Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման բողոքը կուղարկվի ՄԻԵԴ

2012թ մայիսի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վերադարձնել զինծառայող Գևորգ Կոծինյանի մահվան գործով կողմերի բերած վճռաբեկ բողոքները:



Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ամբաստանյալներ Մարգար Դավթյանի, Տարոն Սուվարյանի և տուժողի իրավահաջորդների բերած վերաքննիչ բողոքները:



Տուժողի իրավահաջորդ Կարեն Թումանյանը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով ճանաչել Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը:



«Մենք գտնում ենք, որ կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը, որովհետև պետական մարմնի հսկողության տակ գտնվող անձին են կյանքից զրկել: Մենք նաև պնդում ենք բարոյական վնասի փոխատուցման պահանջը (5 միլիոն դրամ) և այդ պահանջով հասնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ներպետական օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում»,- www.hra.am -ին ասաց Կարեն Թումանյանը:



Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է: Քննությունը պարզել է, որ Կոծինյանին ծեծի են ենթարկել 4 համածառայակիցները, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ: