ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եթե առկա է կոռուպցիա, խախտվում է մարդու իրավունքը

Մասնակցություն, թափանցիկություն և հաշվետվողականություն. սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն. այս հիմնական դրույթներն են քննարկվում «Մարդու իրավունքների ինտեգրում հակակոռուպցիոն օրակարգ. մարտահրավերներ, հնարավորություններ և կարողություններ» զեկույցում, որը պատրաստվել է Մարդու իրավունքների քաղաքականության միջազգային խորհրդի (ՄԻՔՄԽ) կողմից ։
Զեկույցի հայերեն տարբերակը ներկայացվեց հուլիսի 26-ին, ինչի ընթացքում ՄԻՔՄԽ-ի հետազոտական խմբի անդամ Քեյթ Դոնալդը ավելի մանրամասն ծանոթացրեց զեկույցին։
Քեյթ Դոնալդն ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարի երեք սկզբունքները. «Դիտարկելով յուրաքանչյուր սկզբունքը մարդու իրավունքների տեսանկյունից, հասկանում ենք, որ վերոնշյալ սկզբունքներից որևէ մեկի խախտումը հանգեցնում է մարդու իրավունքների խախտմանը, իսկ քանի որ այս սկզբունքներն իրենց հերթին կարևոր են կոռուպցիան արմատախիլ անելու համար, հետևաբար ակնհայտ է կոռուպցիայի և մարդու իրավունքների սերտ կապը։ Այսինքն՝ եթե առկա է կոռուպցիա, խախտվում է մարդու իրավունքը»։
Նրա կարծիքով՝ մասնակցությունը ներառում է հասարակության ներգրավվածություն կոռուպցիայի դեմ պայքարում իրենց իրավունքների պաշտպանության միջոցով։ Ուստի հասարակության ձայնը լսելի դարձնելն այն ժամանակ, երբ այդ իրավունքներից որևէ մեկը խախտվում է, շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում։
«Հատկապես կարևոր է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ակտիվությունը հասարակության մեջ ձևավորված այն խմբերի գործողությունների մոբիլիզացման դերում, ովքեր փորձում են կառավարական մարմիններից պահանջել հաշվետվողականություն ինչպես իրենց՝ հասարակությանը, այնպես էլ միմյանց՝ կառավարական մարմիններին,- դիտարկեց տիկին Դոնալդը,- այս նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ինֆորմացիան հասանելի լինի հասարակության բոլոր անդամներին, ներառյալ ամենախոցելի խմբերին»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հավաստմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը մարդու իրավունքների միջոցով հանգեցնում է նաև որոշակի ռիսկերի, երբ անհրաժեշտ է լինում դիտարկել կոռուպցիայի մեջ մեղադրվող կողմի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Կոռուպցիայի առկայությունն ապացուցելու համար իրականացվող հետաքննությունը, օրինակ՝ հեռախոսազանգերը լսելու հանգամանքը, կոռուպցիոն գործընթացը վերարտադրելը, իր հերթին խախտում է ենթադրյալ մեղավորի անմեղության կանխավարկածը:
Այս դիտարկմանն ի պատասխան Քեյթ Դոնալդը նշեց, որ տվյալ խնդիրը ևս քննարկվում է զեկույցում, ու թեև դեռևս լուծում չի առաջարկվել, այնուամենայնիվ, շարունակում են աշխատանքները՝ գտնելու այն ճիշտ տարբերակը, որը թույլ կտա պայքարել կոռուպցիայի դեմ՝ որպես գործիք կիրառելով մարդու իրավունքները։
«Մարդու իրավունքների ինտեգրում հակակոռուպցիոն օրակարգ. մարտահրավերներ, հնարավորություններ և կարողություններ» զեկույցի հայերեն տարբերակը հրատարակվել է ՄԻՔՄԽ-ի և ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) շրջանակներում։
Ծանոթացեք զեկույցին՝ հայերենով և անգլերենով։
Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am
