Սոցհաստատություններին սնունդ են մատակարարել կրկնակի թանկ գներով

Հերթական անարդյունավետ ծախսը պետբյուջեից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն
ուսումնասիրել է
պետական գնումների շրջանակում մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդի և տնտեսական
ապրանքների ձեռքբերման գործընթացը և հայտնաբերել մի շարք խախտումներ։

Պարզվել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են շուկայական գներից: Օրինակ, մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում բազուկի գինը շուկայում եղել է առավելագույնը 100 դրամ:

Հայտարարված մրցույթների արդյունքում
ընտրված մատակարարներից որոշները մանկատներին
և ծերանոցներին սնունդ են մատակարարել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գներով։ Այդ մասին փաստում են ուսումնասիրված հաշիվ-ապրանքագրերը։

Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների՝ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ միմյանց հետ նախապես համաձայնեցնելով առաջարկվող գները:

«Օրինակ, առկա են դեպեր, երբ երկու տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկովտառասխալներով և, անգամ, նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է ներքին համաձայնության մասին»,– ասված է ՏՄՊՊՀ տարածած
հայտարարության մեջ
:

Հանձնաժողովն արձանագրել է դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, և միաժամանակ պարտվել է մեկ այլ մրցույթում՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ:

ՏՄՊՊՀ–ն գտնում է, որ այս ամենը
պետական
բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում է: Հարուցվել են վարույթներ, և Հանձնաժողովը առաջիկայում  կհրապարակի օրինախախտ ընկերությունների անուններն ու նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: