ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեղաշարժվելու խոչընդոտներ (վիդեո)

Երևանի քաղաքապետին նամակ-դիմում փոխանցելու համար այսօր տասնյակից ավելի քաղաքացիներ Հանրապետության հրապարակից Երևանի քաղաքապետարան գնացին. նրանցից պահանջվեց մեկ ժամ, չնայած այդ տարածությունը հնարավոր է հաղթահարել 10 րոպեում։ Պարզապես քայլերթին մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք տեղաշարժվելիս մի շարք խոչընդոտներ հաղթահարեցին մինչ քաղաքապետարան հասնելը։
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանում կա 3500 ավելի սայլակավոր հաշմանդամ, ովքեր քաղաքում գրեթե չեն կարող տեղաշարժվել. միայն մի քանի մշակութային հաստատություններ կարող են գնալ, իսկ տրանսպորտով երթևեկել ընդհանրապես անհնար է:
«Մենք բոլորս եղել ենք մանուկներ ու օգտվել ենք սայլակներից ու չպետք է մոռանան նաև մանուկների, հղիների, ծերերի մասին, ովքեր հաստատ մեծամասնություն են կազմում: Ու մենք չենք ուզում լքել երկիրը, այլ ուզում ենք համագործակցել քաղաքապետարանի հետ, որ գոնե հարմարեցված ավտոբուսներ ներկրվեն»,- ասաց Ալավերդյանը երթը սկսելուց առաջ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ՝ քայլերթի մասնակիցները քաղաքապետին նամակ-դիմում հանձնեցին. ևս մեկ անգամ անդրադառնալով մատչելի հասարակական տրանսպորտի իսպառ բացակայությանը և շենքերի ու շինարարությունների անմատչելիությանը։
Հաշվի առնելով, որ տեղաշարժվելու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրական ակտերով, ինչպես նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով՝ Մարդու իրավուքների պաշտպանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տարբեր հեղինակավոր մարդիկ դիմում ուղղեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել քաղաքը բոլորին հասու դարձնելու համար:
«Հայստանում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ ու շատերը կարծում են՝ արդյոք այս փոքրիկ խմբին արժե օգնել, ու ես կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ցինիկաբար խոսում են այդպես, թող իրենք պատկերացնեն, եթե իրենց կամ իրենց հարազատի հետ պատահի նման բան, ինչպես կլինի իրենց կյանքը սայլակով մեր քաղաքում»,- ասաց Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդիկ նամակը չկարողացան հասցնել քաղաքապետարան, քանի որ քաղաքապետարանի նորակառույց շենքի թեքահարթակը վտանգավոր է նրանց կյանքի համար. թեքահարթակը սխալ է կառուցված և հնարավոր է օգտվելիս սայլակը շրջվի։
Դիմումատուներին ընդունեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ տեղեկացնելով, որ քաղաքապետը զբաղված է ու չի կարող ընդունել նրանց:
Հ. Նավասարդյանը խոստացավ, որ առաջիկայում կբերվեն հատուկ լայն դռներով ավտոբուսներ Չինաստանից, որոնք հետագայում կհարմարեցվեն հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար: Անդրադառնալով այն պահանջին, որ պետք է միանգամից հարմարեցված ավտոբուսներ բերել՝ նա նշեց, որ այդ սարքավորումներով ավտոբուսներն արժեն 100 հազար դոլար, և այդպիսի գնումներ դեռևս չեն կարող իրենց թույլ տալ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
