NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սոցհաստատություններին սնունդ են մատակարարել կրկնակի թանկ գներով

Հերթական անարդյունավետ ծախսը պետբյուջեից
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն
ուսումնասիրել է պետական գնումների շրջանակում մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդի և տնտեսական
ապրանքների ձեռքբերման գործընթացը և հայտնաբերել մի շարք խախտումներ։
Պարզվել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են շուկայական գներից: Օրինակ, մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում բազուկի գինը շուկայում եղել է առավելագույնը 100 դրամ:
Հայտարարված մրցույթների արդյունքում
ընտրված մատակարարներից որոշները մանկատներին և ծերանոցներին սնունդ են մատակարարել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գներով։ Այդ մասին փաստում են ուսումնասիրված հաշիվ-ապրանքագրերը։
Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների՝ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ միմյանց հետ նախապես համաձայնեցնելով առաջարկվող գները:
«Օրինակ, առկա են դեպեր, երբ երկու տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և, անգամ, նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է ներքին համաձայնության մասին»,– ասված է ՏՄՊՊՀ տարածած
հայտարարության մեջ:
Հանձնաժողովն արձանագրել է դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, և միաժամանակ պարտվել է մեկ այլ մրցույթում՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ:
ՏՄՊՊՀ–ն գտնում է, որ այս ամենը
պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում է: Հարուցվել են վարույթներ, և Հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի օրինախախտ ընկերությունների անուններն ու նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները:
