«Հրապարակ» թերթը հաղթեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 7-ին, մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ անհիմն լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում, դեռևս օգոստոսին տեղադրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած կարծիքներից: Փաստաբանն օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ըստ հայցի՝ ընթերցողների մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է զրպարտություն և վիրավորանք։



Արթուր Գրիգորյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ www.hra.am –ին՝ հայտնելով միայն, որ պարտադիր բողոքարկելու է դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

«Սա բոլոր լրատվամիջոցների հաղթանակն է, քանի որ այս որոշումից հետո մենք կարող ենք հանգիստ լրագրությամբ զբաղվել»,- համոզված է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:


Օհանյանը, շնորհակալություն հայտնելով դատարանին անաչառության համար, նշեց, որ մինչև այսօր իրենց թերթի դեմ հարուցված դատական գործերի մեջ սա առաջին կայուն հաղթանակն է: