ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորի մահվան գործով ձերբակալվածներ դեռևս չկան

Հունիսի 29-ին պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դիակը հայտնաբերվել է զորամասին հարակից անտառում:
Տիգրան Համբարձումյանը, մեկուկես տարի առաջ ավարտելով Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2-րդ կուրսը, զորակոչվել է բանակ՝ հետագայում ուսումը շարունակելու պայմանով։
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ շարքային Տիգրան Համբարձումյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով' «անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության' Տիգրան Համբարձումյանը հունիսի 28-ի ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից. «Այդ կապակցությամբ ձեռնարկվել է նյութերի նախապատրաստում, ինչպես նաև որոնողական աշխատանքեր Տիգրան Համբարձումյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2011 թվականի հունիսի 29-ին ժամը 13:15-ին, զորամասին հարակից անտառում հայտնաբերվել է Տիգրան Համբարձումյանի դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ' ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք' հարթ եզրերով»:
Տիգրան Համբարձումյանի ընտանիքը համոզված է, որ ինքնասպանութայն վարկածն առաջ է քաշվել գործը կոծկելու համար։ Նրա հայրը՝ Բենիկ Համբարձումյանը մտավախություն ունի, որ նախաքննությունը ցույց կտա' թե միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով էլ իր որդին որոշել է ինքնասպան լինել։
Գործի քննությունը շարունակվում է, դեռևս ձերբակալվածներ չկան։
Աղբյուրը՝ www.hra.am
