ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննիչների նկատմամբ գործը չհարուցվեց
Այսօր' դեկտեմբերի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը մերժեց Մարիամ Սուխուդյանի բողոքը:
Երիտասարդ ակտիվիստը պահանջում է վերացնել քննչական որոշումը և պարտավորեցնել քրեական գործ հարուցել ընդդեմ Էրեբունու քննչական բաժնի երկու քննիչների, որոնք Մարիամի նկատմամբ քրեական գործ էին հարուցել' սուտ մատնություն հոդվածով:
Այդ հոդվածը վերաբերում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ հայտարարություններից հետո Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:
Մարիամ Սուխուդյանը դիմել էր ՀՔԾ' քննիչների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, սակայն 2010 թ. սեպտեմբերի 4-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր կայացվել:
Մարիամի պաշտպան Նոնա Գալստյանը նշում է, որ եթե պատժվել է իրական հանցագործը' դպրոցի մանկապիղծ ուսուցիչ Լևոն Ավագյանը, և ապացուցվել է, որ Մարիամը մեղավոր չէ, հետևաբար, ով նրան սխալ մեղադրանք է առաջադրել, պետք է պատժվի:
« Բայց պետք է ասեմ, որ օրենքով սահմանված բոլոր հիմքերը կային, որպեսզի քննիչի կողմից կայացված որոշումը վերացվեր և դատարանը պարտավորեցներ նախաքննական մարմնին հարուցելու քրեական գործ»,- ասաց նա:
Պաշտպանը տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են:
Ի դեպ, դատավորը լրագրողներին թույլ չտվեց տեսանկարահանել դատական նիստը:
Աղբյուր' www.a1plus.am
