Ներմուծումը թանկանում է. հայ գործարարները վրդովված են մաքսազերծման գների աճից

Թուրքիայից և Չինաստանից ոչ պարենային ապրանքներ ներմուծող հայ առևտրականներն արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացնում Կառավարության շենքի մոտ' պահանջելով վերականգնել մաքսազերծման նախկին գները: Առաջին ցույցն անցկացվել է Ստամբուլում մեկ շաբաթ առաջ, երբ մաքսատուրքերն անսպասելի աճեցին 1 կգ-ի համար 4 դոլարից 8 դոլար Թուրքիայից ներմուծվող ապրանքների համար, և Չինաստանից' 7 դոլարից 14 դոլար: Ընդ որում, Հայաստանի օրենքում մաքսատուրքերի մասին փոփոխություններ չեն մտցվել և տուրքերը չեն բարձրացվել: 

(Հայերն սկսել են բողոքել Ստամբուլում, երբ վերադառնալիս տեղեկացել են գների բարձրացման մասին: Բեռնափոխադրող ընկերություններից շատերը, որոնցից օգտվում են հայ առևտրականները, հայկական են, մաքսազերծող ընկերություններ կան նաև Վրաստանում ու Հայաստանում: Բեռնափոխադրող ընկերության միջոցով առևտրականները կարող են ավարտել իրենց գործընթացը մեկ գործարքով:)

«Կառավարությունը պնդում է, որ դրա հետ կապ չունի և առաջարկում է հարցը պարզել բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, իսկ ընկերություններն էլ ասում են, որ իրենց այդպես են ասել «վերևից»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարների հետ հանդիպած կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ընդգծել է, որ թանկացումը պայմանավորված է բացառապես բեռնափոխադրումներ իրականացնող առանձին սուբյեկտների վարքագծով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարել է հարցումներ անել Վրաստանի համապատասխան գերատեսչություններին և կարճ ժամկետում պարզել ստեղծված իրավիճակը: 

Թուրքիայից ապրանքներ բերող հայ առևտրականների խնդիրները հիմնականում կապված են Հայաստանի մաքսային ծառայության ստվերային գործելաոճի հետ, գրում է news.am-ում տնտեսական վերլուծաբանը: Մաքսազերծման նման կարգը հակասում է Հայաստանի օրենսդրությանը: Օրենքով, մաքսազերծման ժամանակ մարդիկ պետք է վճարեն ԱԱՀ և մաքսատուրք' ըստ ապրանքների արժեքի, այլ ոչ թե ֆիզիկական քաշի:

Մաքսազերծումն իրականացվում է մաքսային գործակալների միջոցով, որոնց առևտրականները կանխիկ են վճարում' շրջանցելով օրենքը: Նրանք ասում են, որ եթե «սկսենք օրենքով վճարել, ապա ստիպված կլինենք վճարել 32 տոկոս»: 

Գևորգ Սարոյանի խոսքով, որին ցուցարարներն իրենց ներկայացուցիչն են նշանակել, կառավարությունը խոստացել է «զսպել» բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին, ընդհուպ մինչև լիցենզիայից զրկելը:

Հիշեցնենք, որ Հայաստանի մաքսային համակարգում խնդիրները արտահանման զարգացման և գների իջեցման գլխավոր խոչընդոտներից մեկն են: Բարձր մաքսատուրքերի և ստվերային վճարումների պատճառով ներմուծվող ապրանքների գները մշտապես բարձրանում են: 2010 թ. արտահանում-ներմուծում հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 1011.4 մլն և 3782.9 մլն դոլար, ինչն ամենավատ ցուցանիշն է ԱՊՀ տարածքում:

Մաքսային ծառայությունների կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացումը համարվում է 2009-2012 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը, որը գտնվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում, գրասենյակի և Մաքսային գործակալների ասոցիացիայի համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կստեղծվի հզոր և արդյունավետ մաքսային համակարգ, որը պրոֆեսիոնալ ծառայություններ կմատուցի երկրի բնակչությանը:

Աղբյուր' www.armenianow.com