած անհատները կամ
հասարակական կազմակերպությունները մերժման են արժանանում: Արդյոք ինչպե՞ս են նրանք
ընդունում դա եւ ի՞նչ են անում դուք, որպեսզի ոչ ոք չհիասթափվի:



- Մենք շատ ենք կարեւորում, որպեսզի իսկապես մարդիկ լավագույնս հասկանան իրենց
դիմումին ինչպես բացասական պատասխան տալու մեր որոշման դրդապատճառները, այնպես էլ
դրական պատասխանի տրամաբանությունը եւ մեր հիմնավորումը: Ես կարծում եմ, որ մեծ
մասամբ, երկու դեպքում էլ բացատրությունն ընդունվում է: Իհարկե, ոչ ոք հաճույքով չի
ընդունում մերժումը: Լինում են դեպքեր, երբ մարդիկ կտրականապես չեն համաձայնվում
մեր որոշման հետ եւ փորձում են հասկանալ, դիմելով մեզ, եւ մենք էլ փորձում ենք
բացատրել: Բավականին դժվար է լինում մեզ համար հատկապես այն դեպքերում, երբ մեր
ձեռքում լինում է իսկապես լավ ծրագիր, սակայն մենք չենք կարողանում ընտրել այն եւ
աջակցել` ֆինանսական սահմանափակումների պատճառով: Դա մրցույթ է, եւ մրցույթում
պարտվել` դեռ չի նշանակում վատը լինել, քանի որ այստեղ մեծ դեր են խաղում նաեւ այս
կամ այն տարածաշրջանում մեր հիմնադրամի գործունեության եւ միջոցների բաշխման
առանձնահատկությունները:



- Դիմողների մեջ լինու՞մ են 2,3,4 անգամ դիմած եւ մերժված կազմակերպություններ կամ
անհատներ, որոնք, համենայն դեպս, համառորեն, համարելով իրենց ծրագիրը կարեւոր,
փոքր-ինչ այն ձեւափոխում ու նորից դիմում են, մինչեւ որ հասնեն իրենց նպատակին: Եվ
եթե այո` ապա այդպիսիք ի՞նչ տոկոս են կազմում:



- Փոքր տոկոս են կազմում, բայց կան, եւ մենք շատ խրախուսում ենք, որ իսկապես մեր
մերժումն ընկալվի որպես գործնական տարր, մեր գործի բնույթից ելնելով եւ, բացատրելով,
թե ինչու ենք մերժել, նաեւ փորձում ենք բացատրել, թե ի՞նչ պետք է արվի կամ ո՞րտեղ էր
թույլ կողմը, եւ մարդիկ մյուս անգամ հնարավորություն ունենան իրենց ծրագիրն ավելի
մեր պայմաններին համապատասխանեցնելու: Կան կազմակերպություններ, որոնց դա օգնում է
եւ 2-րդ, 3-րդ անգամ դիմելով նրանք ավելի հաջողակ են լինում: Մեզ համար դժվար չէ
անգամ թվել մի շարք այդպիսի կազմակերպություններ: Թեեւ դրանք այնքան էլ շատ չեն, այն
փաստը, որ դրանք, այնուամենայնիվ, կան, մեզ հուսադրում է:

Վահագն Վարդումյան