Խալաֆյանի գործով բոլոր մեղավորները բացահայտված չեն

«Բոլորը չէ, որ Վահան Խալաֆյանի գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: Բոլորի նկատմամբ չէ, որ իրականցվել է քրեական հետապնդում, բոլոր մեղավորները չէ, որ բացահայտված են»- hra.am-ին հայտնեց Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Նրա տպավորությամբ՝ «մեղադրող կողմն ամեն գնով փորձում է դատարանում հաստատել տալ ներկայացված մեղադրանքը, իսկ դատախազությունն ամեն գնով փորձում է պաշտպանել ոստիկանության հեղինակությունը՝ ասելով, որ ոստիկանությունում մարդիկ կարող են ինքնասպան լինել, բայց սպանվել չեն կարող»:

Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ նախաքննության փուլում չի ուսումնասիրվել սպանության վարկածը: Նա համոզված է և ապացույցներ է ներկայացրել, որ «Վահան Խալաֆյանի մարմնի վրայի դանակի հետքերը իր կողմից չեն հասցվել, դրանք հասցվել են նրան, երբ նա արդեն գտնվել է հորիզոնական դիրքում, և նրա մոտ սկսված են եղել կլինիկական մահվան երևույթները»:

«Վահան Խալաֆյանի գլխին խփել են, երբ վրա է հասել կլինիկական մահը և որպեսզի թաքցնեն ծանր մարմնական վնասվածք հասցնելը, նմանակել են ինքնասպանության»,- ասում է Արտակ Զեյնալյանը:

Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքերով՝ առաջին հարվածը շատ փոքր է եղել՝ 3 սանտիմետր, որը մահացու չէր կարող լինել, եթե անգամ 12 սանտիմետր լիներ: Հաջորդ հարվածը հասցրել են աորտայի ուղղությամբ, որպեսզի մահացու լիներ, սակայն մայր աորտան վնասված չէ:

 Վահան Խալաֆյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 29-ին:

 Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am