ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ–ի հիշեցումը. 49 օր առաջ նա դիմել էր արդարադատության նախարարին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ սեպտեմբերին դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։
Հիշեցնենք, որ երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված, որ դատավորներն իրենց հանդեպ անարդար են գործել: Բազմաթիվ այլ նմանատիպ դիմումներից Մարդու իրավունքների պաշտպանն ընտրել էր նշված երեքը, քանի որ իր գնահատմամբ՝ այդ գործերով դատավորների կողմից թույլ էր տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Պաշտպանը, ըստ օրենքի՝ երեք դատավորների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և իր հաղորդումների մասին իրազեկել հանրությանը: Այնուհետև բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը հետևյալ հիմնավորմամբ. «...ուսումնասիրելով հաղորդումը և հաղորդմանը կից նյութերը' գտել է, որ ... կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն»։
49 օրերի ընթացքում չստանալով որևէ արձագանք ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից՝ Կարեն Անդրեասյանը որոշել է հրապարակային հիշեցում անել։
«Վստահ եմ, որ եթե կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այդ թվում և Դուք, արդար լինեն, որից հետո արդար լինեն այն Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկված 13 մարդկանցից մեծամասնություն կազմող գոնե յոթը, ապա դատավորների պատժման այսչափ կարևոր համակարգը կդառնա արդար: Այդ պարագայում իր բոլոր որոշումներում արդար կգործի դատավորը՝ վախենալով միայն օրինական և արդար պատժից: Այդ դեպքում արդար կգործի պետության ամեն պաշտոնյա՝ վախենալով արդար դատավորից: Իսկ մինչ արդարության այս շղթան լիարժեք կգործի, առայժմ վախենում է մարդը, ով որևէ առնչություն պիտի ունենա դատավորի հետ»,- արդարադատության ակնկալիքով Կարեն Անդրեասյանը կրկին դիմում է Հրայր Թովմասյանին՝ սպասելով նախարարի՝ երեք դատավորների գործերին առնչվող որոշմանը:
Աղբյուրը՝ www.hra.am
