ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՐԱՆԻՑ ԱՆԿԱԽ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ
«Մեր հասարակության մեջ նստած է էն տեսակետը, որ եթե մարդը գտնվում է արգելանքի տակ, մեղք է, աջակցության կարիք է զգում, իսկ ով էնտեղ է (գաղութում, բանտում, մեկուսարանում-Մ. Ա.) աշխատում, դաժան է, համարյա հրեշներին հավասար»,-հայաստանյան քրեակատարողական հիմնարկների «բնակիչներին» եւ աշխատակիցներին այսպես է ներկայացնում «Վանաձորի նախնական կալանքի մեկուսարան» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար Նորայր Հարությունյանը: Նա 24 տարի է աշխատում այս համակարգում եւ կալանավայրերի կառավարումն արդարադատության նախարարությանը հանձնելու գլխավոր առավելությունը համարում է այն, որ «երկու տարի առաջ մենք քեզ ասելու բան չէինք ունենա կալանավայրերի մասին, չէր կարելի»: Հիմա պարոն Հարությունյանը վստահ է՝ հասարակությունը պետք է բարեփոխվի եւ մտածի ոչ միայն բանտարկյալի մասին, այլեւ նրա հսկիչի: «Հանցանքի վայրում մենք հանցագործի համար պահանջում ենք առավելագույն պատիժ, բանտում կարեկցում ենք նրան»,-ասում է պարոն Հարությունյանը: Իսկ ինչո՞վ կարեկցանքի արժանի չէ հսկիչը: Մեկուսարանի անվտանգության ապահովման բաժնի պետ Գագիկ Մարգարյանն ասում է. «Աշխատող ունեմ, որ գնում է, հարեւանների համար փետ է ջարդում, որ փող աշխատի, մերը հիվանդ է»: Պարոն Մարգարյանն անձամբ ստանում է 45 հազար դրամ աշխատավարձ, տան միակ աշխատողն է, երկու դուստրերն ուսանող են: Առայժմ կալանավայրերի կառավարման նոր համակարգի մասին նա հետեւյալ տեսակետին է. «Հիմնական բարեփոխումներն արվել են կալանավորների համար, մեր համար՝ ոչ մի»: Իսկ ի՞նչ բարեփոխում պետք է կատարվեր կալանավայրի աշխատակցի համար: «Էն արտոնություններից, որ զինվորականներն են օգտվում, մենք էլ պիտի օգտվենք»,-ասում է ԱԱԲ պետը: Ո՞ր արտոնություններից: «Աշխատավարձի բարձրացում թող լինի»,-հարցը փակեց Գագիկ Մարգարյանը: Մեկուսարանի ավագ տեսուչ Հայկ Չատինյանը նույնպես դժգոհում է: «Առաջին հերթին աշխատավարձն է ցածր»: Իսկ ինչքա՞ն է: Պարզվում է՝ 30 հազար դրամ, որի մեջ, ի դեպ, մտնում է պետության կողմից հատկացվող սննդի գումարը` 10 հազար դրամ: «Սնունդը թանկանում է, փողը մնում է նույնը, չի լինի՞ որ սնունդը տան»,-արժեզրկման դեմ պայքարի շրջանակներում առաջարկեց ավագ տեսուչը: Առայժմ Հայկը գտել է 30 հազարին «մի քանի կոպեկ» ավելացնելու եղանակը. «Կողքից առեւտուր-մառեւտուր ենք անում, բայց միշտ չի, որ կարողանում ենք շահել»:
Հսկիչներն ընդհանրապես վարձատրվում են ըստ կոչումի եւ աշխատանքային ստաժի: Սակայն պարզվում է, որ, ըստ մեկուսարանի աշխատակազմի ղեկավար Նորայր Հարությունյանի, նրանք իսկապես այստեղ իրավունքների խնդիրներ ունեն: «Պայմաններից ելնելով աշխատողները դեֆորմացվում են, նրանց առողջությունը նմանվում է կալանավորների առողջությանը»,-պարզաբանեց աշխատակազմի ղեկավարը: Նա համոզված է, որ պետք է հաշվի առնել մեկ բան՝ «հասարակության վատագույն մասն է այստեղ, աշխատողը պետք է հոգեպես, բարոյապես կայուն լինի, որ կարողանա դիմագրավել»:
Զուգարանի բնակիչները
Իսկ ի՞նչ պայմաններ են Վանաձորի մեկուսարանում, որտեղ հիմնականում, ի դեպ, իրենց նախնական կալանքն են կրում դատական ոչ մի վճռով մեղավոր չճանաչված մարդիկ: Այսինքն, նրանք, որոնք դեռեւս անմեղ ճանաչվելու հույսեր ունեն: Միանգամից կարելի է ասել, որ այստեղի «բնակիչները» բառի բուն իմաստով քնում են զուգարանում: Մեկուսարանում գոյություն ունի 30 խուց: Դրանք խոնավ, ծեփաթափ, տեղ-տեղ բորբոսնած պատերով սենյակներ են: Դրանք զուգարաններ են, որոնք բարաքային երկհարկանի երկաթե անկողիններից առանձնացված են մեկ պատով: Զուգարանի ներքո նրանք հաց են ուտում, ճանաչում են միմյանց, մտածում են անմեղության կամ մեղքի չափի մասին: Զուգարան ասվածը բետոնե հատակով առանց նստատեղի, անընդհատ խոնավ մի շինություն է, որտեղ կարիքավորն իր բոլոր պետքերը հոգում է խցակիցների ներկայությամբ: Մեկուսարանում այդ զուգարաններն անվանվում են խցեր, որպեսզի ամբաստանյալները կամ կասկածյալները մտածեն, թե դա սենյակ է, որտեղ կա անկողին: Իրականում դրանք զուգարաններ են, որտեղ նաեւ քնում են: Այդ զուգարանների կեղտոտ, ճաղապատ փոքրիկ պատուհանից մի կերպ է երեւում ցերեկվա լույսը, այնպես որ օրվա ամենապայծառ ժամին էլ միշտ վառ է էլեկտրական լույսը: Իրենք՝ զուգարանների բնակիչները, հիմնականում չեն էլ վիճարկում իրենց կեցության այդ աննորմալ կողմը: Հանցանքը եւ պատժի սպառնալիքը նրանց զրկում է քիչ թե շատ արժանապատիվ պայմաններով մեկուսարանում ապրելու մասին մտածելու իրավունքից: Ըստ մեղադրանքի, իր մորն սպանած 31-ամյա Համլետ Ազրոյանն այստեղ մտածում է միայն իր ապագայի մասին: Արդյո՞ք դատարանը հաշվի կառնի, որ չէր ուզում սպանել: «Միամիտ պատահավ»,-ասում է Համլետ Ազրոյանը, որը դեռեւս չի էլ մտածում 4 երեխաներին տեսակցելու մասին, չնայած դա նրան արգելված չէ: 72 տարեկան մի կնոջ բռնաբարության մեջ մեղադրվող 35-ամյա Արթուր Մարտիրոսյանն իր-զուգարան-խցում է գտնվում օգոստոս ամսից: Արթուրն արդեն 50 տարեկան մարդու արտաքին ունի: Իր հետ հանդիպող ցանկացած մարդու նա նախ եւ առաջ կտեղեկացնի, որ ինքն ի վիճակի չէր բռնաբարել, քանի որ, իր բառերով, «բժիշկն արելել է ամուսնանալ»: «Էպիլեպտիկ եմ»,-պարզաբանում է Արթուր Մարտիրոսյանը, որն ազատ ժամանակն անցկացնում է «Նորք» գրական հանդեսի մի համարը կարդալով: Ազգությամբ եզդի Խոսրոեւը արդեն մերձեցել է ծանր հանցանքների մեջ մեղադրվող իր խցակիցներին: Նա մեղադրվում է 13 տարեկան մի աղջկա բռնաբարելու եւ սպանելու մեջ: Քննիչը մեզ արգելել էր շփվել նրա հետ: Ինքն անձամբ բողոքներ չուներ: Խարդախության մեջ մեղադրվող 44-ամյա Հակոբ Ճարոյանը առնվազն լավ կրթություն ունի, փորձում է օգտվել օրենքով իրեն ընձեռված իրավունքներից: Նա 11 ամիս է ապրում այս զուգարան-խցում: Արդյո՞ք նա իրեն արդեն պատժված չի զգում մինչեւ դատավճռի հրապարակումը: «Ես գտնում եմ, որ խախտվում են ազատ տեղաշարժվելու իմ իրավունքները»,-կարողացավ ասել իր ողջ քրեական գործը ձեռքի մի համակարգչի մեջ պահող Հակոբ Ճարոյանը, որի համակարգչով իր ազատ ժամանակն է անցկացնում նաեւ գողության համար կալանված 42-ամյա Բագրատ Աղաբեկյանը: «Մենք ճարահատյալ պիտի էս պայմաններում ապրենք, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում»,-խցի հետ իր հաշտվողականությունը բացահայտեց Բագրատը: Ավելին, նա համոզված է, որ սկզբից պիտի երկրի վիճակը լավանա, հետո նոր միայն՝ կալանավորների: Բագրատը հստակ խոստովանեց, որ այս խցում նա արդեն հասկացել է, որ իր պատիժն սկսված է: «Մնում է՝ էտապ անեն, գնամ»,-թեման փակեց Ճարոյանի միակ խցակիցը: Էտապը դեպի երկրով մեկ սփռված գաղութներից մեկում ժամկետային բնակավայր տանող ճանապարհն է:
Ի դեպ առնվազն մեկ անամ դատապարտված մեղադրյալները հենց այդ պատճառով, նախնական կալանքի մեկուսարանները համարում են դժոխք, քանի որ «էստեղ կամերային պայմաններ են, իսկ գաղութում ազատությունը շատ է»: Ամենահետաքրքիրը սակայն այն է, որ այստեղ գտնվողները սովորաբար չեն արդարացվում դատարաններում: «Ինձ մոտ ես ինչքան աշխատում եմ (1 տարի 6 ամիս-Մ. Ա.), նման բան չի եղել, որ դատարանն արդարացման որոշում կայացնի»,-տեղեկացրեց Վանաձորի քրեակատարողական հիմնարկի պետ Շավարշ Ալչանգյանը: Այսինքն, նման վիճակագրությանը տեղեկացող իսկապես անմեղ ամբաստանյալը կանխավ դատապարտված է արդարացման հույս չունենալուն: Այս քրեակատարողական հիմնարկում հիմնականում ժամանակավոր «բնակություն» են հաստատում Լոռու եւ Տաուշի մարզի ամբաստանյալները, ինչպես նաեւ՝ Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունից «գործուղված» մեղադրյալները, որոնք հեռու են մամուլի եւ իրավապաշտպանների տեսադաշտից: Նրանք կարող են երազել միայն «1/3-րդի» մասին:
Դեֆրոմացիային ընդառաջ
Մեկուսարանի ղեկավար Շավարշ Ալչանգյանը տարբերություն չի գտնում դատավճռից առաջ եւ հետո ընկած կալանքային եղանակների միջեւ: «Նպատակահարմարությունն այն է, որ ոչ մեծ հասարակական հնչեղության գործերով մարդուն կարելի է դուրս թողնել: Հիմա 4 մարդ կոտորածին, ավտոմատն առնի, ընկնի մարդկանց կոտորի, նրան դուրս թողնես, որ ի՞նչ»,-հարցրեց մեկուսարանի պետը: Ազգությամբ վրացի Ռուբեն Հակոբաշվիլին ոչ մի մարդ չի կոտորել եւ նույնիսկ քերծվածք չի թողել: Մեկուսարանում նա շոկի մեջ է: Ռուբենը մեղադրվում է դասալքության մեջ եւ մեկ ամսից ավելի գտնվում է մի խցում, որտեղ նրան «ընկերակցում» են մարդասպանության, թմրամոլության մեջ մեղադրվող մեկական ամբաստանյալ, մարմնական ծանր վնասվածներ հասցնելու մեջ մեղադրվող երկու ամբաստանյալ: Հիմա այդ նույն տղաների հետ նա, իր բառերով, զբաղվում է: «Խոսակցություն ենք անում»,-պարզաբանում է Ռուբենը: Ազատ ժամանակ նաեւ «կարտ» է խաղում տղաների հետ: Ռուբենը ոչ մի հարցի գրեթե հոդաբաշխ չի պատասխանում: Դեֆորմացված կրծքավանդակով եւ դժվար շնչառություն ունեցող այդ տղան ասում է, որ բանակ գնալուց խուսափել է, որովհետեւ չէր ուզում մորը միայնակ թողնել: Նա նաեւ ունենում է էպիլեպսիայի նոպաներ: «Ես չեմ կարում ստեղ մնամ»,-կարողանում է ասել 18 տարեկան այդ երիտասարդը: Նրա հիվանդությունն այստեղ բուժօգնության ենթակա չէ: «Ստեղ չեն կարում բուժեն, որովհետեւ փոքրուց եմ հիվանդ»,-ասաց Ռուբենը: Կրծքավանդակը ջարդված է: Իսկ դրան ինչպե՞ս է արձագանքել զորակոչային բժշկական հանձնաժողովը: «Ասել են՝ պրոստը դեֆորմացիա կա, ընենց ոչ մի բան չկա»,-տեղեկացրեց ազգությամբ վրացի երիտասարդը: Վարդան Հակոբյանն այս նույն խցում է նստած մարմնական վնասվածք պատճառելու համար: «Պատճառել եմ, բայց` չցանկանալով»,-իր արարքի անմեղության եզրը բռնելով ասում է Վարդանը: Նա 29 տարեկան է, ամուսնացած է, ունի «երկու հատ երեխա»: Նա տեղյակ է, որ պատիժն սկսվում է դատից հետո: «Օրենքում ընենց ա, որ կալանքն արդեն պատիժ ա»,-մեկնաբանում է Վարդանը: Վանաձորցի 35-ամյա Մարտուն Մելոյանը մեղադրվում է խմբակային սպանություն կատարելու մեջ: Մեկուսարանի աշխատակազմի ղեկավար Նորայր Հարությունյանը պատմում է, որ «երեք հոգով մի շիշ արաղի համար սպանել են խանութի պահակին»: «Ես ըտեղ չեմ էղել, էլի` Անմեղ տեղն էս 5 ամիս ա ըսենց նստած եմ ստեղ»,-հայտարարեց Մարտուն Մելոյանը: Նա հույս ունի, որ իր «անմեղությունը կճանաչեն»: Իր ազատ ժամանակի մասին առաջին տեղեկությունը Վարդանը ներկայացնում է այսպես. «Ի՞նչ տենք անի, պրագուլկի ենք դուրս գալի»: «Պրագուլկի» գոտին խորհրդային մեկ սենյականոց բնակարանի տարածքի չափ մի վայր է, որն ունի փշալարե ծածկույթ, անսվաղ պատեր եւ փայտե մեկ նստարան: Մի խոսքով, «պրագուլկան» ընդամենը մաքուր օդի իրավունքն է, ոչ թե՝ զբոսանքը: Հիմա ձմեռ է եւ մեղադրյալներն առանձնապես հակված չեն երկար մնալ «բաց» օդում: Զուգարան-խցի բնակիչ, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Գագիկ Դարչինյանը զարմացած էր իմ հարցից, թե պետք չէ՞ որ մինչեւ դատապարտվելն ամբաստանյալն ապրի ավելի մարդկային պայմաններում: «Խի էս մարդկային պայմաններ չի՞»,-հարցրեց Գագիկը: Ի դեպ, նա առաջին անգամ է սեփական տունը «փոխում» պետական այսպիսի բնակարանի հետ: «Հիմի մեր արածի մոմենտով էկել ենք ստեղ, էս ա մեր պատիժը»,-առավել մանրամասնեց Գագիկը: Ի դեպ, Գագիկի խուցն ինտերնացիոնալ է: Այստեղ իր նախնական կալանքն է կրում նաեւ ազգությամբ ռուս Օլեգ Տիտովը: Մեղադրվում է խմբակային «ռազբոյ» կատարելու մեջ: Օլեգը դժվարանում է ասել՝ իր պատիժն արդեն սկսվել է այս զուգարան-խցու՞մ, թե դեռ սպասվում է, որ կպատժվի: Նա առաջին անգամ է մեղադրվում հանցանքի մեջ եւ դժվարանում է ասել, թե գաղութում ինչ է սպասվում: Ավելին, նա լսել է, որ մեկուսարանն ավելի վատ տեղ է: «Բայց ավելի վատ չի»,-լավ տնտղածի աչքով ասում է ակնոցավոր Օլեգը: Իսկ ի՞նչ կարծիքի է արդեն մեկ անգամ դատապարտված եւ եւս մեկ անգամ մեղադրվող Արմեն Բաղդասարյանը մեկուսարանի եւ գաղութի պայմանների մասին: «Տարբերություն չկա, գաղութում մաքուր օդը շատ է, ընդի զոնայի մեջ ես, ստի՝ կամերում, պրոստը պրագուլկի ես դուրս գալիս, ընդի դուրս ես գալի, փոքր քաղաք է»,-«պրագուլկի» ժամանակ գաղութ-աշխարհի «լավը» պարզաբանեց Արմենը: Հիմա նա իր ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ կարդալով: Նրա խցակից Արմեն Ասլանյանը սպասում է 1/3-րդով ազատվելուն: Արդեն դատապարտվել է խուլիգանության համար: Արմենն իր մեղքը ձեւակերպեց այսպես. «Դե դավադիտ են արել, արել եմ»:
Կուշտ փոր, իրավունքներ եւ նոր մասնաշենք
Նախնական կալանքի այս մեկուսարանում առայժմ ամրապնդվում են «բնակիչներին» վերաբերող բարեփոխումները: Նրանք ունեն տեսակցության եւ զանգի իրավունք մինչեւ դատարանի վճիռը: Խոսքն, իհարկե, անվճար զանգի մասին չէ: Ամբաստանյալների հարազատները բերում են հեռախոսային մինչեւ 100 միավորանոց քարտեր, որով էլ այս մարդիկ զանգում են: Այսինքն, գործ ունենք ինքնաֆինանսավորվող բարեփոխման հետ: Անվտանգության ապահովման բաժնի պետ Գագիկ Մարգարյանը թվարկում է բարեփոխումները. «Էն ժամանակ քննչական պրոցեսում տեսակցություն չի եղել, հիմա կա, նամակագրությունն ընթերցվել է, հիմա փակ ուղարկում ենք»: Կալանավորը նույնիսկ արձակուրդի հնարավորություն ունի: «Կա մի կալանավոր, որին 1 օրով ուղարկեցինք տուն կնոջ հուղարկավորությանը մասնակցելու»,-տեղեկացրեց աշխատակազմի ղեկավար Նորայր Հարությունյանը: Հետաքրքրական է, որ բարեփոխումների եւ ամեն լավի մասին հատկապես հպարտությամբ են խոսում աշխատակիցները: Նրանք լավ գիտեն, թե ինչն է փոխվել: Ասենք, մենյուն: «Մենյուն մենք ենք կազմում ելնելով մեր ունեցած սննդամթերքից»,-տեղեկացրեց Նորայր Հարությունյանը: Օրական 650 գրամ հաց, միս, ձավարեղեն, շաքարավազ, յուղ: Պարոն Հարությունյանն ասում է, որ մեկուսարանի զինվորական կալանավորներին լսելուց հետո եզրակացրել է. «Ստեղ սնունդն ավելի լավ է, քան` որոշ զորամասերում»: Նախնական կալանքի տակ գտնվողներն ասում են. «ոհ ենք, լավ ենք»: Երբեմն նույնիսկ շնորհակալություն են հայտնում մեկուսարանի աշխատակազմին: Ինչի՞ համար: Լավ վերաբերմունքի: Իսկ լավ սնունդը հիմնականում ստանում են հարազատներից: Ամեն ամիս նրանք ունեն 70 կգ «պերեդաչի» ստանալու իրավունք:
Ի դեպ, մեկուսարանի պետ Շավարշ Ալչանգյանը ուրախ է նաեւ մի բանով: Դեկտեմբերի 27-ին կառավարությունը որոշել է քրեակատարողական հիմնարկին հատկացնել նոր շենք, որի վերանորոգումը կսկսեն 2004-ին: Այն, ինչպես վստահեցնում է պարոն Ալչանգյանը, «կհամապատասխանի միջազգային նորմերին»: «Սենյակները կլինեն 3 մարդու համար»,-տեղեկացրեց պետը: Իսկ թե որտե՞ղ կլինեն զուգարաններն՝ առայժմ ոչ մի խոսք:
ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ
