ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատազրկման վերին շեմ կամրագրվի 20 տարին՝ գործող 15 տարվա փոխարեն
Երեկ խորհրդարանը 91 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Քրեական օրենսգրքում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը:
Օրինագծերը փոփոխություններ են նախատեսում ազատազրկման պատժաչափերում: Առաջարկվում է ազատազրկման վերին շեմ ամրագրել 20 տարին՝ գործող 15 տարվա փոխարեն: Նախատեսվում է նաև Քրեական օրենսգրքից հանել հանցագործության կրկնակիության ինստիտուտը: Վերջին փոփոխությունը կարող է վերաբերել ազատազրկման վայրերում գտնվող մոտ 1200 դատապարտյալի, որոնց մի մասն ազատ կարձակվի, մի մասի պատժաչափը կկրճատվի:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն այս նախագիծը պայմանականորեն «մինի համաներում» է համարում և այս փաթեթի երրորդ օրինագիծը կապում է համաներման հետ:
Վաղը ԱԺ–ում կքննարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկը: Որոշ տեղեկությունների համաձայն համաներումը կվերաբերի շուրջ 2000 դատապարտյալի: ՀՀ ԱԺ-ն վերջին անգամ համաներման մասին որոշում ընդունել է 2 տարի առաջ' 2009թ. հունիսի 19-ին:
Աղբյուրը՝ www.hra.am
