Առաջարկություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսելու հետագա քայլերի վերաբերյալ

Հրապարակումը պատրաստվել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ երկխոսության նախագծի շրջանակներում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Մեթոդաբանությունը

2022 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին հայելային երկխոսության հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանում (Երևան) և Ադրբեջանում (Ղազախի շրջան), որոնց հաջողվել է հավաքել հայ և ադրբեջանական հասարակությունների կարծիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսելու վերաբերյալ առաջարկությունների մասին։ Հանդիպումներին մասնակցել են 17-ից 66 տարեկան 37 տղամարդիկ և կանայք՝ փախստականներ և հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր անմիջականորեն չեն տուժել հակամարտությունից: Մասնակիցների աշխարհագրությունն ընդգրկում էր ինչպես երկրների կենտրոնական քաղաքներն ու բնակավայրերը, այնպես էլ սահմանամերձ գոտիները։

Աշխատանքները ընթացել են մի քանի հանդիպումներով, աշխատանքային ենթախմբերը բաժանվել են 5-6 հոգու։ Այս հանդիպումներում մասնակիցները մտքեր են փոխանակել խաղաղության իրենց տեսլականի և դրան հասնելու համար անելիքների վերաբերյալ։

Քննարկումը հիմնված է եղել երկու կողմերի կողմից նախապես պատրաստված և հաստատված հարցերի վրա։ Դրանք միտված էին ուսումնասիրելու մասնակիցների դիրքորոշումն ու խաղաղության ու երկխոսության վերաբերյալ նրանց առաջարկները։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները խոսել են նաև առկա խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են խաղաղ գործընթացին։ Այս փաստաթղթում մենք փորձել ենք խմբավորել և փոխանցել այդ առաջարկներից հիմնականները։

Առաջարկություններ մասնակիցների կողմից

I. Հասարակությունները պետք է փորձեն հրաժարվել կարծրատիպերից, սովորել միմյանց արժեքներն ու մշակույթները, ճանաչել նմանությունները և հանդուրժող լինել տարբերությունների նկատմամբ:

Առճակատման տարիների ընթացքում հասարակություններում ամրապնդվել է թշնամու կերպարը, որի հետ անհնար է պատկերացնել բարիդրացիական հարաբերություններ։ Որքան քիչ մարդիկ ծանոթ լինեն դիմացինի արժեքներին և մշակույթին, այնքան իշխանությունների համար ավելի հեշտ է շահարկել զգացմունքներն ու տրամադրությունները, խեղաթյուրել փաստերը՝ դրանով իսկ արմատականացնելով և դեմոնիզացնելով հասարակությունները, պարտադրելով կարծրատիպեր։ Ծանոթանալով և ուսումնասիրելով դիմացինի արժեքներն ու մշակույթը՝ մենք կարող ենք շատ ընդհանրություններ գտնել, և միաժամանակ նկատել, որ այն, ինչ մեզ տարբերում է, հնարավոր է հանդուրժել։ Ճանաչելով դրանք՝ պարզ է դառնում, որ դրանք կարելի է ընդունել։ Իսկ այն հարցերը, որոնք մեր մշակույթները չեն ընդունում, մենք կարող ենք քննարկել, հասկանալ երևույթների արմատները և մտածել, թե ինչպես հնարավոր կլինի դրանց հետ գոյակցել կամ փոխել ապագայում:

Պետք է գործել մարդկանց մեջ կարծրատիպերի բացահայտման և վերացման ուղղությամբ։ Սա կօգնի հասկանալ, որ մեր ժողովրդի մեջ չկա գենետիկ, մշտական թշնամություն, որ խնդիրները ոչ թե միստիկ բնույթ ունեն, այլ իրական են։ Գուցե սա կօգնի ավելի լավ հասկանալ միմյանց խնդիրները։

Կարծրատիպերը բացահայտելու համար անհրաժեշտ է տանել նաև դաշտային աշխատանքեր: Սոցիալական հետազոտությունների օգնությամբ նման կարծրատիպերը պետք է բացահայտվեն, խմբավորվեն, և պետք է ապացուցվի դրանց անհիմն լինելը: Պետք է ստեղծել հարթակներ, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ միմյանց արժեքներին ու մշակույթին։ Հետագայում այդ նպատակով համատեղ կամ առնվազն զուգահեռ ծրագրեր իրականացնել:

II. Ձգտել չխախտել կողմերից որևէ մեկի իրավունքները՝ առաջնորդվելով միջազգային նորմերով և իրավունքներով

Տասնամյակներ շարունակ մենք բախվել ենք այն փաստի հետ, որ մեր առճակատման ընթացքում մշտապես խախտվում են միջազգային նորմերը, մարդու իրավունքները։ Շատ հաճախ երկրների ղեկավարների ստորագրություններով վավերացված պայմանագրերը չեն հարգվում։ Մարդն իրեն լիովին անապահով է զգում։ Արդյունքում տարեցտարի ավելանում է անվստահությունը հակառակ կողմի նկատմամբ։ Եթե երկու կողմից էլ ամրապնդվի միջազգային նորմերի ու իրավունքի ըմբռնումը, ապա հնարավոր կլինի, նվազագույնը, դադարեցնել զինված առճակատումը։ Կառաջանա հույս, որն իր հետ կբերի նոր այլընտրանքային գաղափարներ/մեթոդներ հակամարտության խաղաղ լուծման համար։ Կլինի գիտակցում, որ իրավունքներին և նորմերին չհամապատասխանելը կարող է հանգեցնել նրան, որ ավելի խոշոր/ուժեղ պետությունները կկլանեն ավելի փոքր/թույլ պետություններին: Մյուս կողմից կավելանա վստահությունը, և դրա հետ մեկտեղ յուրաքանչյուրի համար կստեղծվի անձնական անվտանգության ավելի ուժեղ զգացում:

Մենք գիտենք, որ երկու երկրներն էլ չեն ընդունել Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը։ Այս մեխանիզմի մասին հանրային իրազեկումը թեև չի նպաստի հակամարտության կարգավորմանը, սակայն հստակ ցույց կտա, թե որ արարքներն է աշխարհը ճանաչում որպես ռազմական հանցագործություն։ Սա կուժեղացնի կողմերի գիտակցությունը ոչ միայն պատերազմի անթույլատրելիության աստիճանի և հակամարտությունների կարգավորման բռնի մեթոդների մասին, այլև  կօգնի հրաժարվել մաքսիմալիստական պահանջներից։ Հասարակությունները պետք է տեղեկացված լինեն գոյություն ունեցող միջազգային նորմերի և իրավունքների, ինչպես նաև դրանց չհարգելու հետևանքների մասին: Մեզ անհրաժեշտ են կրթական նախագծեր և քննարկումներ միջազգային իրավունքի ոլորտի փորձագետների հետ, թեմատիկ նյութերի հրապարակումներ, կրթական վերապատտրաստումներ։

III. Տեղեկացնել մարդկանց հակամարտությունների լուծման խաղաղ (ոչ ռազմական) տարատեսակ ուղիների մասին

Մեր հասարակություններում արմատավորվել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն ուժի միջոցով: Մարդիկ տեղյակ չեն տարածքային վեճերի լուծման այլ, ոչ բռնի միջոցների մասին՝ առանց պատերազմի: Սա հանգեցնում է հասարակության ռազմականացմանը ներքևից վերև, բերում եզրակացության, որ ռազմական ճանապարհը տարածքային հակամարտությունների լուծման միակ ճանապարհն է։

Միջազգային նորմերի ընդունման և մարդու իրավունքները հարգելու այլընտրանքային ուժի գիտակցումը կարող է առաջնահերթություն դառնալ մեր երկրների հասարակությունների համար՝ պահանջ ներկայացնելու մեր առճակատման ոչ բռնի լուծման՝ արյունահեղությունից հրաժարվելու մ։ Հաշվի առնելով հասարակության խաղաղության ցանկությունը, մարդիկ, ովքեր հավատում են, որ հակամարտությունները կարող են լուծվել ոչ բռնի միջոցներով, դեմ կլինեն պատերազմին:

Անհրաժեշտ են կրթական նախագծեր հասարակություններին տարածքային վեճերի լուծման գոյություն ունեցող ոչ բռնի մեթոդների և միջազգային փորձագետների ներգրավմամբ այս կերպ արդեն լուծված հակամարտությունների պատմության մասին ծանոթացնելու համար: Սրա շուրջ կարելի է նկարահանել ֆիլմեր, հրապարակել համապատասխան նյութեր, անցկացնել վերապատրաստումներ, կոնֆերանսներ։

IV. Պատրաստել հասարակություններին փոխզիջումների

Որքան շատ արյուն է թափվում, այնքան երկար է ճանապարհը դեպի վստահություն, ու հետևաբար՝ դեպի խաղաղություն: Եթե անգամ հնարավոր լինի պայմանավորվել սահմանների և խաղաղության համաձայնագրի շուրջ, երկու երկրների բնակչության մոտ կծագի դրա լեգիտիմացման հարցը, և պատմական այս կետում կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան։

Աշխատող համաձայնագրի համար հասարակությունները պետք է պատրաստ լինեն նման ոչ պոպուլյար փոխզիջումների: Հասարակությունները կարող են սկսել քննարկում՝ փնտրելու այնպիսի լուծումներ, որոնք չեն վտանգի կողմերից որևէ մեկի անվտանգությունը, կամ որոնելու անվտանգության երաշխիքներ, որոնց կարելի է հասնել փոխզիջումների միջոցով:

Անհրաժեշտ են բազմաթիվ քննարկումներ փոքր խմբերում հրավիրված փորձագետների հետ (քաղաքագետներ, միջազգային իրավաբաններ, դիվանագետներ) հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ:

V. Լինել երկրի ակտիվ և ազնիվ քաղաքացի. փորձել արտահայտել և պաշտպանել սեփական դիրքորոշումը

Մեր հասարակություններում մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ հակամարտությունը կարգավորելու հարցում անձամբ իրենցից ոչինչ կախված չէ, և որ իրենք չեն կարող որևէ կերպ ազդել իրենց կառավարությունների որոշումների վրա։ Մինչդեռ այս հակամարտության զոհերը մեծամասամբ հասարակության սովորական անդամներն են։

Անձի ակտիվ դիրքորոշումը ազդում է երկրի քաղաքացիական հասարակության և հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Առանց ակտիվ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու՝ ղեկավարությունը կանգնած է չվերընտրվելու վտանգի տակ։ Սեփական դիրքի ակտիվ պաշտպանությունը կարող է հանգեցնել երկրի ղեկավարության կողմից որոշումների կայացման վրա ազդելու։ Քաղաքացիները պետք է իմանան իրենց իրավունքները և չպետք է զոհաբերեն իրենց իրավունքները՝ հանուն իշխանությունների շահերի։ Կառավարությունը պարտադրված է հաշվի առնել քաղաքացիների իրական ցանկությունները.

Ոչ ֆորմալ կրթության միջոցով անհրաժեշտ է զարգացնել քաղաքացիական հասարակությունը։ Կրթական նախագծերի միջոցով ներդնել ժողովրդավարական արժեքներ և մարդու իրավունքների մասին գիտելիքներ՝ տեղեկացնելով մարդու իրավունքների, սահմանադրության, պետական կառավարման մեջ անհատների դերի և դրա առավելությունների մասին:

VI. Կառուցել «վստահության կամուրջներ» հավասարների միջև/ հավասար պայմաններով երկխոսության միջոցով

Անհնար է կառուցողական երկխոսություն կառուցել, եթե հակամարտության կողմերից մեկը միշտ գործում է ուժի դիրքերից՝ «պարտադրելով» խաղաղություն իր պայմաններով։ Ցանկացած ճնշում, բռնություն վաղ թե ուշ կառաջացնի հակազդեցություն, ինչը նշանակում է, որ դա հղի է նոր ռազմական բախումներով։ Քաղաքական շահարկումը մշտական վտանգ է ներկայացնում խաղաղ գործընթացի համար։ Պատերազմի պատճառով մեր հասարակությունների միջև շփում գրեթե չկա։ Հաղորդակցության այս բացակայությունն ավելի է օտարացրել հասարակությունները միմյանցից:

«Վստահության կամուրջների» կառուցման և կառուցողական երկխոսության միջոցով կարող է սկսվել թշնամու կերպարի հաղթահարման, փոխադարձ հանդուրժողականության, փոխըմբռնման և տվյալ տարածքում ապրող էթնիկ խմբերի մշակութային միջավայրի նկատմամբ հարգանքի աստիճանական գործընթաց:

Կապեր ստեղծելու փորձը կլինի առաջին քայլը ապագա հնարավոր խաղաղ համաձայնագրերի իրականացման հիմքեր ստեղծելու համար: Իրական շփումը կօգնի նվազեցնել ատելության և ագրեսիայի աստիճանը։

Կարևոր է չեզոք տարածքում ուղիղ կապի և թեմատիկ հանդիպումների հարթակներ ստեղծելը, ինչպես նաև համատեղ նախագծերի հնարավորություններ փնտրելը։

Անհրաժեշտ է երկխոսություն հաստատել անվտանգության (պետությունների և անհատների), մարդու իրավունքների, ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերի շուրջ՝ հումանիտար և միջազգային իրավունքի ոլորտում։ Կարևոր կլինի ստեղծել գաղափարների փոխանակման ընդհանուր հարթակ և կազմակերպել երկխոսության հանդիպումներ տարբեր մասնագետների, ինչպես նաև հակամարտությունից տուժած մարդկանց խմբերի միջև, անց կացնել խմբային և պանելային քննարկումներ և կոնֆերանսներ:

VII. Հաստատել մշակութային կապեր

Երկու երկրների անկախացումից հետո շփումները սահմանափակվել են հակամարտության պատճառով։ Մշակութային կապերի կառուցումը կարող է հաղթահարել նման օտարումը՝ թույլ տալով բացել երկխոսության ուղիներ մարդկանց միմյանց ավելի լավ ճանաչելու համար։

Դրան կարելի է հասնել՝ համատեղ կերպով կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր նկարահանելով, գեղարվեստական պատմություններ գրելով, երաժշտական և պարային տեսահոլովակներ ստեղծելով և այլն։

VIII. Բարձրացնել բնակչության մեդիագրագիտությունը՝ քարոզչությունը ճանաչելու համար

Քարոզչությունը խոչընդոտ է հասարակությունների ներսում իրական իրավիճակի բացահայտման համար։ Լրատվամիջոցներում լուրերի զգալի մասը քարոզչություն ու կեղծիք է։ Հաճախ մարդիկ կարդում և հավատում են լրատվամիջոցներին՝ առանց լուրերի աղբյուրները ստուգելու, առանց հասկանալու իրական լուրերի և կեղծ լուրերի տարբերությունը։

Քարոզչության ազդեցությունը կարելի է նվազեցնել մեդիա գրագիտության բարձրացմամբ: Այս ուղղությամբ ցանկալի է անցկացնել մեդիագրագիտության վերաբերյալ վերապատրաստումներ, տարածել թեմատիկ նյութեր։

IX. Դիմակայել ատելության խոսքին համացանցում

Համացանցում ատելության մթնոլորտը չի արտացոլում երկրների իրական իրավիճակը և վերաբերմունքը մյուս կողմի նկատմամբ։ Փոխադարձ ատելությունը հատկապես սերմանվում է համացանցային տարածքում։ Սոցիալական ցանցերը նմանվում են վիրտուալ մարտադաշտերի՝ ազգայնական ու շովինիստական ելույթներով ինչպես տեղեկատվական նյութերում, այնպես էլ դրանց մեկնաբանություններում։ Ատելության այս խոսքը սնում է նոր սերունդներին նույն թշնամական ոգով և հետաձգում է խաղաղության հեռանկարը: Շատ դեպքերում մարդիկ չեն գիտակցում, այն ազդեցությունը, որ իրենց վրա թողնում է ատելության խոսքը կարդացած նյութում։

Աշխատանքային առաջարկություններ

  1. Շարունակել այս առաջարկությունների հավաքագրման ուղղությամբ նախաձեռնված աշխատանքները և մասնակիցներին ծանոթացնել մյուս կողմի արդյունքներին՝ քննարկելով դրանց տարբերություններն ու նմանությունները։
  2. Մշակված ընդհանուր առաջարկությունների հիման վրա քննարկել հաջորդ քայլերը փոքր  (մինչև 10 հոգի) երկխոսության խմբերում։
  3. Անցկացնել վերապատրաստումներ (յուրաքանչյուր երկրի խմբերում՝ առանձին) հաղորդակցման հմտությունները բարելավելու ուղղությամբ, ինչպիսիք են կարծիք հայտնելը, լսելը, բանակցելը և խմբերում աշխատելը (չկենտրոնանալով միայն սեփական առաջարկությունների վրա):

Վերջաբան

Հայկական կողմ․ Մենք անընդունելի ենք համարում արյունահեղությունը և հակամարտությունների ռազմական լուծումը 21-րդ դարում։ Պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ հասարակություններին իրազեկելու առկա միջազգային նորմերի ու իրավունքների, տարածքային վեճերը քաղաքակիրթ, ոչ բռնի մեթոդներով լուծելու հնարավորությունների մասին։ Ի հակադրություն դեմոնիզացման և մեր երկրներում հասարակությունների արմատականացման, մենք պետք է փորձենք կառուցել «վստահության կամուրջներ» կառուցողական երկխոսության միջոցով։ Սակայն որպեսզի այդ քայլերը հնարավոր դառնան, անհրաժեշտ է դադարեցնել ագրեսիվ գործողությունները և հարգել մարդկանց տարրական իրավունքները։

Ադրբեջանական կողմ․ Երկու ժողովուրդների միջև առկա հակամարտության կարգավորումը կարևոր խնդիր է։ Դա անելու համար մեր հասարակությունները պետք է սովորեն հասկանալ միմյանց և հնարավոր դարձնել համակեցությունը: Հարավային Կովկասում իրական զարգացումը, բարգավաճումը և անկախ պետականաշինությունը չեն կարող ավարտվել՝ առանց միջազգային իրավական նորմերին և սկզբունքներին համապատասխան արդար խաղաղության հասնելու։ Մեր ժողովուրդները պետք է ձերբազատվեն հակամարտության այս շղթայից և շարժվեն դեպի խաղաղ ու բարի հարևանությամբ ապագա։

Հարկ է նշել, որ այս առաջարկությունները պատրաստվել են առանց Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների մասնակցության և արտացոլում են երկու կողմում անցկացվող միջոցառումներին խմբի մասնակիցների հնչեցրած կարծիքները։