Վարսահարդարման դասընթացին մասնակցած կին դաապարտյալները ստացան վկայականներ

2017թ. մայիսի 10-ին ավարտվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և ազատման նախապատրաստվող կին դատապարտյալների համար կազմակերրպված վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի երրորդ փուլը: Դասընթացի ավարտական դասին կազմակերպվեց դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա էին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի», «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարությունը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից նախաձեռնված և հաջողությամբ կյանքի կոչված դասընթացի երեք փուլերին մասնակցել և դասընթացը ավարտելով՝ վկայականներ են ստացել շուրջ 30 կին դատապարտյալներ:

Ծրագիրը նպատակ ունի փակ հաստատությունում գտնվող կանանց աջակցել մասնագիտություն ձեռք բերելու և պատիժը կրելուց հետո զբաղվածություն և կայուն եկամուտ ունենալու հարցում:

Քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դեռ նախորդ տարի բանտի ուսումնական մասում վերանորոգել և կահավորել էր մասնագիտական սենյակ, որը հագեցած է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը նախատեսում է իր կողմից իրականացվող ծրագրերի ավարտից հետո մասնագիտական սենյակը փոխանցել պետական մարմինների տնօրինությանը՝ ապահովելով կին դատապարտյալների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման շարունակականությունը: