ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտակ Նազարյանի հագուստների դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ չեն կատարվել
Արտակ Նազարյանի մահվան
գործով դատավարության հուլիսի
31-ի նիստում
ներկայացվեցին Արտակ
Նազարյանին ամրակցված AK-74 ինքնաձիգը, նրա զրահաբաճկոնը,
ենթապայուսակը և այնտեղ պահված փամփուշտների
3 պահունակները:
Դրանք դատարանում
ներկայացնելու համար նախորդ դատական նիստին միջնորդություն էր արել տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը:
Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց, թե պե՞տք է
բացել ինքնաձիգի փողը փակող կպչուն ժապավենը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքնաձիգը կեղծ ապացույց է, իրենց
չի հետաքրքրում: Նա զննելով
Արտակ Նազարյանի զրահաբաճկոնը` հայտարարեց,
որ դրանց վրա հրազենային կրակոցին բնորոշ հետքեր կան:
Ամբաստանյալ զինվորներ Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարություն Կիրակոսյանը դատարանում ցուցմունք տալով`
ասել էին, որ նախաքննության ընթացքում ռազմական
ոստիկանությունում իրենց ծեծել են: Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր այս առթիվ քննություն կատարել: Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց
զինդատախազ Գևորգ Կոստանյանի գրությունն այն մասին, որ դրա վերաբերյալ կատարված քննության արդյունքում
քրեական գործի հարուցումը մերժվել է:
Ամբաստանյալ
կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են այդ առթիվ քրեական գործի հարուցումը
մերժող հետաքննության հիմքերը, հարկավոր է կալանավայրից ստանալ ամբաստանյալների մարմնական
զննության փաստաթղթերը:
Տուժողի իրավահաջորդ
Ծովինար Նազարյանը միջնորդեց դատական
նիստերը Երևան տեղափոխել, քանզի
Իջևան հասնելու համար իրենք շատ ժամանակ են ծախսում: Նա դատավորին
առաջարկեց մտածել տուժողի
իրավահաջորդների առողջության մասին
և դատական նիստերը մայրաքաղաքում անցկացնել: Դատավոր Մարդանյանն ասաց, որ նախկինում էլ նման միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են:
Այնուհետև
Ծովինար Նազարյանը միջնորդեց
հրապարակել քրեական
գործում
առկա շուրջ
8 տասնյակ ապացույցներ:
Դատական նիստի ընթացքում այդ ապացույցների հրապարակումը կիսատ մնաց:
Իրավապաշտպան
Ռուբեն Մարտիրոսյանը նշեց,
որ նախորդ դատական նիստին ներկայացված Արտակ Նազարյանի զինվորական հագուստներից վերնաշապիկի և ներքնաշապիկի
թիկունքի մասը արյունով է ծածկված, սակայն
տաբատն ու վարտիքն արյունոտ չեն , եթե Նազարյանը նստած, ժայռին հենված դիրքում ինքնասպան լիներ, արյունը պետք է հասներ
տաբատին և վարտիքին: Իրավապաշտպանի խոսքերով` Արտակ Նազարյանի մահվան դեպքի վայրը և դիակի դիրքը փոխած
են, Նազարյանը պառկած է եղել հորիզոնական դիրքով: Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ`խծուծների փորձաքննության
արդյունքները խիստ վտանգավոր են նախաքննական
մարմնի համար. դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ կրակոցի պահին 7 զինծառայող գտնվել է սպանության վայրում,եթե այդ զինծառայողները 30մ հեռու լինեին այդտեղից, կրակոցի հետևանք մետաղական
փոշին նրանց վրա չէր նստի: Ըստ Մարտիրոսյանի՝ քննիչը պարտավոր էր դատաբժշկին հարցնել` կա՞ն
արդյոք փաստեր, որոնք վկայեն դեպքից հետո դիակի տեղաշարժման մասին: Իրավապաշտպանն ասաց, որ իր պրակտիկայում
առաջին դեպքն է, երբ սպանության գործով չեն կատարվել
դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ, մինչև այժմ իրենք չգիտեն, թե Նազարյանի
հագուստի վրա կա՞ն արյան և փսխոցի հետքեր: Ըստ վկա Արման Մնացականյանի` մինչև
ինքնասպանություն կատարելը Արտակ Նազարյանը սնունդ է
ընդունել: Մինդեռ ըստ դատաբժշկական եզրակացության` Արտակ Նազարյանի ստամոքսը
դատարկ է եղել: Ռ. Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2010թ. հուլիսի 27-ին, առավոտյան
8-անց 10-ին գնդի հրամանատար Ղազարյանը հեռախոսագրով
հայտնել է, որ Արտակ
Նազարյանի դիակը հայտնաբերվել է հենակետում, իսկ կես ժամ անց՝ ճշտելով նա հայտարարել է, որ Արտակ
Նազարյանի դիակը գտնվել է խրամատում: Իսկ քրեական գործի նյութերով` Արտակ Նազարյանն ինքնասպան
է եղել ժայռի մոտ:
Դատական հաջորդ
նիստը կկայանա օգոստոսի 8-ին:
Ոսկան Սարգսյան
Իջևան
