Ազատազրկման վերին շեմ կամրագրվի 20 տարին՝ գործող 15 տարվա փոխարեն

Երեկ խորհրդարանը  91 «կողմ» և 1 «դեմ»  ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Քրեական օրենսգրքում,  «Վարչական իրավախախտումների մասին»  օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը:

Օրինագծերը փոփոխություններ են նախատեսում ազատազրկման պատժաչափերում: Առաջարկվում է  ազատազրկման վերին շեմ ամրագրել 20 տարին՝ գործող 15 տարվա   փոխարեն:  Նախատեսվում է նաև Քրեական օրենսգրքից հանել հանցագործության կրկնակիության ինստիտուտը:  Վերջին փոփոխությունը  կարող է վերաբերել ազատազրկման վայրերում գտնվող մոտ 1200 դատապարտյալի, որոնց մի մասն ազատ կարձակվի, մի մասի պատժաչափը կկրճատվի: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն այս նախագիծը պայմանականորեն «մինի համաներում» է համարում և այս փաթեթի երրորդ օրինագիծը կապում է համաներման հետ:

Վաղը ԱԺ–ում կքննարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկը: Որոշ տեղեկությունների համաձայն համաներումը կվերաբերի  շուրջ 2000 դատապարտյալի: ՀՀ ԱԺ-ն վերջին անգամ համաներման մասին որոշում  ընդունել է 2 տարի առաջ' 2009թ. հունիսի 19-ին:

Աղբյուրը՝ www.hra.am