Ամփոփվեց քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների ֆինանսավորմանը նվիրված ծրագիրը

2026 թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Բյուջեները քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր համատեղ քննարկել ծրագրի վերջնարդյունքները, պետական մարմինների ներկայացուցիչների հետ համաձայնեցնել հետագա քայլերը, ինչպես նաև համախմբել քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների տեսակետները։

Բացման խոսքով հանդես եկան «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչ Սուզաննա Սողոմոնյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված արդարադատության ոլորտի միջոցառումները, որոնց թվում է նաև ծառայությունները հասարակական սեկտորին արտապատվիրակելու առաջարկը։ Այնուհետև քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրին ոլորտների գերակա ուղղությունները, որոնցում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի, այդ թվում՝ ոլորտային խնդիրների համատեղ լուծման հարցում։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում մշակված առաջարկների փաթեթը։ Որպես գերակա առանձնացված են ազատազրկված անձանց հոգեկան առողջությանն աջակցող ծառայություններն ու վարքային ծրագրերը, նախազատման և հետազատման ուղեկցման, ինչպես նաև սոցիալական հմտությունների զարգացման ծառայությունները։

Իրենց առաջարկներն ու առկա խնդիրների լուծմանն աջակցելու մոտեցումները ներկայացրին նաև այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ քաղաքացիական հասարակության մասնագիտական ռեսուրսը նպաստում է այդ խնդիրների լուծմանը։

Միջոցառման ավարտին մասնակիցները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու ինչպես նոր նախաձեռնությունների պիլոտավորմանը, այնպես էլ Երևանում և մարզերում ծրագրի տեղայնացմանը տարբեր թիրախային խմբերի համար։

Սույն միջոցառումը իրականացվել էր Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում  «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ««Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: