ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների զարգացում քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում
Սույն համառոտագիրը հիմնվում է քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական ծառայությունների հասանելիության, ֆինանսավորման և պատվիրակման հնարավորությունների նախնական վերլուծությունների և հրապարակումների հիման վրա, որոնք կատարվել են Ջուրեմոնիա ծրագրի շրջանակներում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Սույն փաստաթուղթը նպատակ ունի ներկայացնել ոլորտում առկա հիմնական խնդիրները, դրանց համակարգային պատճառները և պետական բյուջետային ու ծառայությունների պատվիրակման գործընթացներում հնարավոր լուծումները։
Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական, վերասոցիալականացման և համայնքային վերաինտեգրման ծառայությունները դեռևս չունեն բավարար չափով համակարգային, կանխատեսելի և արդյունքահեն ֆինանսավորման մոդել։ Առկա ծառայությունների ծավալը, աշխարհագրական հասանելիությունը, շահառուների ընդգրկումը և շարունակականությունը բավարար չափով տեսանելի չեն պետական բյուջետային և ծրագրային փաստաթղթերում, ինչը դժվարացնում է դրանց պլանավորումը, գնահատումը և երկարաժամկետ ինստիտուցիոնալացումը։ Այդ ճանապարհին առաջնային է դիտարկվում վերականգնողական ծրագրերի վերաբերյալ հստակ վիճակագրության վարումը, դրա հիման վրա պետական բյուջեի պլանավորումը։ Ներկայում Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական, վերասոցիալականացման և համայնքային վերաինտեգրման ծառայությունները շարունակում են մնալ մասնակի, անհավասարաչափ հասանելի և հաճախ՝ դոնորային կամ առանձին ծրագրային աջակցությունից կախված։ Թեև վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, այդուհանդերձ, վերականգնողական ծառայությունների ֆինանսավորումը դեռևս բավարար չափով տեսանելի, հասցեական և արդյունքահեն չի ներկայացված պետական բյուջետային և ծրագրային փաստաթղթերում։ Միաժամանակ, ծառայությունների պատվիրակման մեխանիզմները չեն զարգացել այն աստիճան, որ հնարավոր լինի համակարգված կերպով ներգրավել մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և այլ համապատասխան ծառայություն մատուցող կառույցներին։
Այս իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի վերականգնողական ծառայությունները դիտարկվեն ոչ թե որպես լրացուցիչ կամ երկրորդային բաղադրիչ, այլ որպես արդարադատության ոլորտի արդյունավետության, հանրային անվտանգության, կրկնահանցագործության նվազեցման և մարդու արժանապատիվ վերաինտեգրման կարևոր նախապայման։ Մասնավորապես միջազգային ստանդարտները, այդ թվում Նելսոն Մանդելայի կանոնները, ԵԽ և ՄԱԿ-ի համապատասխան հանձնարարականները և ուղեցույցները հստակ հաստատում են այս մոտեցման անհրաժեշտությունը (Nelson Mandela Rules Tokyo Rules, Bangkok Rules, Council of Europe Probation Rules)։ Այսպիսով, այս մոտեցումը համահունչ է միջազգային չափանիշներին, ըստ որոնց «ազատությունից զրկման և այլ քրեական պատիժների կատարումը չպետք է սահմանափակվի միայն հսկողությամբ կամ մեկուսացմամբ, այլ պետք է ուղղված լինի անձի սոցիալական վերաինտեգրմանը, կրկնահանցագործության ռիսկերի նվազեցմանը և հասարակության անվտանգությանը»։
Այս համատեքստում անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել երեք փոխկապակցված ուղղություն.
-
ծառայությունների ավելի հստակ արտացոլում բյուջետային և ծրագրային փաստաթղթերում,
-
չափելի արդյունքային մոտեցումների կիրառում,
-
ծառայությունների պատվիրակման թափանցիկ ու հաշվետու մեխանիզմների զարգացում։
Այսպիսով, սույն համառոտագրի նպատակն է առաջարկել ռազմավարական և բյուջետային այնպիսի ուղղություններ, որոնք կարող են ներառվել 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան պետական բյուջեի պլանավորման գործընթացում, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարական ծրագրում։
Այն հասցեագրված է հետևյալ կառույցներին և կազմակերպությունների․
-
ՀՀ արդարադատության նախարարություն,
-
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն,
-
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն
-
ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումներ,
-
Արդարադատության ոլորտում գործունեություն ծավալող այլ պետական մարմիններ և ոչ պետական, հասարակական կազմակերպություններ, կառույցներ։
